
ՎԱՐՁԵՐԸ ԽԵՂԴՈՒՄ ԵՆ Աստվածաշնչում է նույնիսկ գրված. Աստված աշխարհը ստեղծելիս շաբաթվա վեց օրը նախատեսեց աշխատանքի համար, իսկ յոթերորդ օրը՝ հանգստի։ Շուկայական տնտեսության փոխհարաբերությունների մեր ժամանակաշրջանում փոփոխության է ենթարկվել ցանկացած «դրույթ»՝ նույնիսկ Աստծո «սահմանած»։ Անկարելի է կիրակի օրերին այդ հանգիստ ասվածը կազմակերպել տանը։ Յուրաքանչյուր կես ժամը մեկ հնչում է դռան զանգը. «Ո՞վ է», հարցին կարելի է լսել հետեւյալ հնարավոր տարբերակները. «Լույսի մարդը», «Ջրի մարդը», «Ջեռուցման մարդը», «ԺԷԿ-ի մարդը», «Աղբի մարդը», «Վերելակի մարդը»։ Այս ամենն էլ իբր քիչ է, երբեմն խաղաղ բնակչությանը այցելում են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ամենից զավեշտականն այն է, երբ այդ ընկերությունը պետական կարգավիճակ է ունենում։ Պետությունից «քոռ կոպեկ» չստացող քաղաքացին, որը միայն կիրակի օրվա ընթացքում «պարտավոր է» բավարարել վերը նշված բոլոր «մարդկանց» պահանջները՝ ի՞նչ տրամաբանությամբ պետք է վստահի այդ պետության ապահովագրական ընկերությանը՝ ինչ է թե մի օր հարեւանը առաստաղին ջուր բաց թողնի եւ վերը նշված ընկերությունն էլ նորոգի։ Իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող հարկային բեռի թեթեւացման մասին հաճախ է խոսվում (այլ հարց է, թե այդ բեռն այդպես էլ չի թեթեւանում), սակայն երբեք հարց չի բարձրացվում ֆիզիկական անձանց, այսպես ասած, հարկային բեռի թեթեւացման վերաբերյալ։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի պաշտոնավարումից սկսած, անընդհատ պետական մարմինները (հիմա արդեն նաեւ այս կամ այն ծառայությունը սեփականաշնորհած օտարերկրյա ներդրողները) թմբկահարում են, թե ցանկացած ծառայություն ստանալու համար առաջին հերթին պետք է վճարել։ Բոլորովին չվիճաբանելով այդ տեսակետի դեմ, սակայն չենք կարող չարձանագրել այդ ծառայությունների մատուցման որակի եւ սահմանված գնի մասին։ Ջրամատակարարումը, միայն մայրաքաղաքի մասշտաբով, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց։ Լավագույն դեպքում բնակչությանը օրվա մեջ 4-5 ժամ ջուր է տրվում։ Թեպետ բնակիչը պարտավոր է վճարել ամբողջ օրվա ջրամատակարարման համար։ Չէ, չփորձեք ձեր տուն այցելած «ջրի մարդուն» ներկայացնել այս փաստարկները։ Համոզված ենք՝ նա առավել հզոր փաստարկներ կբերի վարձավճարների վճարման առնչությամբ բնակչության մեծամասնության թերացման մասին, ջուրն անխնա օգտագործելու ու բազմաթիվ այլ խնդիրների մասին։ Հետո էլ կսպառնա, թե չվճարելու դեպքում՝ ջուրդ կկտրեմ։ Հայտնի է, որ Երեւանի բարձրահարկ շենքերի ոչ բոլոր վերելակներն են աշխատում։ Գործող վերելակների «գործունեության» համար էլ բնակիչներից (յուրաքանչյուր բնակչից 300-500 դրամ, նայած շենքում) ամսական վճարներ են գանձում։ Իհարկե, հայ ժողովրդի ստեղծագործ ունակությունների վրա երբեք էլ չենք կասկածել, բայց չէինք կարող երեւակայել, որ կհասնենք այն աստիճանին, երբ բնակելի շենքերի վերելակները բանալիով կդառնան։ Այ, սա իսկական շուկայական փոխհարաբերություններ է. ոչ մի քաղաքացի չի ցանկանում, որ իր վճարած վերելակով չվճարած քաղաքացին «երթեւեկի»։ Սա հարցի մի կողմն է, բնակիչը վճարում էր վերելակի գործելու համար ու հանգիստ «երթեւեկում»։ Հիմա էլ, պարզվում է, որ դա ոչ թե վերելակի գործելու վճարն է, այլ էլեկտրաէներգիայի։ Բոլորովին վերջերս բավականին ակտիվ է սկսել գործել, այսպես ասած, վերելակների սպասարկման վարչությունը։ Տնից-տուն այցելելով՝ այդ վարչության աշխատակիցները բնակիչներին համոզում են, թե «անցած տարվանից վերելակների սպասարկումը անջատվել է ԺԷԿ-ից» ու բնակիչները պարտավոր են, վերելակի ծախսած էլեկտրաէներգիայի վարձը վճարելուց բացի, վճարել նաեւ վերելակի սպասարկման համար։ Ընդ որում, այդ վարչության ներկայացուցիչները պնդում են, թե բնակիչները դեռեւս անցած տարվանից պարտքեր ունեն կուտակված՝ վերելակի սպասարկման համար։ Նրանք ոչ մի կերպ չեն ուզում ընդունել այն պարզ տրամաբանությունը, որ այդ վարչությունը նախապես, մինչեւ իր, այսպես կոչված, սպասարկում սկսելը պարտավոր էր պայմանագիր կնքել քաղաքացու հետ։ Դրանից հետո միայն նա կարող էր բնակիչներից վճարներ գանձել, թե չէ ստացվում է, որ բնակիչը պարտավոր է վերելակից օգտվելու համար կրկնակի վճարել։ Էլ չենք խոսում այն մասին, որ մեզանում վաղուց արդեն ավանդույթ է դարձել վերելակի անսարքության համար գումարներ հավաքել բնակիչներից։ Արդյունքում ստացվում է, որ մեր պետությունը ոչ միայն չի մտածում քաղաքացիների վարձավճարների բեռի թեթեւացման մասին, այլ, ճիշտ հակառակը՝ այն կրկնապատկում է։ Լ. Մ.

















































