Լրահոս
Օրվա լրահոսը

Իգիթյանի կաբինետին մաքուր օդ է պետք

Հոկտեմբեր 02,2003 00:00

Իգիթյանի կաբինետին մաքուր օդ է պետք Իսկ Աբովյան 13-ի բնակչուհուն Գեղագիտական կենտրոնի խողովակները խանգարում են Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ԾԻԳ-ի կատարած վերանորոգումներից կամ արվեստագետներն են բողոքում, կամ մշակույթի օջախների տնօրենները, կամ էլ դրանց հարակից տների բնակիչները։ Երեւանի Ազգային գեղագիտական կենտրոնի (ԱԳԿ) տնօրինության գրասենյակի վերանորոգումը սկսվել է մի քանի ամիս առաջ։ Ճիշտ այդքան ժամանակ էլ «հարամվել» է Աբովյան 13 շենքի բնակիչ Կարինե Սարկիսովայի ընտանիքի հանգիստը։ Նրա բնակարանը գտնվում է շենքի կամարաձեւ միջանցքի (դալան) վրա, որտեղից շատ շուտով բնակարանի հատակին կպած դուրս է ցցվելու օդափոխիչ համակարգի մեծ խողովակը։ Բայց խնդիրը ոչ թե խողովակի ոչ գեղագիտական տեսքն է, այլ տանտիրուհու անհանգստությունը, որ համակարգն աշխատելիս աղմկելու է եւ ցնցելու է իր բնակարանը։ Մինչ այդ, շենքի ճակատի ամրացման նպատակով, առաջին հարկի պատերին շինարարները տեղադրել էին մետաղե հաստ ամրաններ, որից հետո «մեր պատշգամբի քարերը սկսել են ճաքճքել, բացի այդ, ամբարձիչ մեքենաները հարվածել եւ վնասել են դալանի վերնապատը։ Ո՞վ պետք է բոլոր վնասները վերականգնի»,- հարցնում է տիկին Սարկիսովան։ Նրա այս հարցը պատասխան չստացավ ո՛չ աշխղեկ Աշոտ Շավիլյանի, ո՛չ ֆինանսավորող «Մշակույթ» ԾԻԳ-ի ներկայացուցիչ Միքայել Աչյանի, ո՛չ էլ Գեղագիտական կենտրոնի փոխտնօրեն Մանվել Խաչատրյանի կողմից։ Աշղեկ Շավիլյանը նշեց, որ «տնօրենը (Հ. Իգիթյանը- Ռ. Ա.) շատ հյուրեր է ունենում, նրան մաքուր օդ է հարկավոր»։ Հետաքրքիր է, որ գեղագիտական կենտրոնի ցուցասրահները զրկված են մաքուր օդ շնչելու այս «բացառիկ» հնարավորությունից։ Իսկ «Մշակույթ» ԾԻԳ-ի ներկայացուցիչը վստահեցրեց, որ «համակարգն աշխատում է անձայն, առանց ցնցումների ու դղրդյունի» եւ որ «մի քանի թանգարաններում արդեն տեղադրված է, կարող եք համոզվել»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել