Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն ՊԱՍիվ

Մարտ 23,2002 00:00

Ոչ միայն ՊԱՍիվ Այս տարի պատգամավորների մեջ նոր ցեց է ընկել. սկսել են պաս պահել: ԱԺ բուֆետում ուտելիքները շատ արագ չեն վերջանում, ինչպես սովորաբար: Փորձեցինք ճշտել, թե պատգամավորներից հատկապես ովքեր են պաս պահում, բայց որքան էլ զարմանալի է, պաս պահող պատգամավորներից շատերը հրաժարվեցին խոսել: Կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանը պաս պահում ե՞ք հարցին պատասխանեց. «Ինձ վրա մորուք կա՞, որ նման հարց եք տալիս», այնուհետեւ ավելացրեց. «Ազգովի այս 10 տարի է՝ պասի մեջ ենք, երբ ենք այդ պասից դուրս եկել, որ մի հատ էլ հըլը նոր պաս պահենք: Իսկ ընդհանրապես այդ հասկացության մեջ այն ժամանակ ճշմարտություն կար: Որոշ ժամանակ մարդն իր օրգանիզմը թեթեւացնում, մաքրում էր, բան էր անում: Բայց, ցավոք, այդ ավանդույթը մեր մեծերի մեջ է եղել: Հիշում եմ, որ իմ տատը պահում էր, բայց դրանից հետո դա վերացվել է»: Իսկ այսօր պաս պահող իր գործընկերների վերաբերյալ Թռչունիչն ասաց. «Երեւի չաղ են, պահում են նիհարելու համար: Կոմունիստներս առանց այդ էլ նիհարել ենք, հիմա ուզում ենք չաղանալ»: Ի դեպ, Խ. Թռչունիչը մորուքավորների մասին սխալվեց, ասելով, թե նրանք են պաս պահում, քանի որ մորուքավորներ Տիգրան Թորոսյանն ու Հրանտ Խաչատրյանը, ինչպես իրենք նշեցին, պաս չեն պահում: Հրանտ Խաչատրյանն ասաց, որ հին ժամանակներում են պահել, եւ դա Աստծո պատվիրաններից մեկն է: «Դա ավանդույթ է, մեր ընտանիքներում նման սովորույթներ չեն եղել»: Պատգամավոր Կարեն Կարապետյանը եւս փորձել է զբաղվել դրանով, բայց շատ կարճ. «Մի 4 օր փորձել եմ պահել, հետո հանգամանքների բերումով խախտվեց ու չշարունակեցի»: Իսկ թե ինչ հանգամանքների բերումով է խախտել իր պասը, Կ. Կարապետյանը բացատրեց. «Դե, հյուր է գալիս, դու չօգտվես, ինքն էլ չի օգտվում»: Կ. Կարապետյանը խոստովանեց, որ ինքը որոշել էր պաս պահել երկու պատճառներով. առաջին՝ նիհարելու, եւ երկրորդ՝ օրգանիզմը մասամբ բեռնաթափելու: Աժ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի խոսքերով՝ ինքը միշտ պասի մեջ է, չնայած հատուկ պաս չի պահում: «Ամեն առավոտ մենակ միրգ եմ ուտում: Մեկ էլ կանաչիներ են շատ ուտում: Միշտ շատ չեմ ուտում: Միս չեմ ուտում, մսակեր չեմ ու ինձ թվում է, որ ես պաս եմ պահում: Ամեն առավոտ ժամը 7:30-ից մինչեւ 8:00 վազում եմ Կամերային երաժշտության տան դիմացի այգում, ռեժիմով եմ: Կիրակի օրերը, ժամը 9:00-ին գնում եմ 2 ժամ ֆուտբոլ խաղալու ԵՊՃՀ-ում, մեկ ժամ ու կես էլ լողանում եմ: Շատ չեմ վազում, չի կարելի առավոտը ծանրաբեռնվել»: Իր բնութագրմամբ, Վ. Դալլաքյանը «խելոք կարգապահ է»: Իսկ թե «էլ որ պատգամավորներն են իր նման խելոք կարգապահ» հարցին Վ. Դալլաքյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ ամենախելոքն ու կարգապահը ես եմ»: Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքերով, բոլոր դաշնակցականները չէ, որ պաս պահում են: Օրինակ, ըստ Ա. Ռուստամյանի, Վահան Հովհաննիսյանը, Մուշեղ Միքայելյանը, Ռուբեն Հովսեփյանը պաս չեն պահում: Պաս պահում են ինքը, Աղվան Վարդանյանը… «Դաշնակցականները մի քանի հազար են, ես կարող եմ միայն իմ մասին ասել. ես պահում եմ, որովհետեւ հավատացյալ եմ: Միշտ չեմ պահում, պահում եմ այնքան, որքան կարգն է՝ 49 օր. 7 շաբաթ»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ www.taregir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել