Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 10,2000 00:00

ԱՐԴՅՈՔ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆՆ ԱՌԱՋԻ՞Ն ԱՆԳԱՄ ԷՐ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԻՐ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻՑ «Առավոտին» հասած որոշ տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջման փորձի «դրդիչների, աջակցողների եւ կազմակերպիչների» վերաբերյալ իր ցուցմունքներից հրաժարվելու փորձեր էր արել նաեւ մինչեւ ներիշխանական ուժերի հարաբերակցության փոփոխությունը։ Սակայն նախ հարկ է նշել, որ մեր հարցին ի պատասխան զինդատախազությունից հերքեցին, թե Նաիրի Հունանյանը մինչ այդ էլ էր դիմել այդ քայլին. «Նման փաստեր չկան, որ նա հրաժարված լինի իր ցուցմունքներից»։ Սակայն հաստատեցին այն փաստը, որ Նաիրի Հունանյանը նշել էր ամառվա սկզբին բարձրաստիճան տարբեր այրերին ուղղված իր հայտարարության մեջ, թե դեռ 1999-ի նոյեմբերի 16-ին հանդիպելով գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի հետ՝ նրան է հանձնել իր 4 դիմումները։ Ակնարկվում է, թե դրանք էլ նույն բովանդակությունն ունեին, ինչ Նաիրի Հունանյանի հետագա հայտարարությունները, թե դեռ քննության առաջին օրերին է ինքը քննիչներին փորձել հավաստիացնել, որ իրենց ետեւում որեւէ անձ կամ ուժ չի եղել, եւ հակառակի վերաբերյալ ցուցմունքները բռնարարքների հետեւանք են։ Այս դիմումների մասին անուղղակի կերպով վկայել էր նաեւ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանը։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդամները մարտի սկզբին մեկուսարանում հանդիպել էին Նաիրի Հունանյանին։ Մեջբերենք հունիսի 22-ի «Առավոտում» Վարդան Հարությունյանի հարցազրույցից. «Մինչեւ մեր այցելությունն էլ արդեն դիմում էր գրել գլխավոր դատախազին եւ ասաց մեզ այդ մասին։ Այդ դիմումը մնացել էր անհետեւանք»։ 1999 թ. նոյեմբերի 26-ին, ըստ Նաիրի Հունանյանի վերոհիշյալ հայտարարության, ինքը փորձել էր բացարկ հայտնել զինդատախազին եւ քննչական խմբին (նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով, նա նոյեմբերի 25-ին էր Ալեքսան Հարությունյանի դեմ ցուցմունք տվել), դիմում գրել, որը, սակայն, նույն օրը երեկոյան տեսել էր ճմրթված վիճակում։ Այսուհանդերձ, նրան հաջողվել էր թաքցնել այդ դիմումի մի պատառիկը։ Եվ արդեն այս տարվա մայիսին այդ կես դիմումը Նաիրի Հունանյանը փոխանցել էր քննիչներից մեկին։ Քանի որ այս փուլում քննչական խումբը համալրվել էր գլխավոր դատախազության քննիչներով, կարելի է ինչ-որ չափով հավատ ընծայել այն պատասխանին, որ այս պատմության առնչությամբ ստացանք զինդատախազությունից, թե տեղյակ չեն այդ ինչ դիմում է։ Մեզ հաջողվեց ինչ-ինչ տեղեկություններ հայթայթել այդ դիմումի վերաբերյալ, որն ուղղված է եղել գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին։ Նաիրի Հունանյանն այստեղ նրան հիշեցրել է Ռոբերտ Քոչարյանի այն խոստումը, թե իրենց նկատմամբ բռնություններ չեն կիրառվելու։ Մինչդեռ, ըստ իր պնդման, նախաքննության հենց