Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ Ո՛Չ ԴԱՇՆԱԿԻՑ, Ո՛Չ ԳՈՐԾԸՆԿԵՐ»

Հունվար 31,2001 00:00
Davit shahnazaryan

Այդպիսին է «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանի տեսակետը:

Պարոն Շահնազարյանը նախ նշեց, որ անհնար է չնկատել ընթացող այնպիսի աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ, ինչպիսիք են կոսովոյան ճգնաժամի արդյունքում թուլացած Եվրամիության՝ որպես աշխարհաքաղաքական կենտրոն, վերակենդանացումը, Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունների ջերմացումը, Եվրոպա-ԱՄՆ հարաբերություններում ձեւավորվող հակասությունները, ինչպես նաեւ՝ Եվրոպա-Իրան հարաբերությունների ակտիվացումը:

Ըստ նրա, որոշակի անվստահության տարրեր են զարգանում Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-Եվրոպա հարաբերություններում (վերջինիս ենթատեքստում Ցեղասպանության ճանաչման գործընթացում Հայաստանը կրկին դառնում է գործիք): Տարածաշրջանային զարգացումների մեկնաբանությունը Դավիթ Շահնազարյանը սկսեց ՌԴ նախագահ Պուտինի Բաքու կատարած պաշտոնական այցի գնահատականներով: «Ռուսաստանը ցույց տվեց, որ մտադիր է էապես ակտիվ քաղաքականություն վարել մեր տարածաշրջանում եւ իր շահերին հետամուտ է լինելու բազմաթիվ ուղղություններով, հատկապես կարեւորելով Ադրբեջանի դերը»,- ընդգծեց նա: Ըստ Շահնազարյանի, այցի կարեւոր արդյունքներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի՝ սեփական նախաձեռնություններ վերսկսելու տրամադրվածության ցուցադրումն է եւ «Կասպից ծովի բանալին» իր ձեռքը վերցնելը:

Հիմնվելով այն փաստերի վրա, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը նախընտրական ելույթներում նշել է Բաքու-Ջեյհան նավթամուղի աննպատակահարմարությունը եւ կարծիք հայտնել, որ կասպիական էներգակիրները պետք է արտահանվեն Ռուսաստանի եւ Իրանի տարածքով, եւ դա չի կարելի համարել զուտ քլինթոնյան ադմինիստրացիայի դեմ ուղղված քարոզչություն, քանի որ արդեն անցած տարվա դեկտեմբեր ամսին Բուշի կողմից ԱՄՆ էներգետիկայի նախարար հայտարարված Սպենսեր Աբրահամը նույն տեսակետն է արտահայտել, որ այդ նույն ժամանակահատվածում Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցումը աննպատակահարմար է գնահատվել նաեւ Կարնեգի ֆոնդի ինստիտուտի զեկույցում, Դավիթ Շահնազարյանը եզրակացրեց, որ ներկայումս մեծ հարցականի տակ է Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցումը: Նա նշեց, որ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, Պուտինի այցի արդյունքների վերաբերյալ Վրաստանի իշխանություններն անթաքույց արտահայտել են իրենց մտահոգությունը եւ արդեն գործնական քայլեր են ձեռնարկում Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար:

Իսկ Պուտինի այցին հաջորդած հայաստանյան արձագանքների վերաբերյալ նա ասաց. «Այն, որ այդ այցին Հայաստանի իշխանությունները հակադարձեցին OPT-ի հաղորդումների կասեցումով եւ իրենց ազդեցության տակ գտնվող հասարակական կազմակերպությունների ու կուսակցությունների բողոքի ակցիաներով, վկայում է, որ Ռուսաստանին իր իսկ պետական շահերը բացատրելու հայկական ավանդական հիվանդությունը ոչ միայն նորից ի հայտ է եկել, այլեւ գնալով սաստկանում է»: Նշելով, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունները երբեք նման անմխիթար վիճակում չեն եղել, Դավիթ Շահնազարյանը ավելացրեց, «պատճառն այն է, որ Հայաստանն արդեն դադարել է տարածաշրջանային գործոն լինելուց»:

Ըստ Շահնազարյանի, մտահոգիչ են նաեւ հայ-վրացական հարաբերությունները: Այսպես. Վրաստանի նախագահ Է. Շեւարդնաձեն անցած տարեվերջին հայտարարեց, թե Վրաստանն ու Ադրբեջանը արտաքին քաղաքականության հարցերում հանդես են գալիս միեւնույն դիրքերից, քանի որ եւ Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքները օկուպացված են: Վրաստանի կողմից նման գնահատական երբեւիցե չէր հնչել: Շեշտելով, որ մեր տարածաշրջանում հակասությունները խորանում են. բախվում են Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների շահերը, նկատելի է նաեւ՝ Վրաստան-Իրան հարաբերությունների անկայունություն, որոշակի անվստահություն է նկատվում ստրատեգիական դաշնակիցներ Վրաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, նա ասաց. «Հայաստանի համար նոր, լայն հնարավորություններ են ստեղծվել, իսկ արտաքին քաղաքականության հայեցակարգ մշակելու անհրաժեշտությունը հետեւողականորեն մերժող ներկայիս իշխանությունների իրավիճակային քաղաքականության արդյունքում Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվել է օբյեկտի:

Պատահական չէ, որ տարածաշրջանային խորացող բեւեռացումը հատկապես բացասաբար է անդրադառնում Հայաստանի վրա. Հայաստանը ոչ միայն զրկվեց իր ռազմավարական եւ մարտավարական դաշնակիցներից, այլեւ կորցրել է իր սակավաթիվ գործընկերներին: Ես սա գնահատում եմ իբրեւ արտաքին քաղաքականության կոլապս եւ անգամ Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությունը այս իմաստով էապես ոչինչ չի փոխում»: (Պրն Շահնազարյանն իր տեսակետը հայտնեց նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որը կներկայացնենք վաղվա համարում):

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031