Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղիկը՝ տոներին

Մարտ 14,2002 00:00

Ծաղիկը՝ տոներին Որքան արագ են տարածվում լուրերը: Օրինակ, վերջերս, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց ԵՊՀ, դեռ մինչեւ նրա համալսարան ներկայանալը, ուսանողների շրջանում լուր տարածվեց, որ Քոչարյանը գալիս է ռեկտորին զբաղեցրած պաշտոնից ազատելու նպատակով: Իբրեւ թե բողոքել են Ռադիկ Մարտիրոսյանից, եւ ուշադիր նախագահը գալու է այդ հարցը լուծելու: Չեմ կարող ասել, որ սխալմամբ տարածված այդ լուրը ուսանողներին շատ էր տխրեցրել: Տարբերակներ կային նաեւ, որ ռեկտորը՝ վստահեցնելու համար, թե իրենց մոտ ամեն ինչ լավ է, նախագահին ցույց պիտի տար համալսարանի բարոք վիճակում գտնվող տեղերը, օրինակ, իրավաբանական ֆակուլտետի լսարանները, որոնք բարեկարգ են եւ համալսարանի մնացած լսարանների հետ համեմատած շատ տարօրինակ տպավորություն են թողնում («Եվրոստանի» պատուհաններ եւ այլն): Իսկ ոչ իրավաբան ուսանողներին մնում է միայն նախանձել եւ նվնվալ. «Այ, եթե մեր լսարաններն էլ էսքան լավը լինեին, էնքան հավեսով կսովորեի…»: Ի դեպ, այն մասնաշենքում, որտեղ պիտի կայանար նախագահի հետ հանդիպումը, ֆիկուսանման մի ծաղիկ կար, որը երեւի թե ինչ-որ տեղից վարձով են վերցնում եւ տոն օրերին տեղադրում նկուղային հարկում: Այլ նորություններ: Ուսանողներին որոշել են համակարգչին ծանոթացնել: Որքանով է դա հաջողվելու, պարզ չէ, քանի որ համակարգիչների քանակը քիչ է, բոլորին չի բավականացնում: Եվ մինչդեռ, օրինակ, քառասուն ուսանողից բաղկացած կուրսից մի քանի երջանիկների է բախտ վիճակվել նստել եզակի ազատ համակարգչի առջեւ, մնացածը զարմացած-քառակուսի աչքերով նայում են էկրանին: Իսկ նրանք, ովքեր արդեն գիտեն՝ ինչ է համակարգիչը եւ նույնիսկ կարող են այն օգտագործել, միեւնույն է՝ պետք է մասնակցեն դասերին եւ լսեն. «Այս գծիկով թակում ենք, այս քառակուսիով՝ մեծացնում, ապա խաչիկով՝ փակում»: Վերջին կուրսում սովորողների համար կիսամյակը շուտով կվերջանա: Սա շիկացած ժամանակահատված է, ուսանողները նյարդայնացած եւ մտահոգված են՝ մագիստրատուրա, կարմիր դիպլոմ եւ այլն: Ի դեպ, եթե ուսանողը ցանկանում է կարմիր դիպլոմով ավարտել բուհը, բայց մի քանի գնահատական թույլ չեն տալիս դա անել, ռեկտորատը հնարավորություն է ընձեռում վերահանձնել երեք առարկա: Սրանով ուսանողը, ցանկության դեպքում, հնարավորություն է ստանում մասնակցել մագիստրատուրայում անվճար սովորելու մրցույթին: Մագիստրատուրա կարող է գնալ կուրսի երեսուն տոկոսը, անվճար տեղերը, բնականաբար, սահմանափակ են: Ամեն վերահանձնվող քննության համար ուսանողը պարտավոր է երեք հազար դրամ մուծել հաշվապահություն: Այսպիսի խոսակցություն եմ լսել այդ կապակցությամբ դասախոսների միջեւ. – Ինչո՞ւ է այդ գումարը հաշվապահությանը գանձվում: Թող անմիջապես դասախոսին մուծեն: Չէ՞ որ դասախոսն է տանջվում: – Երկու հազար դրամը քիչ է: Երկու հազարը վերջերս է սահմանվել: Առաջ ավելի թանկ էր: Եվս մեկ լուր: «ԱրմենՏելը» եւ րոպեավճարը նույնպես անդրադարձել են ԵՊՀ-ի վրա: Եթե առաջներում ուսանողները կարող էին զանգահարել դեկանատից, ապա այժմ հեռախոսի կողքին բանկա է դրված եւ զանգահարողը պարտավոր է 100 դրամ գցել մեջը: Ինչպիսի՜ վստահություն: Մ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել