Լրահոս
Օրվա լրահոսը

Ստավրոպոլյան ողբերգություն

Մարտ 29,2001 00:00
erkinq

Անհայտ է երեխաների ճակատագիրը 

«Ապրում էինք նորմալ, ոչ մի հոգս չունեինք… եւ հանկարծ կատարվում է ահավոր դժբախտություն։ Սպանում են որդուս, որին հաջորդում են մյուս հանցագործությունները. մահափորձ են կատարում մեզ վրա, փորձում են սպանել ավագ թոռնիկիս»,- պատմում է որդուն ու թոռներին կորցրած Երեւանի բնակիչ Էդիկ Հայրապետյանը։

Այս բոլոր դժբախտությունների հեղինակը եւ գլխավոր դերակատարը, որքան էլ անհավատալի է, Է. Հայրապետյանի հարսն է, սպանվածի կինը։

Դեպքը կատարվել է Ստավրոպոլում, 1997թ.՝ այն տարիներին, երբ Հայաստանում դժվար ժամանակներ էին, իսկ աշխատանք գտնելն անհնար էր։

Ըստ սկեսրայրի, իր տղային սպանելուց հետո հարսը՝ Լուսինե Հայրապետյանը, մյուս հանցակիցների հետ սպանվածի մարմինը գիշերով տեղափոխում է անտառի խորքը եւ այրում նրա դեմքը։ Սպանությունից 5 ժամ հետո այրին այցելում է «Ինկոմբանկի» ստավրոպոլյան մասնաճյուղ, կարճ ժամկետում իր եւ իր մեղսակիցների հաշիվների վրա է փոխանցում զոհվածի ինչպես անձնական, այնպես էլ նրա ծնողներին պատկանող ֆիրմաների բանկային հաշիվներում հաշվարկված հսկայական գումարները։

Այրին, հասկանալով, որ իրեն՝ որպես մարդասպանի, կարող են բացահայտել միայն ամուսնու ծնողները, մահափորձ է կազմակերպում նրանց դեմ (որը ձախողվում է) եւ դիմում փախուստի՝ իր հետ տանելով նաեւ երեխաներին։ Շուրջ 4 տարի երեխաների պապն ու տատը որոնումների մեջ են եւ ոչ մի տեղեկություն չունեն անչափահաս թոռների ճակատագրի մասին. «Մեզ հայտնի է, որ երեխաների մարդասպան մոր գտնվելու վայրի մասին լավատեղյակ են նրա ազգականները, ինչը մեզանից թաքցնում են (որոնք եւ հանդիսանում են այրու բազմաթիվ հանցագործությունների մեղսակիցներ)»,- պատմում է Է. Հայրապետյանը, որին, թերեւս ոչ այնքան անհանգստացնում են «որդու անմեղ արյունով ցողված փողերն ու նրանց անօրինաբար տիրացողները», որքան թոռների ճակատագիրը. «Մենք խնդրում ենք Հայաստանի իրավապահ մարմիններին մեզ օգնել, որպեսզի գտնենք մեր անչափահաս թոռներին»,- խնդրում էր նա։

Ըստ Է. Հայրապետյանի, ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Հայաստանի դատարաններում տիրում են անօրինականություններ եւ կամայականություններ։ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը (դատ.՝ Ա. Առաքելյան), ըստ Է. Հայրապետյանի եւ նրա շահերի պաշտպան Ֆ. Խառատյանի, թույլ է տվել բազմաթիվ խախտումներ, իսկ արձանագրություններում՝ մի շարք կեղծիքներ։ Գործից անհետացել են կարեւոր փաստաթղթեր, անհիմն մերժվել են օրինական եւ կարեւոր միջնորդություններ։ «Դատարանի կոպիտ ու գռեհիկ վերաբերմունքից ինձ կոմայի վիճակում տեղափոխեցին հիվանդանոց, ուր բժիշկներն ուղղակի հրաշքով փրկեցին կյանքս… Այս բոլոր փաստերը միանշանակ խոսում են այն մասին, որ դատավորը արդար, անաչառ եւ անկողմնակալ չի եղել»,- ասաց պրն Հայրապետյանը։

Ըստ նրա, այս դատական գործում (ուր վիճարկվում է ժառանգության իրավունքի հարցը) արտացոլվեցին ե՛ւ գործող օրենքների անկատարությունը, ե՛ւ դատական մարմիններում տիրող իրավիճակը, ե՛ւ քաղաքացիների անզորությունը անօրինականությունների դեմ։ «Մեզ հայտնի են բոլոր այն անձինք, որոնք մասնակցել են մեր ընտանիքի դեմ իրականացված տեռորին։ Նրանց թվում է Երեւանում բնակվող այրու քեռին, որին հատկացվել է 56 հազար դոլար, այդ թվում՝ 16 հազարը բանկային փոխանցումով եւ մեր որդու թանկարժեք հագուստեղենը՝ 1800 դոլար արժողությամբ, որը նա բերել էր Ստավրոպոլից»,- տեղեկացրեց Էդիկ Հայրապետյանը։ Նրա կարծիքով, հարսը հեռախոսային կապի մեջ է քեռու հետ։ Վերջին անգամ նա քեռուն զանգահարել է մեկ տարի առաջ։

ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031