Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացին կարգ ու կանոն է ուզում

Հունվար 10,2001 00:00
alaverdi

Ալավերդի քաղաքում վերջին տասը տարիների ձեռքբերումը 550 աշխատատեղ ապահովող «Մանես-Վալեքս» ՓԲԸ-ն է եւ շուրջ 300 առեւտրական մանր կետեր։ Ալավերդու 6 հազարից ավելի գործազուրկներից յուրաքանչյուրի համար գերագույն երջանկություն է ընկերությունում աշխատելը։ Աշխատատեղերի աճի նման ցուցանիշներով ալավերդցիները իրենց զբաղվածության խնդիրները լուծված կտեսնեն առնվազն մեկ դար հետո։ 6-7 տարի է՝ սեփականաշնորհված է, սակայն ամուր փակված են Ալավերդու տեքստիլ ֆաբրիկայի, պանրագործարանի, կոնդենսատորների ու գարեջրի գործարանների դռները, դադարեցված ու թալանված են կարի արտադրական միավորումը, թեեւ պահպանված են գործարկման հնարավորությունները։

Տարիներ շարունակ գործազուրկները պահանջում են կամ աջակցել դրանց աշխատելուն, կամ էլ անկարող սեփականատերերից ետ գնել այն, փող ու տաղանդ ունեցող այլ ձեռնարկատերերի վերավաճառելու համար։ Սեփականաշնորհված եւ 5 տարուց ավելի է ամուր փակված են Ալավերդու հանրախանութի հսկա շենքի դռները, երբ առեւտրականները «Հայպեչի բազարում» կենցաղային հսկա աղբակույտերի հարեւանությամբ, երբեմն շուկայի կենտրոնով հոսող կոյուղու կեղտաջրերի վրա են կատարում առեւտուրը։

Տնտեսությունը արգելակող լուրջ հիմնախնդիրներ կան Թումանյանի տարածաշրջանի համայնքներում, որտեղ հատկապես գյուղական համայնքների գյուղացիները, ոչ ավել, ոչ պակաս, մի խնդրանք ունեն երկրի նախագահից՝ կարգ ու կանոն հաստատել տեղական գործադիր իշխանություններում։ Այստեղ էլ այնքան աջակցելը չի կարեւորվում, որքան չխանգարելը։ Արդեն մի քանի տարի է՝ հանրապետության մամուլը անդրադառնում է Լոռու մարզի Ճոճկան գյուղի «Լալվար-Ճոճկան» ջրատարի խայտառակ պատմությանը, ի դեպ, ջրատարը 1998-ին բացել է նախագահ Քոչարյանը։ Թեեւ միլիոնավոր գումարների ծախսումներին, գյուղացիները ջուր չեն ստանում։

Աքորում էլ արդեն շուրջ հինգ տարի գյուղացիները կռիվ են տալիս գյուղապետի եւ նրա տեղակալի հետ։ Վերջինիս հետ գյուղացիները, կամ նա գյուղացիների հետ հարցեր լուծում է ոստիկանության, դատախազության եւ դատարանի միջոցով։ Այս տարի Լոռու առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրում Աքորից նմանօրինակ 11 հայց է լսվել։ Գյուղի 701 հա արոտավայրից գյուղապետն ու տեղակալը ինքնակամ 350 հա, որպես տնամերձ ու խոտհարք, տվել են իրենց մերձավորներին։ Գյուղացիները պահանջում են կամ վերադարձնել 350 հա արոտավայրը, կամ էլ փոփոխություններ կատարել իրենց պայմանական անասունի հարկավճարում։ Նրանք հրաժարվում են չօգտագործած արոտավայրերի համար 3000 դրամ հարկ վճարելուց։

ԼԱՐԻՍԱ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ

ՀԺԿ Թումանյանի տարածքային կազմկոմիտեի քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031