Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՇՔ ԹՎԵՐ ՉԵՆ ԿԱՇԱՌՔ ՏՐՎՈՒՄ

Մարտ 24,2001 00:00
Gerezman

Մայրաքաղաքի խմելու ջրամբարների հարեւանությամբ (Շահումյան գերեզմանատուն) հուղարկավորություններ են կատարվել։ Սա միակ անօրինական դեպքը չէ։ Հուղարկավորություններ են կատարվել նաեւ խմելու ջրի խողովակաշարերի (Դավիթաշենի, Թոխմախի գերեզմանատներ), պտղատու այգիների (Սիլիկյան թաղամասի գերեզմանատուն), գյուղատնտեսական հողերի (Նորագավիթ թաղամասի գերեզմանատուն) եւ հասարակական նշանակություն ունեցող այլ օբյեկտների անմիջական հարեւանությամբ։

Կարմիր բլուր հուշարձանի եւ դրան հարող տարածքում կատարված ապօրինի հուղարկավորությունների հետեւանքով վնաս է հասցվել մեծ արժեք ներկայացնող պատմական հուշարձաններին։ Մի շարք գերեզմանատների գործունեության համար օգտագործվող հողատարածքները ակնհայտորեն այդ նպատակին ծառայել չեն կարող, քանի որ համարվում են «սահող» հողեր եւ դրանցում կատարվող հուղարկավորություններից որոշ ժամանակ անց, գերեզմանների մի մասը փլուզվում է, ինչը լուրջ բնապահպանական եւ սանիտարական վտանգ է պարունակում։

Մի խոսքով, գերեզմանատները գործում են օրենսդրության կոպիտ խախտումներով։ Խնդրին քաջատեղյակ մարդկանց՝ մեզ տրամադրված այս փաստերի հետ մեկ այլ ուշագրավ պնդում էլ կա։ Ըստ դրա՝ գերեզմանատները, որոնք տնօրինում է քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ-ն, իրականում գտնվում են շատ լավ կազմակերպված մաֆիայի ձեռքում, որը խոշոր եկամուտներ է ստանում այս բիզնեսից։ Ընդ որում՝ «պրիստիժնի» գերեզմանատանը տեղ գնելու կաշառքի չափը 2-5 հազար դոլար է։ Դրանք հիմնականում փակ են, հուղարկավորության համար հող հատկացնել արգելվում է, իսկ որքան դժվար է նման ծառայության իրականացումը, այնքան մեծ է դրա համար պահանջվող գումարը։ Բաց գերեզմանատներում տեղ վերցնելն ավելի մատչելի է՝ 200-300 դոլար։ Այս տվյալները պատկան ատյանի հետ ճշտելու համար դիմեցինք «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ-ի տնօրենին, սակայն պարզվեց, որ Գառնիկ Աղաջանյանը միայն մեկ ամիս է այս պաշտոնում։ Բայց հարցերին պատասխանելուց չխուսափեց՝ հաստատելով բերված փաստերի մասը եւ չթաքցնելով համակարգի ոչ բարվոք վիճակը։ Մանավանդ որ, թեեւ պաշտոնավարման կարճ ժամկետին, խնդրին բավականին տեղյակ է, քանի որ դեռեւս 1996թ. քաղաքապետարանում զբաղեցրել է այն վարչության պետի պաշտոնը, որի ենթակայությամբ էր գործում այս համակարգը։

Ըստ «Առավոտի» տեղեկության, գերեզմանատների տարածքը բավարար չէ հուղարկավորությունները կատարելու համար, սակայն կառավարության որոշմամբ նոր տարածքներ հատկացնելուն որոշ ուժեր խոչընդոտում են, քանի որ որքան պահանջարկը մեծ լինի, այնքան գները բարձր կլինեն։ Ըստ պրն Աղաջանյանի՝ տրամաբանորեն շահագրգիռ կողմերից մեկն էլ ինքը պիտի լինի, բայց ինքը շահագրգռված է հակառակում, որ նոր տարածքներ հատկացնեն։ Ավելին, քաղաքապետարանի նախաձեռնությամբ կառավարության քննարկմանն է պատրաստվում նոր հողահատկացումների եւ հին գերեզմանատների բարելավման ու շրջակա տարածքների հաշվին սահմանների մեծացման հարցը, քանի որ տարածքներն, իրոք, չեն բավարարում։ Եղած 18 գերեզմանատներից բաց է համարվում միայն 8-ը, մնացածը փակ է եւ դրանցում, օրենքով թույլատրված չէ նոր գերեզմանատեղեր հատկացնել։

Պրն Աղաջանյանը հաստատում է, որ գերեզմանատներին հատկացված տարածքների սահմաններից դուրս անօրինական թաղումներ են կատարվել՝ գերեզմանատան վարիչների թողտվությամբ։ Անցյալ տարի նոյեմբերին այս պատճառով աշխատանքից ազատվել էր Զեյթունի գերեզմանատան վարիչը։ Պրն Աղաջանյանի պնդմամբ՝ վերջերս տրված իր հրամանով խստորեն արգելված է սահմաններից դուրս, այսինքն՝ ճանապարհներին, ավտոկանգառներում հուղարկավորություններ կատարելը։ Այս առնչությամբ խիստ նկատողություններ է տվել գրեթե բոլոր գերեզմանատների վարիչներին ու հսկիչներին եւ երկու ամիս ժամանակ, որի ընթացքում խախտումներ արձանագրելու դեպքում կազատվեն աշխատանքից։ Իսկ Արին-Բեր-դի գերեզմանատան վարիչին արդեն ազատել է աշխատանքից։ Հրապարակման սկզբում բերված տվյալների առնչությամբ պրն Աղաջանյանը նկատեց, որ Թոխմախի, Սիլիկյան ու Նորագավիթի թաղամասերի գերեզմանատների հետ կապված խնդիր չունեն, քանի որ դրանցում դեռեւս բավական ազատ տարածքներ կան։ Ծանր է վիճակը հատկապես Զեյթունի, Քանաքեռի, Ավանի գերեզմանատներում, որտեղ «ոտք դնելու տեղ չկա»։ Պրն Աղաջանյանը չափազանցված համարեց կաշառքի չափերի մասին մեր տվյալները. «Երեւի ժողովրդի մեջ սովորույթ է. եթե 100 դրամ փող է տալիս, դարձնում է այն 300, 1000 դրամ։ Այդպիսի թվեր չկան»։ Հարցին՝ այսինքն տալիս են, բայց ո՞չ մեր նշած չափերով, պրն Աղաջանյանն ասաց. «Դե, հիմա դա էլ չեմ բացառում, կարող է այդ բաները կան, բայց ձեր ասածը հրաշք թվեր են»։

Իսկ Կարմիր բլուրի հուշարձանի տարածքում կատարված թաղումների առնչությամբ գործ է հարուցել ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ստուգումների ավարտից հետո կորոշվի գերեզմանատան վարիչի ճակատագիրը։ Սակայն ո՛չ հուշարձանի, ո՛չ էլ անթույլատրելի այլ տարածքներից շիրիմները չեն տեղափոխվի։ Պրն Աղաջանյանն անկեղծացավ, թե հզոր թիկունք ունեցողներն են անթույլատրելի վայրերում տեղ վերցրել եւ ամենաթանկ գերեզմանները դրանք են, այդ շիրիմներին ո՞վ ձեռք կտա։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031