Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցում

Դեկտեմբեր 26,2002 00:00

Ուսուցում Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը դարձել է մի իսկական բռնակալական օջախ: Դեկան Գառնիկ Անանյանը ուսանողներին շարունակում է համակրել ըստ նրանց քաղաքական կողմնորոշումների: Ընդդիմադիր «Այժմ» թերթում աշխատող մի ուսանողուհի հավատացնում է, որ այդ ֆակուլտետում դատապարտվում է Չարենցի պոեզիայի ինքնուրույն ընկալումը, քանի որ դեկանը չարենցագետ է՝ հեղինակ բանաստեղծին նվիրված մի շարք մենագրությունների: Օրերս պարոն Անանյանը ուսանողներին ընթերցել է Չարենցի բանաստեղծություններից մեկը եւ առաջարկել վերնագրել: Հիշյալ ուսանողուհին այն վերնագրել է «Հոգեդարձ»: Պարոն Անանյանն ասել է. «Հոգեդարձ թերթում ես աշխատում, դրա համար էլ ըտենց ես վերնագրում»: Աղջիկը պատասխանել է. «Ավելի լավ է հիմիկվա կուսակցական թերթում աշխատել, քան խորհրդային»: Գառնիկ Անանյանն անմիջապես որոշում է կայացրել՝ ուսանողուհուն վռնդել լսարանից հարյուրավոր ուսանողների ներկայությամբ: «Մինչեւ ուղեղդ ՀՀՇ-ից ու ԱԺՄ-ից չմաքրես, դասի չգաս»,- պատվիրել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը: Սա բռնակալության ամենաբացառիկ դեպքը չէ այս ֆակուլտետում: Այստեղ ուսանողներին առաջարկում են գրել դիպլոմային աշխատանքներ՝ նվիրված հայկական ժուռնալիստիկային, եւ պարտադրում, որ նման աշխատանքներում առնվազն 10 էջանոց մեջբերումներ արվեն ուրիշ գրքերից, այսինքն, ֆակուլտետի դասախոսների աշխատություններից: Մի ուսանողուհու (անունը չենք հրապարակում, քանի որ աղջիկը դեռ սովորում է) դիպլոմայինի թեման նվիրված է հայկական հեռուստատեսությունում քաղաքական բանավեճին: Ուսանողուհին վստահեցնում է, որ այս թեմայով հայերեն լեզվով գրականություն չկա: Ռադիոհեռուստատեսային ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը նրան առաջարկել է օգտվել օտարլեզվյա աղբյուրներից: Ուսանողուհին ասում է, որ ինքը տիրապետում է գերմաներենին եւ պատրաստ է Հովսեփյանի հետ գրազ գալ, որ գերմանացիները ոչ մի տող չեն գրել (իրենց թույլ չեն տվել, այսինքն, դեռ այդքան չեն ցածրացել) հայկական հեռուստատեսությունում քաղաքական բանավեճի մասին: Հիշեցնենք, որ Մուշեղ Հովսեփյանը ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանի երաշխավորած մարդն է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում եւ մեկն էր այն 6 մարդկանցից, որոնց շնորհիվ այս տարվա ապրիլի 2-ին փակվեց հայկական հեռուստատեսությունում քաղաքական բանավեճի միակ օջախը՝ «Ա1+»-ը: Ի դեպ, հաջորդ տարի ավարտվում են Գառնիկ Անանյանի լիազորությունները ֆակուլտետի դեկանի պաշտոնում: Չար լեզուները խոսում են այն մասին, որ նրան փոխարինելու է Մուշեղ Հովսեփյանը: ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿՅԱՆ www.hahr.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել