Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային արժեքների առանձնահատկությունը

Հունվար 23,2001 00:00
Toto

Կամ արդյո՞ք Ցեղասպանությունն ազգային արժեք է

Ազգային մենթալիտետ ասվածը հզոր բան է, շա՜տ հզոր։ Այնքան հզոր, որ մեր արած լավն ու վատը վերագրում ենք ազգային մենթալիտետին, համարում «ձեռքներս լվացած» ու քաշվում մի կողմ։ Ու նույն մենթալիտետով էլ ձեւավորում ենք ազգային արժեքներ, որոնք երբեմն ազգային խայտառակությունից քիչ բանով են տարբերվում։ Սահմանագիծ քաշելը բարդ է. շա՜տ միահյուսված են իրար, եզրերը չեն տարբերվում։ Օրինակ, ինչպե՞ս եւ ի՞նչ տրամաբանությամբ կարելի է տարբերակել՝ նախագահական նստավայրի եւ ԱԺ շրջակայքում կուտակված աղբի գունեղ եւ գարշահոտ զանգվածը արժե՞ք է (որպես սյուրռեալիստական արվեստի գործ), թե՞ խայտառակություն։ Իսկ մտավոր ունակություններով եւ արտաքինով մարդու՝ նախամարդուց (ըստ Դարվինի) շատ քիչ տարբերվող քաղաքական ու պետական գործիչնե՞րը, ո՞վ են նրանք մեզ համար՝ հպարտությա՞ն, թե՞ ամոթի աղբյուր։

Չէ՛, ամեն դեպքում մեր մենթալիտետն ուրիշ է։ Ինչպես մնացած ամեն ինչը։ Մեր մարմնավաճառ կանայք՝ կանաչադեղնակարմրասեւ մազերով, անփույթ նկարչի ներկապնակ հիշեցնող դեմքով եւ վաղուց արդուկի եւ լվացքի կարիք ունեցող սպիտակեղեն հիշեցնող մարմիններով, իհարկե, ուրիշ են։ Ուրիշ են նաեւ մեր տղամարդիկ, ովքեր օգտվում են այդ կանանց ծառայությունից։ Որեւէ այլազգի տղամարդ ինքը փող կխնդրեր կամ կպահանջեր՝ նման կնոջ հետ որեւէ կապի մեջ մտնելու համար, եւ ոչ թե կվճարեր։ Ինչո՞վ ազգային արժեք չեն այն դույլերը, որոնցով մայրաքաղաքի տարբեր թաղամասերում մոտակա աղբյուրներից ջուր են կրում քսանմեկերորդ դարի կանայք։ Արժե՛ք են։ Իսկ աղբամաններից սնունդ հայթայթող ծերուկներն արժե՞ք են, թե՞ խայտառակություն։ Իսկ «աշխարհի ամենաանկաշառ» դատական համակարգը մեր ազգի համար արժե՞ք դարձավ, թե՞ խայտառակություն։ Ու որպեսզի, ի վերջո, պարզենք՝ մեր հայրենակիցները ի՞նչը կամ ո՞ւմ են ընդունում որպես ազգային արժեք, զինվեցինք ձայնագրիչներով ու դուրս եկանք Արշակունյաց պողոտա։

– Իմ համար ազգային ու համամարդկային արժեք է քրիստոնեությունը. մեր առաքելական եկեղեցին, մեր կաթողիկոսը։ Եվ ով ինչ վատ բաներ ուզում է ասի, գրի, միեւնույն է՝ մեր ազգը մեր եկեղեցիով ու մեր լեզվով է կանգուն, ուրեմն դա է մեր ազգային ամենամեծ արժեքը (Սիմոնյան Մարիանա, 40 տարեկան, նախկին ինժեներ)։

Կարդացեք նաև

– Ասե՜մ, ասեմ քեզ, բալիկ ջան։ Շատ ազգային արժեքներ ունեինք՝ մեր կոնյակի գործարանը, օրինակ։ Ի՞նչ արեցին, ծախեցին։ Այո՛, ծախեցի՛ն։ Ես կասեի դաժը՝ չծախեցին, է՜, նվիրեցի՛ն։ Էլ ի՞նչ ասեմ, արժեքը խայտառակություն դարձրին, պրծան (Վլադիկ Գրիգորյան, 68 տարեկան, թոշակառու)։

– Դուք ի՞նչը նկատի ունեք։ Գերբը, դրոշը, հիմնը, պրեզիդենտի՞ն։ Ո՞չ։ Բա ի՞նչը։ Ա՛յ ազիզ ջան, ի՜նչ արժեք, ի՜նչ բան։ Էս երկրում մի հատ կաուչուկ ու մի հատ մոլիբդեն ունեինք, հիմա, ինչքան գիտեմ, դրանք ծախել են, կամ էլ թե չէ՝ չեն աշխատում։ Շա՞տ եմ իմանում (Սերգուշիկ Մաթեւոսյան, 23 տարեկան, ուսանող)։

– Այո՛, իհարկե ունենք։ Օրինակ, մեր Մատենադարանը, մեր Հայ դատի պահանջը, մեր Սարյանը, Կոմիտասը, դաշնակցական կուսակցությունը, մեր կորցրած հողերը, մեր Մասիսն ու Արաքսը։ Ազգային արժեք չեն՝ բա ի՞նչ են (Սերոբյան Շանթ, 38 տարեկան, բանաստեղծ, «Ճիշտ ա՝ չեմ տպվել, բայց հոգովս բանաստեղծ եմ»)։

– Այ քեզ զուգադիպությո՜ւն։ Մի քիչ առաջ էլ մի ուրիշ լրագրող ինձ հարցնում էր՝ գո՞հ եք ձեր ջրամատակարարումից։ Ասեմ, մեր անմահական ջուրը ազգային արժեք է, մեր նազելի աղջիկներն էլ են ազգային արժեք, մեր Ցեղասպանությունն էլ է ազգային արժեք (Հարությունյան Քաղցրիկ, 45 տարեկան, սննդի օբյեկտի աշխատող)։

Այս վերջին ցնցող արտահայտությունից հետո այլ անցորդների հետ ազգային արժեքներից խոսելու ցանկությունն իսպառ վերացավ։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031