Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՍԱՆԻՔԻ ՁԱՅՆ ՉԻ ԼՍՎՈՒՄ

Ապրիլ 10,2001 00:00

ՀԱՐՍԱՆԻՔԻ ՁԱՅՆ ՉԻ ԼՍՎՈՒՄ Մեր ժողովրդի մեջ մի խավ է գոյացել՝ «մեծ» երեխաները, նրանք, ովքեր մանկության եւ պատանեկության սահմանը վաղուց են անցել, սակայն այդպես էլ մնացել են երեխա։ Ընտանիք չեն կազմել, միտք էլ չունեն, հույս՝ նույնպես։ Օրերն ու տարիները գլորվում են, նրանք մեծանում են եւ կարոտում փողոցին, որովհետեւ այնտեղ ունեն իրենց տեղը, անկյունը, «ակումբը»։ Տաք եղանակներին գուցե մի աշխատանք գտնեն, աշխատեն, գոնե դրանով թեթեւացնեն ծնողների հոգսը, ընտանիք կազմեն։ Չէ, այդ ջահել տղաները նման բաների մասին վաղուց չեն մտածում ու խոսում։ Տաք եղանակներին նրանք վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո փողոցում են լինում։ Ծույլ-ծույլ, որովհետեւ շտապելու ոչինչ չունեին, հավաքվում էին, ծույլ-ծույլ իրար մոտեցնում ինքնաշեն սեղան-աթոռները եւ թղթախաղի տարբեր տեսակները, նարդին դառնում էին նրանց օրվա զբաղմունքը։ Այդ նույն Վռամ Մանուկյանը ժամանակին ավարտել է պոլիտեխնիկ ինստիտուտը, ծառայել է Արցախում եւ լեյտենանտ է։ Արդեն հինգ տարի տանն է եւ ոչինչ չի անում։ – Իմ գլուխը չեմ կարողանում պահել,- ասում է նա եւ ավելի կծկվում զինվորական հնամաշ շորերի մեջ,- մեկին էլ բերեմ պարապ հացակե՞ր։ Մի քանի օր առաջ խոսել է եղեգնաձորցի՝ իր հետ ծառայած ընկերոջ հետ։ «Պարապ հացակեր» բառակապակցությունը նա վերագրում է նաեւ ընկերոջը՝ Արթուրին։ – Այ Վռամ, լավ, ինչ անենք, երեսունն էլ կանցնի, երեւի բան չփոխվի,- հառաչում է կողքին կանգնած Կարեն Հակոբյանը։ Վերջինիս քույրերից մեկը նույնպես տարիք է առել եւ դարձյալ ամուսնացած չէ, չի էլ աշխատում։ Այդ վիճակում է նաեւ հորեղբոր աղջիկը։ Որին ասես։ Միայն Դավիթաշեն թաղամասի մեր փողոցի մի փոքր հատվածում տասնյոթ տղա ու աղջիկ կա (կեսից ավելին՝ բարձրագույն կրթությամբ), որոնք վաղուց պետք է ընտանիք կազմած լինեին։ Ծնողներն էլ կարծես հոգնել են այդ անորոշ ու տխուր վիճակից։ Համոզելն էլ չի օգնում։ Այսպես տխուր եւ անհույս մեծանում են, մեծանում, դառնում հոռետես։ Իսկ ծնողները, բարեկամներն ու հարազատները մտքներում քանի՜-քանի անգամ հարսանիք են արել։ Մտքներում, բանավոր։ ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել