Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 12,2000 00:00

«Վանո+Ալիկ+գեներալնե՞ր» Գլուխկոտրուկ Հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջման փորձի կատարողները սկսել են հայտարարություններ անել, թե ինչի հետեւանք են նախորդ շրջանում իրենց տված ցուցմունքները։ Գուցե այդ բացատրություններն իրոք հեռու չեն ճշմարտությունից, իսկ հնարավոր է նաեւ, որ նրանք ուղղակի փորձում են արդարանալ՝ հաշվի առնելով տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները։ Այսուհանդերձ, կարծում ենք, հետաքրքրական է եւ կարելի է ի գիտություն ընդունել այն պատմությունը, որ Կարեն Հունանյանը ներկայացրել է Վանո Սիրադեղյանին առնչվող իր ցուցմունքները բացատրելու համար։ Ըստ այդմ, նրան հունվարի վերջին պարտադրվել է, որ ԱԱՆ մեկուսարան վերադառնալուց մի քանի օր հետո քննիչ կանչի եւ հայտնի, թե իբր Վանո Սիրադեղյանն ու որոշ գեներալներ են կանգնած իրենց թիկունքում եւ թե իբր այդ մասին իրեն ասել է Ալեքսան Հարությունյանը։ Հետո, ըստ Կարեն Հունանյանի վկայությունների, երբ իրեն տարել են զինդատախազություն՝ Գագիկ Ջհանգիրյանն ասել է, թե չի հավատում այդ ցուցմունքներին եւ դրանք իրեն սովորեցրել են ԱԱՆ-ում։ (Մինչդեռ մեզ հաջողվեց պարզել, թե ԱԱՆ-ի մասին խոսք չի եղել, բայց զինդատախազն իրոք ասել է, թե չի հավատում, ինչը հետո եւ ապացուցվել է քննությամբ՝ որ այդ կեղծ ցուցմունքը թելադրանքի հետեւանք էր)։ Հաջորդ օրն էլ են Կարեն Հունանյանին զինդատախազի մոտ տարել, բայց մինչ այդ իբր պարտադրել են, որ Ջհանգիրյանի, քննչական խմբի ղեկավար Արտակ Հարությունյանի եւ Նաիրի Հունանյանի ներկայությամբ հայտնի իրենց ասածը, սպառնալով, թե այլապես եղբայրը կարող է պատուհանից ցած նետվել։ Եվ իբր տեղի տալով այդ սպառնալիքի առջեւ, Կարեն Հունանյանն ասել էր թելադրածը, թե իրեն ԱԱՆ-ում են պարտադրել Վանո Սիրադեղյանի մասին ցուցմունքներ տալ։ Ի դեպ, համանման ցուցմունք՝ «Վանո+Ալիկ+գեներալների» մասին տվել էր նաեւ Նուբարաշենի մեկուսարանում գտնվող Դերենիկ Բեջանյանը, բայց հետո ճիշտ նույն պատճառաբանությամբ հրաժարվել՝ թե իրեն պարտադրել են այն։ Հիշեցնենք, որ այս լուրերը հասել էին նաեւ Վանո Սիրադեղյանին եւ նա «Ա1+»-ի «Հետգրություն» ծրագրին տված հարցազրույցում ասաց այդ մասին։ Հետագայում նման օպերատիվ տվյալների առկայությունը, որ ինչ-որ մարդիկ են մուտք գործել ԱԱՆ մեկուսարան եւ մահվան սպառնալիքով մեղադրյալներին ստիպել, որ ցուցմունքներ տան վերջին 10 տարիներին Վազգեն Սարգսյանի մերձավոր զինակիցների դեմ՝ ասուլիսում հաստատեց նաեւ Գագիկ Ջհանգիրյանը։ Մինչդեռ Կարեն Հունանյանն այժմ հայտարարում է, թե հենց իրենք էլ իրեն պարտադրել էին։ Սակայն որ դա ԱԱՆ-ի թելադրանքն է՝ իր իսկ վկայությամբ, Կարեն Հունանյանը ստիպված կրկնել ու խոստովանել էր զինդատախազի աշխատասենյակում՝ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի եւ ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանի ներկայությամբ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել