Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոշիկի տուփ»

Մարտ 09,2001 00:00
koshik

Վերջին շրջանում բազմապիսի խոսակցություններ էին պտտվում դպրոցներում բաժանվող օգնության մասին։ Օգնությունը փոքրիկ տուփեր են, որոնց պարունակությունն անհայտ էր անգամ բաժանողներին (մարդիկ պնդում են, որ մեծ չափի գումարներ են եղել տուփերում՝ 50-1000 ԱՄՆ դոլար)։

Ովքե՞ր էին բաժանողները՝ դա եւս անհայտ էր. շատերն այն կարծիքին էին, որ Առաքելական եկեղեցին է տալիս օգնությունը, մարդկանց մի մասն էլ ասում էր, որ ավետարանչականներն են բարեգործները։

Ճշմարտությունն իմանալու նպատակով դիմեցի քաղաքապետարանի կրթության վարչություն, բայց զուր։ Ասացին, որ տեղյակ չեն, թե ովքեր են բարերարները։

Իսկ խոսակցություններն ավելի ու ավելի հաճախակի էին դառնում, դուրս եկող գումարների չափերը՝ «մեծանում»։ «…Թիվ 161 դպրոցում երեխաներից մեկը հանել է 800 դոլար» (բայց այդ դպրոցում օգնություն չէր տրվել), կամ «մի տուփում եղել է ծերունուց նամակ, որը հանձն է առնում այդ երեխայի հետագա ծախսերը եւ իր ունեցածը կտակում է նրան…» եւ այլն։ Ինչպես ամեն անգամ, այս դեպքում եւս ժողովուրդը մեղադրում էր իշխանավորներին, որ «տարբերություն են դնում դպրոցների միջեւ, մեկին տալիս են, մյուսին՝ ոչ…»։ Երկար փնտրտուքից հետո գտնվեց «անհայտը»։ Կազմակերպությունը կոչվում է «Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ»։ Այն Հայաստանում հիմնադրվել է 1994թ., Լեւոն Պարտագճյանի կողմից։ Վերջինս 10 տարի է, ինչ ընտանիքի հետ ապրում է Երեւանում։ Կազմակերպությունը գրանցված է որպես բարեգործական, համարվում է արտասահմանում գործող բարեգործական կազմակերպության մասնաճյուղը Հայաստանում (կենտրոնը՝ Փասադենա քաղաք, Կանադա)։ «Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայությունները» մասնաճյուղեր ունի մեր հանրապետության տարբեր մասերում՝ Գյումրի, Դիլիջան, Վանաձոր եւ այլուր։

Ստեղծման օրից կազմակերպությունը համագործակցել է նախարարությունների հետ եւ անցկացրել բազմաթիվ ակցիաներ։ Վերջին ակցիան սկսվել էր հունվարին եւ ավարտվեց 1-2 օր առաջ։ Այն կոչվում էր «Կոշիկի տուփ» (երեւի տուփերի չափի պատճառով) եւ հիմնական նպատակը մանկապարտեզների ու դպրոցների երեխաներին նվերներ բաժանելն էր։ Այո՛, նվերներ, որոնք տրվում էին հայտ ներկայացրած խմբերին (օգնություն բաժանելը չի մտնում կազմակերպության ֆունկցիաների մեջ)։

«Կոշիկի տուփ» ծրագրով բաժանվող նվերները, որոնք պատրաստել են երեխաները, ստանում են արտերկրից։ Տուփերի պարունակության մասին կա մոտավոր կարծիք։ Ի՞նչ պետք է դնի երեխան, իհարկե՝ գրենական պիտույքներ, խաղալիք, ատամի մածուկ, խոզանակ, նամակ եւ երբեմն նաեւ դրամ, բայց քիչ։ Իսկ այն թվերը, որ տարածվել են Երեւանում, երեւի ժողովրդի երեւակայության արդյունք են։

Նվերներ ստանալու համար դիմող դպրոցը կամ մանկապարտեզը նշել է երեխաների որոշակի քանակ եւ եթե կազմակերպությունը կարողացել է այդ ժամանակ ունեցածի մեջ տեղավորել նշված թվերը, ըստ այդմ էլ կատարվել է բաշխումը, նվերները բաժանել են կազմակերպության անդամները՝ անախորժություններից խուսափելու համար։ Ակցիայի առաջին փուլում նվերներ են ստացել մեծ թվով դպրոցներ եւ մանկապարտեզներ, իսկ նրանք, ովքեր դուրս են մնացել, հավանաբար կստանան 2-րդ փուլում, որի սկսելու օրը դեռ հայտնի չէ։

ՀԱՍՄԻԿ ՔԵՐՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031