Ամեն մեկը՝ իր փոխարեն ՀՀ սոցապ նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետը ռադիոյով սարեր էր խոստանում 20 տարի հետո թոշակի գնացող քաղաքացուն, իհարկե, եթե քաղաքացին իր աշխատանքային 20 տարիների ընթացքում համապատասխան գումարներ կփոխանցի կենսաթոշակային հիմնադրամ։ Ժամանակին Հրանտ Բագրատյանը խաբված ավանդատուներին պատասխանեց. «Փողերը ում տվել եք, գնացեք նրանից էլ ուզեք»։ Ինչո՞վ պետք է համոզված լինի անկախ Հայաստանի քաղաքացին, որ 20 տարի հետո երկրի նախագահի աթոռին նստած չի լինի պրն Բագրատյանի նման մեկը։ Խորհրդային Հայաստանի քաղաքացիները քիչ փողեր չէին փոխանցել սոցապ համակարգին։ Բացի դրանից, նրանց քրտինքով ստեղծած միլիարդների հասնող հարստությունը ժառանգել է անկախ Հայաստանը։ Ճիշտ է, Հայաստանի ներկա ղեկավարությունը մեր թոշակառուներին պրն Բագրատյանի նման պատասխան չի տալիս, բայց անկախության 10 տարիների ընթացքում բարեփոխումներով (՞) պակասեցնելով խորհրդային իշխանությունների կողմից նրանց նշանակված թոշակների չափերը՝ մեր թոշակառուներին դատապարտել է դանդաղ սովամահության։ Տեսնելով ներկա թոշակառուների վիճակը՝ ինչպե՞ս կարող են նրանց ժառանգները հավատալ անկախ Հայաստանի իշխանություններին, որոնք առանց ամոթ զգալու թալանում ու խժռում են ստացած ժառանգությունը՝ արհամարհելով մեր թոշակառուներին։ Սոցապ նախարարության մի այլ չինովնիկ կանանց թոշակային տարիքը 55-ից 62-ին հասցնելը հիմնավորում էր նրանով, որ Հայաստանում կանայք 8-ից մինչեւ 10 տարի ավելի են ապրում, քան տղամարդիկ, եւ կանայք կնեղանան ու կամաչեն, եթե նրանց առաջարկվի թոշակի գնալ 55 տարեկանից։ Պրն չինովնիկի դատողությունը շատ նման է ողորմածիկ Խրուշչովի այն պատասխանին, որը նա տվեց ԱՄՆ-ում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ ԽՍՀՄ-ում խլացնում են «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները։ Պատասխանն էր. «Մեր ժողովուրդը չի ուզում լսել Ձեր ռադիոկայանի հաղորդումները»։ Թղթակիցը հարցրեց նրան, թե ինչո՞ւ է խորհրդային կառավարությունը անհանգստանում, չէ՞ որ այն քաղաքացիները, որոնք չեն ուզենա լսել, իրենք էլ կարող են անջատել ռադիոընդունիչները։ Ընկեր Խրուչշովն ասաց, որ իրենք չեն ուզում անհանգստություն պատճառել խորհրդային քաղաքացուն եւ ազատում են վերջինիս գլխացավանքից։ Ամոթ չլինի հարցնել սոցապի պրն չինովնիկին, թե ինչո՞ւ է նա անհանգստանում եւ կանանց փոխարեն որոշում, որ նրանք չեն ցանկանա եւ կամաչեն թոշակի գնալ 55 տարեկանից։ Չէ՞ որ չցանկացողները եւ շատ ամաչողները կարող են ընդհանրապես թոշակի չգնալ նաեւ 62 տարեկանից հետո։ Իսկ ովքեր չեն ամաչի, թող թոշակի գնան 55 տարեկանից։ Այնպես որ, մի՛ անհանգստացեք ուրիշների փոխարեն, իսկ ձեր տեղում պարզապես մի՛ ստեք։ ՄԵԼԻՔ ԽԱՉՈՅԱՆ

















































