Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

Ապրիլ 10,2001 00:00

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է 2001 թվականը հայկական սպորտում նշանավորվում է նրանով, որ օգոստոս ամսին կայանալու է տարվա խոշորագույն մարզական միջոցառումը՝ Համահայկական երկրորդ խաղերը։ Երկու տարի առաջ կայացած առաջին Խաղերի հետ համեմատած, այս անգամ մարզաձեւերի թիվն աճել է՝ 7-ից հասնելով 9-ի։ Մեծացել է նաեւ մասնակից քաղաքների (բնականաբար, նաեւ՝ երկրների) աշխարհագրությունը։ Սպասվում է, որ ամռանը Երեւան կժամանեն շուրջ 33 երկրների 80 քաղաքների պատվիրակություններ։ Իսկ հյուրերի թիվը, հնարավոր է, կգերազանցի երեք հազարի սահմանը։ Հասկանալի է, որ նման խոշոր համալիր մրցումներ անցկացնելու համար կազմակերպական մեծ ծավալի աշխատանք է հարկավոր տանել։ Հենց այս նպատակով էլ ստեղծվել է Համահայկական երկրորդ խաղերի կառավարական կազմկոմիտե, որի կազմում ընդգրկված են պետական կառույցների եւ գերատեսչությունների առաջին եւ երկրորդ ղեկավար դեմքերը։ Կազմկոմիտեն իր ձեւավորման օրից բավականին ծավալուն աշխատանք է կատարել, որի ամփոփումը, թերեւս, երեկ ԳԱԱ-ի նիստերի դահլիճում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ հրավիրված անդրանիկ համատեղ նիստն էր։ Այն բացեց մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար, կազմկոմիտեի նախագահ Ռոլանդ Շառոյանը։ Կատարված կազմակերպչական աշխատանքը ներկայացրեց փոխնախարար, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը։ Օրակարգում ընդգրկված էր 17 հարց, որոնցից յուրաքանչյուրը հսկայական ծրագիր է ընդգրկում իր մեջ։ Ի. Զաքարյանը հակիրճ, բայց նաեւ հիմնավոր Համաշխարհային կոմիտեի անդամներին ներկայացրեց հանձնաժողովների կատարած աշխատանքը։ Ներկայիս վիճակով կազմակերպական գրեթե բոլոր հարցերը լուծված են։ Միակ խնդիրը, որ անհանգստացնում է, դա հյուրանոցների եւ ժամանող մարզիկ-մարզուհիներին ու զբոսաշրջիկներին տեղավորելն է։ Հյուրանոցները, որոնց հնարավորւթյունները խիստ սահմանափակ են, բավականին թանկ արժեն։ Բարեբախտաբար, բարեկարգ վիճակում է Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազան։ Կազմկոմիտեն առաջարկում է բոլոր մարզիկներին ու մարզիչներին տեղավորել այդտեղ։ Նախ դա ընդունված եւ իրեն արդարացրած ձեւ է խոշորագույն համալիր մրցումներ կազմակերպելու ժամանակ։ Երկրորդ՝ այդ դեպքում անհամեմատ ավելի կհեշտանա մասնակիցների սպասարկումն ու անվտանգությունն ապահովելը։ Իսկ մարզական առումով մասնակիցները հնարավորություն կունենան մարզվել՝ օգտվելով օլիմպիական ավանի բազաներից։ Եթե Համաշխարհային կոմիտեի որոշ անդամներ լրացուցիչ բացատրությունների կարիք ունեին Ծաղկաձորի ընտրության հարցում, ապա անհասկանալի էր Աշոտ Մելիք-Շահնազարյանի դիրքորոշումը։ Այս առաջարկը, ըստ ամենայնի, նրա սրտով չէր։ Պրն Մելիք-Շահնազարյանն ավելի շատ հակված էր հյուրերին Երեւանի ցաքուցրիվ հյուրանոցներում տեղավորելու գաղափարին։ Իսկ ամենազավեշտականն այն էր, որ նա փորձում էր ՆԳ փոխնախարար Հ. Վարյանին սովորեցնել, թե ինչպես է հարկավոր ճիշտ կազմակերպել անվտանգության ապահովումն ընդհանրապես։ Ի վերջո, որոշվեց, որ մասնակիցները կհանգրվանեն Ծաղկաձորի օլիմպիական բազայում։ Կազմկոմիտեն կշարունակի իր ամենօրյա աշխատանքը, իսկ հաջորդ համատեղ նիստը կհրավիրվի հուլիսի առաջին կեսին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել