Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՀԱՅՏՆԵԼ ՄԵՐ ԱՐԱԾԻ ՀԱՄԱՐ

Մարտ 10,2001 00:00
grel

Ես ուրախ եմ, որ մամուլի ուշադրության կենտրոնում է իմ անձը: Դա հնարավորություն է տալիս ինձ մեկ անգամ եւս ներկայացնել մեր մոտեցումները ոչ պետական բուհերի լիցենզավորման գործընթացում:

Դեռեւս ոչ մի մասնավոր բուհ չենք լիցենզավորել, չնայած կան նման մի շարք դիմումներ՝ նոր բուհեր բացելու խնդրանքով: Այն բոլոր բուհերը, որոնց թույլատրված է շարունակել իրենց կրթական գործունեությունը, բոլորն էլ արդեն 5-10 տարի գործող, նախկինում լիցենզավորված եւ հասարակությանը հայտնի բուհեր են: Կրթական թույլտվությունները (լիցենզիաները) երկարացված բոլոր բուհերն էլ ունեն լիցենզավորման պահանջներին բավարարող պայմաններ:

Թյուր է այն կարծիքը, թե կա համապատասխան նորմատիվ բազա, եւ լիցենզավորման ծառայությունը վերալիցենզավորումը (թույլտվությունների շարունակումը) իրականացնում է այդ բազայի խախտումով: ՀՀ կառավարության կողմից հաստատված լիցենզավորման կարգում կա միայն նորմատիվային երկու պահանջ՝ պրոֆեսորադասախոսական կազմի հետ կապված: Այն նորմերը, որ մեզ պետք են բուհերի ուսումնանյութական բազան գնահատելու համար, պետք է սահմանվեն ՀՀ քաղաքաշինության, ՀՀ առողջապահության եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարությունների կողմից: Այն նորմերն ու կանոնները, որ գործում են այսօր, դրանք խորհրդային երկրի նորմեր են, որոնք այն հարուստ հնարավորություններով երկրի համար էին ստեղծված, ոչ թե մեր իրականության համար: Այսօր մեզ փորձում են ապացուցել, որ այդ նորմերը եւ կանոնները, այնուհանդերձ, գործում են Հայաստանում:

Ցույց տվեք այդ մասին ՀՀ կառավարության որոշում, իսկ եթե համապատասխան նախարարություններն են դրանք հաստատել, ապա ցույց տվեք դրանց գրանցումը ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Այսօր չկան գրադարանային նորմատիվներ, ուսումնանյութական բազայի չափիչ-ստուգիչ սարքերի նորմատիվներ: Դատախազությունը ծանոթացել է ծառայության արխիվում գտնվող բուհերի գործերին եւ, հիմնականում, մեր բանավեճը նշված «նորմատիվներին» եւ նրանց կիրառման հիմնավորմանն է վերաբերում: Այսօր արդեն պարզ է, որ փոփոխություններ պետք է կատարել լիցենզավորման կարգում, պետք է սահմանել շինարարական եւ սանիտարական նորմեր ու կանոններ եւ մի շարք այլ նորմատիվներ: Մյուս կողմից, զարմանալի է, որ այդ ուսումնասիրությունների արդյունքների մասին ես թերթերից եմ իմանում, եթե դա ստուգում էր, ինչպես ներկայացնում են թերթերը, ապա ինչպես կարող էր տեղեկանք կազմվել, որին ես ծանոթ չլինեի: Տեղեկանքում ասվում է, որ մենք բուհերից ընդունել ենք կեղծ տեղեկություններ եւ չենք պահանջել լրացուցիչ տեղեկանքներ: Նախ, եթե կա իրավասու մարմինների կողմից ստորագրված եւ կնքված տեղեկանքներ, ես ինչու՞ պետք է կասկածեմ այդ տեղեկանքներին, մյուս կողմից՝ մեր աշխատակիցները ստուգել են այն ամենի իսկությունը, ինչ հնարավոր էր ստուգել:

Միաժամանակ պահանջել ենք լրացուցիչ տեղեկանքներ, որոնք նախատեսված չեն լիցենզավորման կարգում՝ վարձակալական պայմանագրեր, հակահամաճարակային եւ հրշեջ մարմինների կողմից տրված տեղեկանքներ, գիտական աստիճանների եւ կոչումների դիպլոմների պատճեններ եւ այլն: Տեղերում՝ կադրերի բաժնում ստուգվել են հիմնական աշխատողների աշխատանքային գրքույկները, դասահաճախումները, մատյանները եւ շատ այլ բաներ, յուրաքանչյուր դեպքում համոզվել ենք, որ գործ ունենք նորմալ ուսումնական գործընթաց իրականացնող բուհի հետ, որից հետո թույլատրել ենք շարունակել կրթական գործունեությունը:

Նշված տեղեկանքում խոսվում է, որ վարձակալական պայմանագրերը իրավազորություններով չօժտված մարդիկ են ստորագրել: Եթե իրավազոր չեն ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարարը (Մենեջմենթի համալսարանի դեպքում), Նորք համայնքի թաղապետը (Էլիտա դպրոցի դեպքում), ապա, կներեք, ո՞վ է իրավազոր: Ի դեպ դրանք բոլորը նախկին տարիներին կնքված պայմանագրեր են, որոնց ժամկետներն անգամ չեն սպառվել: Այս տարվանից արդեն պահանջում ենք, որ նոր վարձակալական պայմանագրերը ստորագրված եւ հաստատված լինեն ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության կողմից, եթե, իհարկե, շենքը նրանց հաշվեկշռում է:

Բնական է՝ վերալիցենզավորման գործընթացն անընդհատ գործընթաց է, որի ընթացքում հայտնաբերվում են նոր խախտումներ, օրինակ՝ վարձակալական կամ մեկ այլ պայմանագրի ժամկետն է սպառվում, կամ էլ ՀՀ կառավարության կողմից նոր որոշում է ընդունվում, օրինակ, բարձրագույն կրթության պետական չափորոշիչների հաստատման մասին որոշումը: Լիցենզավորման կարգում նման դեպքերի համար, այսինքն՝ երբ հայտնաբերվում են թերություններ, սահմանված է ընթացակարգ, որն էլ արդեն քանի ամիս է կիրառվում է: Թերություն հայտնաբերելու դեպքում բուհին տեղյակ ենք պահում այդ մասին, ըստ կարգի՝ տալով նրան մինչեւ 6 ամիս ժամանակ: Եթե այդ ժամանակում բուհի կողմից չի վերացվում խախտումը, ապա լիցենզիան կասեցնելու հարց է դրվում:

ՌՈԲԵՐՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության» պետ

Հարգելով պատասխան խոսքի իրավունքը՝ մասնակի կրճատումներով հրապարակում ենք այս արձագանքը։ Նաեւ հավելենք, որ «Առավոտը» ներկայացրել էր դատախազության ստուգումների պաշտոնական արդյունքները, որտեղ հղում արվում էր, թե օրենքի կամ նորմատիվային այլ ակտերի որ կետն է խախտել ծառայությունը։ Դրանց հիմնավորվածության մասին դատախազության ու ծառայության բանավեճին չենք միջամտի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031