Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՈ՛Թ, ԱՄՈ՛Թ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Փետրվար 07,2002 00:00

ԱՄՈ՛Թ, ԱՄՈ՛Թ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ Արտահերթ նիստ հրավիրելու համար հարկավոր ստորագրությունները Արշակ Սադոյանը հավաքեց (մի բան էլ ավելի), սակայն նիստը տեղի չունեցավ՝ քվորում չլինելու պատճառով։ Ազգային երեսփոխանները հերթական անգամ խայտառակ եղան ընտրողների առջեւ։ «ԱրմենՏելի» կողմից կիրառվող րոպեավճարը օրենքով արգելելու Արշակ Սադոյանի եւ նրա կողմնակիցների ջանքերը զրոյական դարձան։ «Միասնություն» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանը իրեն հատուկ մոնոտոն հանդարտությամբ արտահերթից առաջ ասաց, որ քվորումը բացառվում է, քանի որ «անհանդուրժելի է միտինգ կազմակերպել խորհրդարանում»։ Իսկ ինչո՞ւ «միտինգ» եւ ինչո՞ւ է «անհանդուրժելի»։ Գ. Սահակյանի կարծիքով, «միտինգի համար բազմաթիվ հրապարակներ կան»։ «Առավոտի» դիտարկմանը, թե քաղաքական գործընթացները փողոցներից պետք է տեղափոխվեն խորհրդարան, Գ. Սահակյանը շարունակում էր նույն ձեւով պատասխանել. «Եթե քաղաքական խնդիր է լուծվում եւ ոչ թե անձնային»։ Արդյո՞ք «ԱրմենՏելի» հարցը բարձրացնելով, Արշակ Սադոյանը անձնական խնդիր է լուծում։ Իսկ ի՞նչ հարց էին լուծում բոլոր այն պատգամավորները, ովքեր երեկ, փաստորեն, տապալեցին համապատասխան օրենքով ժողովրդի առջեւ ծառացած խնդիրներից մեկին լուծում տալը. ընտրողները պարզապես պետք է դասեր քաղեն նման փաստերից եւ առաջիկա ընտրությունների ժամանակ ձայն չտան ուրացողներին։ 48 ստորագրողներն էլ դահլիճում նստած էին, սակայն քվորումը չապահովվեց։ Դահլիճում էին նաեւ Գալուստ Սահակյանը, Տիգրան Թորոսյանը, Գագիկ Մինասյանը (բոլորն էլ ՀՀԿ-ից) եւ չգրանցվեցին. փաստորեն, խոստովանեցին, որ դիտմամբ տապալում են արտահերթը։ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ նրանց հարող մի քանի պատգամավորներ տապալեցին քվորումը. «Այն, ինչ արվում է եւ հիմա էլ արվեց որոշ պատգամավորների կողմից, դա առնվազն ազգային դավաճանություն է»,- եզրափակեց Արշակ Սադոյանը։ ՀԺԿ անդամ Էմմա Խուդաբաշյանը իր հերթին գնահատական տվեց պատգամավորներին. «Սա մեր երկիրն է, սա էլ՝ ազգիս տղամարդիկ։ Ամո՛թ ձեզ»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել