Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳՈՒՄ

Մարտ 14,2001 00:00
canramart

Վանաձորում անցկացվեց ծանրամարտի Հայաստանի չեմպիոնատը։ Շուրջ 90 մարզիկներ չորս օր իրենց հարաբերությունները պարզեցին ութ քաշային խմբերում։

Թեեւ այս անգամ մրցահարթակ ելած ների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ էին, սակայն առաջնությունն ընդհանուր առմամբ արդարացրեց կազմակերպիչների ակնկալիքները։ Երեկ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը մեզ հետ զրուցելիս ամենից ավելի կարեւորեց այն իրողությունը, որ առաջնությունը ի հայտ բերեց նոր անուններ, շնորհալի եւ հեռանկարային մարզիկների, որոնք ոչ հեռու ապագայում արդեն կարող են «նեղել» մեր ներկայիս առաջատարներին։

Մեր այն հարցին, թե ինչո՞վ է բացատրվում այն փաստը, որ այս առաջնությանը մեր ճանաչված ծանրորդների մի զգալի մասը չէր մասնակցում, Օ. Միրզոյանը պատասխանեց. «Խաչատուր Քյափանակցյանը թողել է մեծ սպորտը։ Գագիկ Խաչատրյանը, Ռուդիկ Պետրոսյանը ծնկի վնասվածք ունեին եւ ես էի թույլատրել նրանց չմասնակցել։ Արսեն Մելիքյանը օլիմպիական խաղերից հետո դեռ լավ մարզավիճակում չէ, թեեւ ներկայումս նա մարզվում է լրջորեն։ Ճիշտ է, նրանց բացակայությունը զգացնել տվեց, բայց մյուս կողմից էլ սա լավ առիթ էր, որպեսզի կարողանայինք գործի մեջ տեսնել հերթափոխին, որոնց մեջ, կարծում եմ, կլինեն այնպիսիք, ովքեր կարող են արժանվույն ներկայացնել մեր հանրապետությունը հաջորդ օլիմպիական խաղերում։

– Այսինքն՝ ՀՀ առաջնության ներկայիս հաղթողներո՞վ է համալրվելու մեր ազգային հավաքականը։

– Նրանք բոլորն էլ իրենց ավագ ընկերների հետ ընդգրկվել են հավաքական ու մեկնում են ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի։ Սակայն առայժմ դժվար է ասել, թե ովքեր մեր հանրապետության մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն ապրիլի վերջին կայանալիք Եվրոպայի առաջնությունում, տարվա ընթացքում անցկացվելիք մրցաշարերում։ Դա կերեւա ավելի ուշ։ Ես, որպես հավաքականի գլխավոր մարզիչ, այնքան էլ մեծ կարեւորություն չեմ տալիս Եվրոպա մեկնող մեր թիմի կազմի ցուցակին։ Կմեկնեն միայն այդ պահին ավելի արժանավորները։ Ինձ հիմա հետաքրքրում է մեկ այլ բան. որքան շատ հավակնորդներ ունենանք յուրաքանչյուր քաշային կարգում առաջինը լինելու համար, այնքան շահեկան վիճակում կլինի մարզաձեւը։ Եվ եթե փորձի պակասի պատճառով այս կամ այն երիտասարդը չընդգրկվի ազգային հավաքականում, ոչինչ, նա իր իսկական կարողությունները ցուցադրելու հնարավորություն կունենա աշխարհի երիտասարդական առաջնությունում, որը պակաս կարեւոր մրցում չէ։

– Վանաձորում գրանցված արդյունքներից գո՞հ եք։

– Այո, թեեւ կարելի էր ավելին էլ սպասել։ Գրանցվեց Հայաստանի երիտասարդական երկու ռեկորդ, մեկը պոկում վարժությունում (Վահե Թահմազյան, Արարատ, 94 կգ՝ 150,5), մյուսը՝ հրումում (Էդգար Գեւորգյան, Վանաձոր, 85 կգ՝ 185,5)։ Վարազդատ Վասիլյանը առաջին անգամ լրացրեց միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա։ Եվս յոթ մարզիկ էլ հաղթահարեցին սպորտի վարպետի նորմայի սահմանը։

Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոն հռչակվեցին. 56 կգ, Երվանդ Կիրակոսյանը (Երեւան, ՖԻՄԱ)՝ երկամարտի 230 կգ արդյունքով, 62 կգ, Արթուր Հունանյանը (Վեդի)՝ 265, 69 կգ, Վարազդատ Վասիլյանը (Գյումրի, «Հայաստան» մարզական միություն)՝ 310, 77 կգ, Հովհաննես Ամրեյանը (Գյումրի, «Հայաստան» ՄՄ)՝ 345, 85 կգ, Էդգար Գեւորգյանը (Վանաձոր)՝ 335, 94 կգ, Վահե Թահմազյանը (Արարատ)՝ 330, 105 կգ, Հակոբ Փիլոսյանը (ՖԻՄԱ)՝ 370։ Ի դեպ, Հակոբը, որ սովորաբար հանդես էր գալիս 94 կգ քաշային կարգում, առաջին անգամ մասնակցեց 105 կգ քաշայինների պայքարին։ Գերծանր քաշում չեմպիոնի կոչումը նվաճեց գյումրեցի Ռաֆիկ Չախոյանը (360 կգ)։ Ռաֆիկը նոր է ավարտել ծառայությունը եւ այս ոսկե մեդալը մասնագետներին հույսեր է ներշնչում, որ նա իր արժանի տեղը կունենա ազգային հավաքականում։

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031