Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Մարտ 29,2001 00:00
datavor

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ սկսվեց փաստաբանների որակավորման քննությունների հետ կապված մի շարք դիմորդների հայցի քննությունը։

Հայցվորները պահանջում են ապօրինի ճանաչել քննությունները, վերականգնել իրենց իրավունքները։ Մինչ դատական նիստը սկսվելը զրույցի եմ բռնվում դատարան ներկայացած մասնակիցների, կողմերի հետ։

Սուսաննա Մարգարյան. «Ես հայցով եմ մտել դատարան, պատասխանող կողմ եմ ճանաչել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, նախարարության աշխատակից Կորյուն Քիշմիրյանին, հանձնաժողովի նախագահ Տիգրան Ջանոյանին (մեր դիմումները գրված էին նրա անունով, թեեւ փաստացի նախագահն էր Տիգրան Տեր-Եսայանը) եւ գլխավոր դատախազության ՊՇՊ վարչության ավագ դատախազ պրն Շահբազյանին։

Վերջինս ոչինչ չի ձեռնարկել, երբ ես պահանջել եմ քրեական գործ հարուցել։ Միայն կամքով առաջնորդվելով հանձնաժողովը սկսել է գործընթաց՝ պետականորեն լիցենզավորել են իրավաբանների։ Համագործակցությունն ակնհայտ է. դատախազ-դատարան-ԱՆ-փաստաբանների միություն, ամբողջը կոծկվել է» (Ս. Մարգարյանը երեկ էր ստացել հայցի մերժումը)։

Աստղիկ Գրիգորյան. «Մասնակցել եմ որակավորման քննություններին եւ անօրինաբար զրկվել եմ փաստաբան աշխատելու իրավունքից։ Պահանջում եմ, որպեսզի վերականգնվի իմ իրավունքը։ Քննություններն անցել են օրենքի տառի աղավաղմամբ, քանի որ «Փաստաբանական գործունեության մասին» օրենքի 10-րդ հոդվածում նշվում է, որ փաստաբանի լիազորագիր կարող է ստանալ այն անձը, որը հանձնել է որակավորման քննություն։ Իսկ քննությունն անցկացվել է կրկնակի։ Գրավորն անհնար էր կեղծել, ուստի կատարվեց կրկնակի քննություն՝ հարցազրույցի կարգով, որը չէր ֆիքսվում եւ դրա արդյունքները դյուրին էր կեղծել»։

Լիլիթ Համբարձումյան. «Հանձնել եմ համապատասխան քննությունները, գրավորից ստացել եմ 15 միավոր։ Հարցազրույցը, մենք գիտենք, որ չի գնահատվում, եւ դատարանից ենք իմացել, որ գնահատվել է։ Ճնշող մթնոլորտ էր ստեղծված եւ հնարավոր չէր անկաշկանդ խոսել։ Նույնիսկ մոռացել էինք անուններս ասել»։

Արթուր Հարությունյան. «Տեղի է ունեցել խաբեություն։ Քննությունը դարձել է քննություններ։ Էդ նույնն է, որ գողությունը սարքեին գողություններ, սպանությունը՝ սպանություններ։ Եզակի-հոգնակիի իմաստը մենք 4-րդ դասարանում ենք սովորել։ Չեմ խոսում հարցազրույցի ներքին կարգուկանոնի մասին։ Դատարանում ենք իմացել, որ հարցազրույցից ստացել ենք 2,2…»։

Դիմումատուները տեղեկացրին, որ հավակնորդներից մի քանիսը (խուսափեցին անուններ տալ) ընդհանրապես հարցազրույցի չեն մասնակցել։

Այս հարցի քննությանը որպես պատասխանող կողմ (հանձնաժողովի կողմից) հանդես են գալու 2 փաստաբաններ. Արեւիկ Սիմոնյանն ու Արամ Կարախանյանը։ Թե ինչո՞ւ, նրանք պատասխանեցին այսպես. «Հանձնաժողովի նախագահն էր Տիգրան Տեր-Եսայանը։ Կային 3 փաստաբաններ, 3 դատավորներ եւ արդարադատության նախարարության ներկայացուցիչը։ Հանձնաժողովը մեզ է լիազորել եւ որպես պատասխանող նախարարությունը չէր կարող ճանաչվել»։ Դատական անդրանիկ նիստը սկսվեց դատավոր Գայանե Կարախանյանին բացարկ հայտնելով։ Հայցվորների ներկայացուցիչը՝ «Փաստաբանական բարձրագույն դասընթացներից» (իրավաբանական ձեւակերպումը մեզ անհայտ է)՝ Ալեքսանդր Հարությունյանը, ասաց, որ իրենք հայցվորներ չեն, այլ՝ դիմողներ եւ որ «հատուկ վարույթ է սա», այլ ոչ՝ քաղաքացիական հայց։

Նա ասաց, որ իրենց դիմումին 10 օրվա ընթացքում շահագրգիռ կողմը (եւ ոչ թե պատասխանող կողմը) պետք է ընթացք տար, ինչը չի եղել։

– Եկեք դասախոսություն չանցկացնենք,- հորդորեց Գ. Կարախանյանը եւ ապա կողմից պահանջեց հայցի գրավոր տեքստը։ Այն պատրաստվեց 15 րոպեի ընթացքում, տրվեց նրան։ Բացարկին, ի դեպ, միացան հայցվոր-դիմումատուներից 4-ը, 2-ն այն թողեցին դատարանի հայեցողությանը։ Եվ քանի որ բացարկի ընդունել-չընդունելու հարցը լուծվում է դատարանի նախագահի կողմից, ուստի դրա պատասխանը հետաձգվեց հաջորդ օր։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031