Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 09,2000 00:00

Ի՜ՆՉ ԴԺՎԱՐ Է, ՀԱՐԳԵԼԻ ԴԱՏԱԽԱԶ Հուլիսի 11-ին «Առավոտում» տպագրվեց ՌԴ քաղաքացի Ռաֆիկ Գալոյանի նամակը («Դատախազը փորձեց վաճառել օրենքը»), որտեղ նամակագիրը պատմում էր, թե իր որդուն՝ (նույնպես ՌԴ քաղաքացի) Արսենին, ինչպես են ձերբակալել, ինչպես է նա իր երակները կտրել քննիչի սեղանին դրված ածելիով, թե ինչ «հիմքերով» էր Արսենը տեղափոխվել թիվ 1 մեկուսարան, թե ինչպես էր գողության մեղադրանքով նա դատապարտվել 3 տարի 6 ամիս ազատազրկման։ Ռ. Գալոյանը հանդգնել էր թթու խոսք ասել դատախազ Վ. Շահինյանին, որը իր բողոքներից եւ ոչ մեկին չէր պատասխանել։ Մի քանի օր անց հետեւեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազ Վ. Շահինյանի պատասխանն «Առավոտում» («Դատախազն օրենք չի վաճառում»)։ Դատախազը «զրպարտության բնույթ կրող ակնհայտ սուտ հերյուրանքներ» որակեց «պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք վաճառելու համար դատապարտված հոդվածագրի» գրածը։ Ուղղակի այս դեպքում, իմ ձեռքի տակ եղած փաստաթղթերով, չեմ կարող չմիջամտել այս կարգի հերյուրանքին։ 1989թ. հուլիսի 3-ի գերագույն դատարանի պլենումի որոշմամբ, ավտոլիցքավորման կայանների վարչության վարորդ-լիցքավորող Ռ. Գալոյանի գործը, որը մեղադրվել էր բենզինի ապօրինի ձեռքբերման (720 ռուբլի «շահ ստանալու նպատակով»), պահեստավորման համար, բեկանվել է, գործը կարճվել՝ ապացույցների անբավարարության պատճառով։ Ավելին, Ռ. Գալոյանի նկատմամբ կիրառվել է «Ապօրինի գործողությունների հետեւանքով քաղաքացուն պատճառված վնասը հատուցելու մասին» նախկին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը (1981թ. մայիսի 18)։ Վերականգնվել է Ռ. Գալոյանը նախկին աշխատանքում, տրվել է նյութական փոխհատուցում։ Սա՝ «դատապարտված» հոդվածագրի մասով։ Չնայած, եթե մարդը դատապարտված էլ լիներ, ի՞նչ է, պարոն դատախազի կարծիքով խոսելու, իր կարծիքն արտահայտելու հնարավորություն չպիտի՞ տրվեր նրան։ «Մյուս կողմից էլ, ոտնահարելով բարոյականության բոլոր չափանիշները, իր երրորդ որդուն՝ Վլադիմիր Գալոյանին դրդել է ներկայանալ քննչական բաժին եւ հայտնել, որ կողոպուտը կատարել է ոչ թե եղբայրը, այլ ինքը»։ Հիմա էլ մեջ բերեմ (ոճին ուշադրություն չեմ ուզում դարձնել) հունիսի 15-ի (այս տարվա) ՆԳ բաժին բերման ենթարկելու մասին արձանագրությունը (Ա. Վարդանյան, Վ. Գինոյան ստորագրություններով), որտեղ գրված է. «Քաղաքացի Վլադիմիր Գալոյանը ՆԳ բաժին բերման է ենթարկվել կողոպուտ կատարելու կասկածի տակ»։ Ի՞նչ է, դատախազը չգիտե՞ր, որ Վ. Գալոյանը ՆԳ բաժին անձամբ չի ներկայացել (ներկայանալու փորձ էլ չի արել), այլ բերման է ենթարկվել։ Ի դեպ, ժ. 15-ին, Տերյան փողոց 105 հասցեի «մոտից»։ Ինչ վերաբերում է «հոր հանցավոր օրինակին»՝ երակ կտրելուն հետեւելուն, իմիջիայլոց նշեմ, որ նման այլանդակ օրինակների համահեղինակությունը կարող են վիճարկել թե՛ ՆԳ բաժինները, թե՛ դատախազության երեւելիները։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել