Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ է՝ տատիկին բան չէր եղել…

Հունվար 09,2001 00:00
xosrov harutyunyan

Չգիտես ինչու, մեզ թվում է՝ ամբողջ աշխարհի դարդը կտրել է ու սրտի թրթիռով է սպասում, թե երբ եւ ինչպես են հայերը նշելու Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակը։ Աշխարհը թե ինչ ու ինչպես գիտի Հայաստանի մասին՝ մեզ հիմա ավելի քիչ է հուզում. աջ ու ձախ շաղ ենք տալիս, իբր սաղ աշխարհը մեր տոնակատարություններին է սպասում։

Գոնե այդպես է մտածում նաեւ Խոսրով Մելիքիչը (Հարությունյան)՝ Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունների կուրատորը։ Թե ինչպես էր Քրիստոնեության 1700-ամյակին եւ այդ տոնակատարություններին վերաբերվում Խոսրով Մելիքիչը, դեռ անցյալ դարավերջից՝ 2000թ. վերջերից մնացած մի զավեշտական դեպք է լավ բնութագրում։

Գերմանացի մի գրականագետ հանդիպել էր Խոսրով Մելիքիչին՝ արեւմտյան գրականագետների ու գրողների մասնակցությամբ մի նախագծի առնչությամբ՝ 1700-ամյակի շրջանակներում։ Խոսրով Մելիքիչը գերմանացի գրականագետի առաջարկին ի պատասխան ասել էր, թե ինքը (այսինքն՝ նաեւ իր ղեկավարած հանձնաժողովը) այդ նախագծի մասին որեւէ պատասխան չեն կարող տալ, մինչեւ Հռոմի պապը չգա Հայաստան։ Գերմանացին էլ էր զարմացել, թե ի՞նչ կապ ունի իրենց առաջարկած նախագիծը Հռոմի պապի գալու կամ չգալու հետ… Մեղավորը Խոսրով Մելիքիչը չէ, այլ Խոսրով Մելիքիչին դա վստահեցնողը… Ահա այսպես։ Եթե չասենք բոլորին, ապա շատերին էր այս օրերին հետաքրքրում, թե ի վերջո որքա՞ն գումար ծախսվեց եւ դեռ կծախսվի այդ տոնախմբություն ասվածի վրա։ Գլուխ են գովում՝ տեսեք, աշխարհում չտեսնված լուսային էֆեկտներ են բերել. ցավոք միշտ էլ հենց միայն էֆեկտի մասին է մեզ մոտ մտածվում, էն էլ կազմակերպիչների բախտից մառախուղ եկավ։ Խոսրով Մելիքիչը եւ Արմեն Մազմանյանը արդարանալու լավ միջոց ձեռք բերեցին՝ կասեն մառախուղը «պրավալ տվեց»։ Իսկ պայմանական կույսե՞րը, կամ Տիգրան Մեծն ի՞նչ կապ ունի Քրիստոնեության հետ, հապա իբր խոզանման կենդանի դարձած Տրդատը, խաչն էլ կաթոլիկ… ու ընդհանրապես կա՞ր որեւէ իդեա, խնդիր…

Ազգային եւ ընդհանրապես հայկական բոլոր հեռուստաալիքները նույնիսկ առանց ձայնի չէին նայվում՝ նույնունույն դեմքերը՝ շնորհավորական տեքստերը, էլ մարդ չկա՞, էլ ուրիշ մշակույթի գործիչներ չկա՞ն այս երկրում, կամ ուրիշ տեղ չկա՞ր իրենց քեֆ-ուրախության, ճռճռան իրար գովաբանող ճառերն ասելու համար, որ դա արեցին Փարաջանովի թանգարանում։ Էլ ուրիշ գործարար չկա՞, բացի հայտնի կոնֆետ բաժանողից… Ինչպես մտածում ենք աշխարհի մասին, մեր ու աշխարհի հարաբերության, եւ աշխարհի՝ մեր նկատմամբ վերաբերմունքի մասին, այդպես էլ ինքներս մեզ հետ ենք վարվում։ Օրը քանի անգամ ազգովի լսում էինք գյումրեցի էն ընտանիքին, որն Ընտանեկան լոտոյով 12 մլն դրամ էր շահել։ Նույնիսկ հարեւաններին էինք ստիպված լսել, որ 12 մլն շահած հարեւանների ուրախության ճիչերը լսելով, մտածել են՝ կարող ա՞ տատիկին մի բան ա էղել…

Այսպես մուտք գործեցինք նոր հազարամյակ։ Ու լավ է գոնե տատիկին բան չէր եղել…

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031