սկզբից իր նկատմամբ ուժ է կիրառվել։ Այդ դիմումի մեջ նաեւ կարծես ինչ-որ ազգանուններ են եղել, թե ովքեր են բռնություն կիրառել։ Հարկ է հստակեցնել, որ չեմ կիսում այն «քնքույշ», հոգատար վերաբերմունքը, որ շատերը կարծես տածում են այս մարդասպանների նկատմամբ եւ բարոյականության եզրից անդին եմ համարում այն ախուվախը, որ հնչում է նրանց մազին դիպչելու առիթով։ Բայց այլ խնդիր է ծեծի միջոցով կեղծ ցուցմունքներ պարտադրելը։ Եվ հենց այդ մասին է Նաիրի Հունանյանն այս պատռված դիմումում վկայել գլխավոր դատախազին, որ իրեն բռնարարքների միջոցով «մղել են» կեղծ ցուցմունքների։ Նույնը Նաիրի Հունանյանն ասել էր նաեւ իրեն այցելած Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներին։ Եվ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, նաեւ գրառել Պարույր Հայրիկյանի նոթատետրում, որ իրեն ստիպել են Ալեքսան Հարությունյանի դեմ կեղծ ցուցմունքներ տալ եւ թույլ չեն տալիս ասել ճշմարտությունը։ Նաիրի Հունանյանը նաեւ գրել էր, թե դատարանում կասի ճշմարտությունը, բայց եթե մինչ այդ իրեն ինչ-որ բան պատահի՝ կուզենար, որ տեղյակ լինեին այս ամենի մասին։ Ճիշտ է, մենք ականատես ունենք, որ տեսել է այդ գրությունը, այսուհանդերձ մեջբերվածի իսկությունը պարզելու համար դարձյալ դիմեցինք Վարդան Հարությունյանին, չնայած նա դեռ մեր նախորդ զրույցի ընթացքում էր հպանցիկ ասել, որ իրենց հանդիպման ժամանակ Նաիրի Հունանյանը փորձել էր գրություն փոխանցել նորից նույն բովանդակությամբ, թե ինքը ցուցմունքներ է տվել բռնարարքների հետեւանքով։ Այժմ Վարդան Հարությունյանը բացեց փակագծերը այդ հանդիպման վերաբերյալ. «Նախ, ես նրան հարցրի, թե քո նկատմամբ կիրառվող խոշտանգումների մասին խոսակցությունները ճի՞շտ են։ Պատասխանեց. «Էդ մասին էլ կխոսենք»։ Ավելի ուշ ես սկսեցի ինչ-որ մտքեր արտահայտել եւ օգտվելով առիթից, որ ինքը չի խոսում՝ Նաիրին սկսեց Պարույրի կողքը՝ սեղանին դրած թղթերի վրա գրառումներ անել։ Մինչ այդ մենք արդեն խոսել էինք խոշտանգումների մասին։ Երբ արդեն ավարտվեց մեր զրույցը ու դուրս եկանք՝ Պարույրին հարցրի, թե ի՞նչ էր գրել։ Պատասխանեց, թե մեր նույն խոսակցությունն էր։ Նաիրին խուսափեց բարձրաձայն արտահայտել, որ իրեն ստիպել են տալ կեղծ ցուցմունքներ եւ միայն գրեց այդ մասին»։ Ուշագրավ է նաեւ այն ներքին վստահությունը, որ Վարդան Հարությունյանի մոտ ձեւավորվել էր այս հանդիպումից հետո. «Ես միշտ խորապես համոզված էի, որ նա պատրաստվում է դատարանի դահլիճում հրաժարվել կեղծ ցուցմունքներից։ Նա չէր պատրաստվում դա անել նախաքննության փուլում, քանի որ չէր կարծում, թե կունենա այդ հնարավորությունը։ Դա ակնհայտորեն զգում էի նրա խոսքից, արտահայտություններից»։ Հայաստանի բարձրաստիճաններին ուղղված իր այդ հայտարարության մեջ էլ Նաիրի Հունանյանը նշել էր, թե կեղծ ցուցմունքներից հրաժարվել է այն ժամանակ, երբ զգացել է, որ արդեն հնարավոր է եւ դրան հաշվեհարդար չի հետեւի, բայց, անկախ ամեն ինչից՝ դա անելու էր դատարանում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել