Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեռուցումն Էռնեկյանի գրպանի բանը չէ՞

Դեկտեմբեր 10,2002 00:00

Ջեռուցումն Էռնեկյանի գրպանի բանը չէ՞ Երեք օր է, ինչ ոչ թռիչքային եղանակի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքներ չեն իրականացվում: Սա, բնականաբար, մեծ խնդիրներ է առաջացնում ոչ միայն դիմավորող-ճանապարհողների, այլեւ հատկապես արտասահմանցի ուղեւորների համար: Ոչ թռիչքային եղանակի մեղավորն, իհարկե, Էդուարդո Էռնեկյանը չէ, բայց «Զվարթնոց» օդանավակայանի ստեղծած անհարմարությունների, ոչ մարդկային պայմանների պատասխանատվությունը միանշանակորեն միջազգային օդանավակայանի կառավարիչն է կրում: Մեր հարուստ, «աշխարհով մեկ 33 օդանավակայանների սեփականատեր» հայրենակիցը, կամ նրա խումբը, պարզվում է, մինչ օրս չի հոգացել օդանավակայանի շենքի ջեռուցման մասին: Սրա պատճառով, ինչպես վկայում են օդանավակայանի աշխատակիցներն ու ուղեւորները, անմարդկային ցուրտ պայմաններ են ստեղծվել: Աշխատակիցների պատմելով, օրերով մեկնելուն սպասող ուղեւորները ցրտին ու անհարմար պայմաններին չդիմանալով, «դժգոհություններից զատ, նաեւ հայհոյանքներ են տեղում աշխատակիցների հասցեին, հաշվի չառնելով, որ իրենք էլ են մրսում»: Սա այն դեպքում, երբ ընդամենն օրեր առաջ կառավարիչը հանդես եկավ օդանավակայանում արդեն 5,5 միլիոն դոլարի ներդրման հայտարարությամբ, ինչն, իհարկե, ստուգման կարիք է զգում: Այսպիսով, հարց է առաջանում, թե 5,5 միլիոն դոլար ներդրած գործարարին ի՞նչն էր խանգարում դրանից մի քանի հազարն էլ ջեռուցմանն ուղղել, եւ երկիրն այսպես չհեղինակազրկել: Թեեւ տեղեկացանք, որ մինչ օրս չեն ջեռուցվում նաեւ Քաղավիացիայի վարչության եւ «Հայկական ավիաուղիների» գրասենյակները, բայց, փաստորեն, պետությունն ավելի արդյունավետ էր կառավարում օդանավակայանը: Գոնե սրանից վատ չէր: Միաժամանակ, փաստ է, որ «Զվարթնոցում» մինչ օրս լուծված չեն այնպիսի տարրական խնդիրներ, ինչպիսիք են սայլակների, նորմալ տեղեկատու բյուրոյի բացակայությունը, սպասարկման մյուս ծառայությունների ցածր մակարդակը: Հարկ ենք համարում հիշել, որ այսօր լրանում է կառավարչի կողմից մաստեր-պլանի ներկայացման վերջին ժամկետը: Կպահպանվի՞ արդյոք ժամկետը, եւ ի՞նչ է դրանով խոստանալու կոնցեսիոները՝ կճտենք առաջիկայում: Ա. ՈՒ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել