Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏՈ ԷԼ ԿԱՍԵՆ՝ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ «ԿԵՂՏ ԵՆ ՄԱՆ ԳԱԼԻՍ»

Մայիս 20,2003 00:00

ՀԵՏՈ ԷԼ ԿԱՍԵՆ՝ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ «ԿԵՂՏ ԵՆ ՄԱՆ ԳԱԼԻՍ» Ժամանակին ՀՀ նախագահի ընտրությանը հետեւող դիտորդական առաքելությունների ղեկավարներն առիթ էին ունեցել հանդիպելու ՀՀ ոստիկանապետին ու գլխավոր դատախազին: Բնականաբար, խոսքը երկու դեպքում էլ եղել էր ոչ միայն նախագահի ընտրության ժամանակ ընդդիմադիր թեկնածուի նախընտրական շտաբների ակտիվիստների կամ վստահված անձանց ձերբակալությունների, այլեւ՝ ընտրական գործընթացին ոստիկանների կոպիտ միջամտության, նաեւ տեղի ունեցած անօրինականությունների հեղինակներին պատժի ենթարկելու մասին: Չենք կասկածում, թե ՀՀ ոստիկանապետը կամ գլխավոր դատախազը հավաստիացրած չլինեին, որ մեղավորները կպատժվեն եւ իրավապահներն ամեն ինչ կանեն, որ առաջիկա ԱԺ ընտրություններում թույլ չտրվեն անօրինականություններ: Բայց մի բան է ասելն ու այլ բան՝ անելը: Ու, եթե ՀՀ ոստիկանապետն ու գլխավոր դատախազը նույնիսկ հրեշտակի թեւերով հիմա ներկայանան ու ասեն, թե ուժային կամ իրավապահ մարմինները ձեռնպահ են մնում ընտրական գործընթացներին միջամտելուց, միեւնույն է՝ նրանց չի հավատա ոչ ոք: Այսօր էլ նույն տակտիկան կիրառվում է այն թեկնածուների ու նրանց թիմակիցների նկատմամբ, ովքեր իշխանության թեկնածուն կամ դրածոն չեն: Ընդ որում, այսօրինակ ձեռնարկումները կատարվում են ոչ միայն ոստիկանության, այլեւ՝ հարկային մարմինների միջոցով: Իրավապահների նկատմամբ հավատ չկա, որովհետեւ անհնար է, որ գլխավոր դատախազը տեղյակ չլինի, որ իր տեղակալ Աղվան Հովսեփյանն անձամբ եւ ակտիվորեն է մասնակցում ԱԺ մեծամասնական ընտրակարգով Աշտարակի ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից մեկի քարոզարշավին: Վանաձորի թիվ 36 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ասելով, անցած ուրբաթ «ՆԳ Վանաձորի ռեգիոնալ վարչությունը սկսել էր զբաղվել» այդ ընտրատարածքի թեկնածուներից եւս մեկով, ով շատ ձայներ հավաքելու շանսեր ունի: Թեկնածուին՝ Վահան Մխիթարյանին, կանչել եւ ասել էին, որ եթե թեկնածությունը չհանի՝ պրոբլեմներ կունենա: Նույն իրավիճակն է նաեւ Աշտարակի թիվ 20 ընտրատարածքում: Այստեղ էլ Արագածոտնի ՆԳ տարածաշրջանային վարչության պետ Գոռ Ալեքսանյանի մակարդակով են կանչվել եւ ահաբեկվել, օրինակ՝ Մյասնիկ Մալխասյանի նախընտրական շտաբի անդամները: Պարոն Ալեքսանյանն էլ չի թաքցնում իր վարքագիծն ու դեռ գլուխ է գովում, թե «իհարկե», ահաբեկում է: «Առավոտի» նախորդ համարում արդեն գրվել է Քանաքեռ-Զեյթունի թիվ 4 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Վահագն Գրիգորյանի շտաբի անդամներին ոստիկանություն կանչելու մասին: Նմանատիպ տեղեկություններ կան նաեւ Նոր Նորքի թիվ 2, Նոր Նորք եւ Նորք համայնքների թիվ 3 ընտրատարածքներում առաջադրված թեկնածուների հետ կապված: Մասնավորապես թիվ 2-ում իշխանություններն, ըստ մեր տեղեկությունների, աշխատում են Մկրտիչ Մինասյանի օգտին, որին պաշտպանում է ՀՀԿ-ն, իսկ թիվ 3-ում՝ Ռաֆիկ Պետրոսյանի համար: Այսպես, անցյալ շաբաթավերջին Նոր Նորքի ՆԳ բաժին են կանչել այս ընտրատարածքներում առաջադրված մյուս թեկնածուների նախընտրական շտաբների անդամներից մի քանիսին: Նրանցից ոմանց, իբր, կանչել են ընտրատարածքում ընտրակաշառք բաժանելու հետ կապված հարցերով, մի մասի հետ զրուցել է Նոր Նորքի քրեականի պետ Աշոտ Կարապետյանը: Մարդկանց ասելով, իրենց տվել են, իհարկե, ընտրությունների հետ չառնչվող հարցեր, բայց բոլոր շտաբներում այդօրինակ քայլերը որակվում են՝ որպես առնվազն հոգեբանական ճնշումներ: «Առավոտը» պարզաբանումներ խնդրեց նաեւ պարոն Կարապետյանից: Նրա ասելով, իրենք շատերին են կանչում, բայց առանց հաշվի առնելու, թե ով ում շտաբից է, կամ շտաբի՞ց է, թե՞ ոչ: «Ծանր հանցագործություն է կատարվել, եւ մարդիկ կանչվում են այդ հանցագործության հետ կապված»,- ասաց Ա.Կարապետյանը՝ մեր հարցին ի պատասխան հավելելով, թե ընտրակաշառք բաժանելու մասին որեւէ բողոք չունեն եւ քննություն էլ, բնականաբար, չեն տանում: Տվյալ դեպքում, առիթ չունենք Ա.Կարապետյանին չհավատալու, բայց իրավունք ունենք կասկածելու, որովհետեւ թեկնածուների շտաբների ներկայացուցիչներին ամբողջ հանրապետությունով մեկ են կանչում ոստիկանություն: Այս ամենին հավելենք, որ հիշյալ փաստերին տեղյակ են եւ հետեւում են նաեւ ՀՀ-ում գտնվող դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել