Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց տուն» կուսակցության ղեկավար Վարդան Պետրոսյանին երկու անգամ են զինդատախազություն հրավիրել հարց

Ապրիլ 27,2001 00:00

ԳԻՏԵ՞Ք։ ՀԱՅՏՆԵ՛Ք «Հայոց տուն» կուսակցության ղեկավար Վարդան Պետրոսյանին երկու անգամ են զինդատախազություն հրավիրել հարցաքննության, որպեսզի հիմնավորի ասուլիսում իր այն հայտարարությունը, թե «Նաիրին չէ, որ մեզ պիտի ասի, թե ով է արել։ Նաիրիից էլ լավ գիտենք, թե ով է արել։ Մնում է իմացողներն ապացուցեն իրենց իմացածը»։ Երեկ պրն Պետրոսյանը լրագրողներին պատմեց, թե ինչ բացատրություն է ներկայացրել. «Ես ասել եմ, թե ողջ հասարակությունը գիտի, ժողովուրդը գիտակցում է, որ Նաիրիից շատ ավելի ազդեցիկ ուժեր եւ շրջանակներ են այդ ոճրագործության կազմակերպիչները։ Ով է արել ասելով՝ նկատի եմ ունեցել հենց այդ ուժերին. բացառված չէ՝ արտերկրի, բացառված չէ՝ նաեւ իշխանական ուժերի»։ Ընդսմին, երկրորդ՝ ապրիլի 23-ի հարցաքննության ընթացքում պրն Պետրոսյանը հայտնել է, թե նկատի չունի որոշակի իշխանավորի եւ չունի որոշակի փաստեր. «Ես մեղադրել եմ իշխանություններին ծառայողական անփութություն ցուցաբերելու մեջ եւ նրանք պետք է պատասխան տան օրենքի առջեւ, դատարանում»։ Եվ գրավոր ներկայացրել է իր կարծիքը, թե հատկապես ինչի համար պիտի պատասխանատվության կանչվեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանն ու Սուրեն Աբրահամյանը։ Ի դեպ, զինդատախազության քննչական բաժնի պետ Արտակ Հարությունյանն «Առավոտին» հայտնեց, թե ապրիլի 20-ին Վարդան Պետրոսյանն իր ձեռքով գրել էր. «Որեւէ կոնկրետ ապացույց կամ փաստարկ չունեմ այն մասին, թե կոնկրետ ովքեր են կազմակերպել այդ հանցագործությունը։ Կոնկրետ անուններ եւ կազմակերպություններ ինձ հայտնի չեն»։ Իսկ ընդհանրապես, ԶԴ-ում շփումներից Վարդան Պետրոսյանի տպավորությունն էր, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը չի բացահայտվելու (…)։ Նրանց ավելի շատ հետաքրքրում է Աշոտ Մանուչարյանից ու Վարդան Պետրոսյանից իմանալը, թե ով է արել։ Մենք էլ ուզում ենք իրենցից իմանալ։ Նրանք ասում են՝ «չգիտենք. գիտե՞ք՝ ասե՛ք»։ Ա. Ի. Հ. Գ. Այսօր, ժամը 4-ին, «Հայոց տունը» պատրաստվում է հանդիպել ժողովրդին, իսկ ապրիլի 30-ին՝ հրավիրել հանրահավաք։ Ծրագրվում է նաեւ անժամկետ նստացույց ԱԺ-ի դարպասների մոտ՝ Քոչարյանի պաշտոնանկման գործընթացը սկսելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու պահանջով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել