Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՏԱԿԱԲԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Ապրիլ 27,2001 00:00

ԿԱՏԱԿԱԲԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ Հայաստանի գրողների միության համագումարը նշանակովի նախագահ է ընտրելու Նահապետ Քուչակին։ Նախ՝ որովհետեւ վաղ մանկությունից, ըստ իր անվանակոչության, նա արդեն իսկ պետ էր։ Հետո՝ անկասկած, նա տեր պիտի կանգներ միության անդամ դարձած քուչի տղերքին։ Հույս կա, որ համագումարի սցենարը՝ զեկուցումների եւ ելույթների տեքստերը, նախօրոք չեն ստուգվելու կենտկոմի գաղափարական բաժնի կողմից։ Բայց եւ այնպես, պահպանվելու է սրբազան ավանդույթը եւ քաղաքական իշխանություններին հղվելու է՝ «Դուն էն գլխեն իմաստուն իս», մինչեւ մեր մոլորյալ նախկին կոլեգայի հասցեին ղրկվելու է դեռեւս ողջ լինելու, մի քիչ էլ …ույնի հեռագիրը՝ «Դու էս գլխեն անիմաստ ես»։ Համագումարում ելույթները լինելու են ընտրովի, եւ Նահապետի առաջ քաշած համագումարային նախագահների ռազմավարության համաձայն, սահմանափակվելու են ճիշտ ժամանակին։ Ուստի դժվար չէ եզրակացնել, որ միջոցառման ընդմիջումներն ավելի հետաքրքիր են լինելու։ Մի խումբ ընկերների անունից խնդրանք եմ ներկայացնում Գրողների միության նորընտիր նախագահ Նահապետ Քուչակին, որ ամենակարճ ժամկետում, կես գնով ծախու հանի Ծաղկաձորի եւ Սեւանի ստեղծագործական տները, ինչպես եւ գրողների տանը գոյություն ունեցող օֆիսների բնակտարածությունը։ Ապա՝ գրպանելով մյուս կեսը եւ անշուշտ բաժին հանելով քուչի տղերքին՝ «ցվրվի» նրանց հետ անպատժելիության փղոսկրյա ամրոցները՝ այնտեղ վայելելու համար հետհամագումարային գումարները։ Համագումարում գրականության վերաբերյալ խնդիրներ չեն արծածվելու, քանի որ ամեն մի գրող իր համար այդ խնդիրը լուծել է կա՛մ ըստ ակամա ազդեցությունների, կա՛մ քողարկված գրագողությամբ, կա՛մ հավերժ դիլետանտական մակարդակով, կա՛մ ինքն իրեն կրկնելու հեշտագրությամբ։ Ինչ վերաբերում է հրատարակչական մանեւրների հետ կապված դժվարություններին, դա նույնպես անձնական խնդիր է՝ լինի պետական պատվերի, թե հովանավորի կամ ունեւոր լինելու հանգամանքների հետ։ Ունեւորի յուրահատկությամբ նկատի ունեմ նաեւ նրանց, ովքեր մոտակա ապագայում դառնալու են միության անդամ։ Ընտրությունների խաղը, ինչպես միշտ, եզրափակվելու է նկուղային բանկետով, որտեղ արտասանելու են Սայաթ-Նովայի «Գիտես սուփրի՞ համար եկա» տողն ընդգրկող բանաստեղծությունը։ Ընտրության խարդախությունների մասին թույլատրվելու է արտահայտվել միմիայն հարբելուց հետո։ Այս գրվածքը ես կարող էի վերնագրել «Կտակաբան համագումար», բայց չեմ կարծում, որ դա ինքնալուծարման ենթարկվելով կլինի վերջինը։ Բացի այդ, ինքս էլ չեմ պատրաստվում համալրելու Անդրշիրիմյան գրողների միության շարքերը, որի նախագահական ընտրությունները տեղի են ունենում մեր երկրում կայացած մի հեղափոխությունից մինչեւ մեկ ուրիշը։ Մի ժամանակ Հակոբ Հակոբյանն էր, հիմա Լեւոն Շանթն է։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30