Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՆ Է ՄԵԶ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Հունիս 24,2003 00:00

ԻՆՉՆ Է ՄԵԶ ԽԱՆԳԱՐՈՒՄ Ինչպես հայտնի է, ուրբաթ օրը հայտարարվեց «Ժողովրդավարության պաշտպանության կենտրոնի» ստեղծման մասին: Նոր հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի մեջ են մտնում Վ. Դալլաքյանը, Թ. Մանասերյանը, Գ. Մարկոսյանը, Վ. Խաչատրյանը եւ այլք: Իր առաքելությունը կենտրոնը տեսնում է Հայաստանում ընթացող քաղաքական եւ հասարակական զարգացումները իրական ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանեցնելու մեջ: Կենտրոնը հետամուտ կլինի մեր երկրում ժողովրդավարության ոտնահարման ցանկացած դրսեւորումներին արձագանքելուն եւ ՀՀ քաղաքացիների իրավունքների բոլոր, այդ թվում՝ նաեւ միջազգային ատյաններում, վերականգնմանը: Իր գործունեությունը կենտրոնը տեսնում է գաղափարակից հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների հետ սերտ համագործակցության շրջանակներում: Մեկնաբանելով արված հայտարարությունը՝ նախաձեռնողներից մեկը՝ Գայանե Մարկոսյանը, ասաց, որ հենց Կենտրոնի նշված նպատակների իրագործման համատեքստում են նրանք դիտարկում ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկման գործընթացին իրենց մասնակցությունը: Հետագա ծրագրերի ավելի ամփոփ ներկայացմամբ Կենտրոնը մոտակա օրերին հանդես կգա ասուլիսում, իսկ առաջիկա միջոցառումներից ըստ երեւույթին կլինի ՍԴ-ին նախագահական եւ ԱԺ ընտրությունների վերաբերյալ ներկայացված դիմում-բողոքների քննարկումը՝ քաղաքական վերլուծաբանների եւ իրավաբանների մասնակցությամբ: «Մեր խնդիրն է՝ ոչ թե մեղավորներին հայտնաբերելը, այլ պարզելը, թե ինչն է մեզ խանգարում իրականացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություններ, իսկ անցկացնելուց հետո՝ իրավական գնահատական տալ կայացած ընտրությունների ընթացքում տեղ գտած ակնհայտ խախտումներին»,- նշեց Գ. Մարկոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել