Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕՐԸ

Սեպտեմբեր 09,2003 00:00 Share

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕՐԸ Ընտրություններին եվրոպացիների կոշտ գնահատականը մեղմացնելու համար Հայաստանի խորհրդարանն իբրեւ փրկագին պատրաստվում է վերացնել մահապատիժը, եւ «Եվրոպական կառույցներին ինտեգրման» հանձնաժողով ստեղծում՝ որպես աչքակապության ուղիղ ճանապարհ: Իր աշխատանքները երեկ սկսած խորհրդարանի օրակարգում առաջին հերթին հայտնվեցին այն հարցերը, որոնք ուղղակի կապ ունեն Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ: Առաջին հերթին երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրինագիծը, որը պիտի ընդունված լիներ դեռ Եվրախորհրդին անդամակցելուց 6 ամիս անց, բայց այժմ դեռ պիտի անցնի երրորդ ընթերցում էլ: Օրինագծի ամենավիճահարույց հարցը մնում է այն, թե ով է նշանակելու մարդու իրավունքների պաշտպանին: Այս առնչությամբ օրենքի համահեղինակը՝ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը կարծիք հայտնեց, որ եթե ԱԺ խմբակցությունները համաձայնության գան որեւէ թեկնածուի վերաբերյալ՝ ՀՀ նախագահն անպայման կնշանակի նրան: «Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծն արժանացավ առավել հանգամանալից քննարկման: Սա կոալիցիայի եւ «Արդարության» համատեղ նախաձեռնությունն է: Որոշման նախագիծը ներկայացնողը՝ Տիգրան Թորոսյանը նշեց, որ հանձնաժողովը հետապնդելու է 3 խնդիրներ՝ նախ, պիտի ձգտեն հաջողությամբ ավարտին հասցնել Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները, հետո՝ մեր օրենսդրությունը պիտի բարելավեն ու համապատասխանեցնեն միջազգային չափանիշներին, ու վերջապես՝ պիտի ձգտեն պայմաններ ստեղծել նաեւ Եվրամիությանն անդամակցելու համար: Որքան էլ տարօրինակ թվա՝ հանձնաժողովի առնչությամբ առարկություններ ունեին առավելապես իշխանամետ պատգամավորները: Ասենք՝ ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանին չէր գոհացնում հանձնաժողովի անվանումը: «ՈՒԵՖԱ-ն էլ է ֆուտբոլային եվրոպական կառույց,- պնդեց նա:- Կոնկրետ անունները պիտի գրվեն, թե որ կառույցներին ենք ցանկանում ինտեգրվել»: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ մի՞թե այդ 3 խնդիրները չէր կարող իրականացնել ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը: Եվ իր ելույթում էլ պնդեց, թե ավելորդ հանձնաժողովներ ստեղծելով՝ լրացուցիչ ծախսեր են առաջանում, մինչդեռ կարելի էր բավարարվել մի ենթահանձնաժողով ստեղծելով մշտական հանձնաժողովում: «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը շարունակեց հարցը եւ պնդեց, թե «ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու պերմանենտ գործընթացի մեջ ենք ներքաշվում», մինչդեռ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այդքան էլ զբաղված չէ: Տիգրան Թորոսյանն իր բացասական պատասխանը հիմնավորեց հետեւյալ փաստարկներով, թե այդ հանձնաժողովը զբաղվում է արտաքին հարաբերությունների հարցերով եւ համաձայնագրերով՝ մնացածն, ըստ ԱԺ կանոնակարգի՝ իր լիազորությունների խնդիրը չէ: «Առավոտը» Տիգրան Թորոսյանին հիշեցրեց Լենինի խոսքերը, ըստ որի՝ հանձնաժողով ստեղծում են գործը թաղելու համար: Մեր դիտարկմանը, թե ժամանակավոր հանձնաժողովները հենց այդ ու նաեւ՝ դժգոհների բերանները փակելու խնդիրներն են հետապնդում. ասենք՝ ակնհայտ է, որ ավանդները չեն վերադարձնելու՝ հանձնաժողով են ստեղծում, որ լռեցնեն «Օրինաց երկրի» խաբեությունից դժգոհ մարդկանց: Կամ՝ եվրոպական կառույցները դժգոհ են մեր ընտրություններից ու ժողովրդավարության վիճակից՝ հանձնաժողով են ստեղծում նաեւ նրանց համար: «Եվրոպացիներն այդքան միամիտ չեն, որ հանձնաժողով ստեղծենք ու այդպիսով՝ ինչպես ասացիք, նրանց բերանը փակենք կամ հարցի տակից դուրս գանք: Այստեղ նման խնդիր էլ չկա:- պատասխանեց պրն Թորոսյանը:- Եվ կարծում եմ՝ այս հանձնաժողովի ստեղծման խնդիրը զուգահեռներ չունի այլ հանձնաժողովների հետ: Եթե այդ մեխանիզմն ինչ-որ մեկն օգտագործել է այլ նպատակով, կամ էլ Լենինն է հանձնաժողովների ստեղծումը բնութագրել նման ձեւով՝ չի նշանակում, որ բոլորս պետք է Լենինի կոչերն ընդունենք իբրեւ գործողության ուղեցույց»: Հետաքրքրվեցինք՝ եթե երկիրը շեղվի եվրոպական կառույցներին ինտեգրվելու ճանապարհից՝ հանձնաժողովը պիտի վերադարձնի այդ հո՞ւն: «Իհարկե, չի վերադարձնի: Եվ ոչ մեկը չի վերադարձնի շեղվողներին: Ճիշտ է, որ շեղվելու եւ վերադարձի խնդիրները թողնենք մարդկանց կամքին՝ ե՜րբ ուզում են՝ շեղվեն, ե՜րբ ուզում են՝ վերադառնան,- արձագանքեց ԱԺ փոխնախագահը:- Համոզված եմ, որ իսկապես բացարձա՛կ անհրաժեշտություն կա ստեղծել այս հանձնաժողովը: Այլ հարց է, թե իսկապես ի՛նչ արդյունավետությամբ կաշխատի: Համոզված եմ, որ որոշ նախապայմանների դեպքում՝ շատ ավելի արդյունավետ կաշխատի, քան մնացած բոլոր հանձնաժողովները»: Երեկ խորհրդարանը սկսեց նաեւ վերջին տարիների թերեւս ամենավիճահարույց հարցի ՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության» կոնվենցիայի՝ մահապատժի վերացման մասին 6 արձանագրության վավերացման քննարկումը: Թվում էր, թե արդեն հայտնի են այս առնչությամբ կողմ եւ դեմ փաստարկները: Սակայն՝ «Արդարություն» խմբակցության շնորհիվ՝ եղան նոր հարցադրումներ էլ: Արամ Գասպարի Սարգսյանը մատնանշեց, որ մահապատիժը վերացրած երկրները նախապես քրեածին իրավիճակը մեղմելու կանխարգելիչ քայլեր են անում՝ ասենք, փորձում են ապօրինի զենքերը հայտնաբերել եւ բռնագրավել, ու փորձեց պարզել, թե նման որեւէ գործողություն արե՞լ է Հայաստանը: Կամ՝ հաշվի առնելով այն, որ 6-րդ արձանագրությունը բացառություն է թույլատրում մահապատժի համար՝ «պատերազմի կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի դեպքում կատարված գործողությունների» համար՝ Վիկտոր Դալլաքյանը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում իրեն հաջորդած Ռաֆիկ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ ձեւակերպումը չի կարելի տարածել Ադրբեջանի հետ «նիրհող պատերազմի» պայմաններում «27»-ին կառավարության եւ ԱԺ-ի գլխատման վրա: Սակայն պատասխանը բացասական էր: Այս քննարկումների համար բնորոշ էր այն, որ գրեթե բոլոր զեկուցողներն ԱԺ ամբիոնից ազդարարում էին, թե իրենք դեմ են մահապատժի վերացմանը եւ կողմ, որ «27»-ի ոճրագործներն արժանանան առավելագույն պատժի, բայց դե՝ քանի որ Եվրախորհուրդը վերջնագիր է ներկայացրել մահապատիժը վերացնելու վերաբերյալ եւ այդ են պահանջում Հայաստանի պետական շահերը… «Դեմ ըլլալով՝ կողմ ենք» հայտարարությունների դեմ ընդվզեց Հմայակ Հովհաննիսյանը, պնդելով, թե փաստորեն առաջարկվում է «ոչ թե լինել եվրոպացի, այլ՝ ձեւանալ», նաեւ, որ Հայաստանը գործարքի է դիմում՝ փրկագին առաջարկում անարդար ընտրությունների դիմաց: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել