Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ու դրսի մոդելները

Հոկտեմբեր 04,2003 00:00

Մեր ու դրսի մոդելները Մեկնարկեց «Էլիթ մոդել լուք» մրցույթը Առաջին անգամ Անդրկովկասում անցկացվող «Էլիթ մոդել լուք» փառատոնից ժամեր առաջ կազմակերպիչները մամլո ասուլիս էին հրավիրել «Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային կենտրոնում։ Մրցույթի հայաստանյան կողմի ներկայացուցիչը «Արտ մոդելի» գործադիր տնօրեն Վիկտորյա Պողոսյանն է, որը, սակայն, այդպես էլ չերեւաց։ Իսկ մրցույթի համակարգող Արմեն Մանուկյանը, ինչպես նաեւ մրցույթի հետ կապ ունեցող եւ չունեցող մյուս հայ տղամարդիկ, բավարարվեցին ընդամենը Ֆրանսիայից ժամանած «Էլիթ մոդել» գործակալության սուպերմոդել Մարի Սալամբիեի հետ տարբեր դիրքերով բեմի վրա լուսանկարվելով։ Այդ պատճառով ասուլիսը շուրջ կես ժամ ուշ սկսվեց։ Իսկ արտասահմանցի հյուրերը, տեսնելով, որ իրենց մասին ոչինչ չեն ասում, ստիպված իրենք ներկայացան։ Ճիշտ է, սեղանին՝ փոքրիկ թղթերի վրա, անգլերենով գրված էին նրանց անունները։ Երեւան էին ժամանել «Էլիթ» գործակալության գլխավոր համակարգող Ստեֆան Պասիմորոն (Ֆրանսիա) եւ Վրաստանի AMCA գործակալության տնօրեն Սոֆիա Չկոնիան։ Հետաքրքրվեցինք, թե ինչու է հյուրերի՝ փառատոնի մասին պատմող բուկլետում էլ մասնակիցների անունները անգլերենով գրված, եթե Հայաստանի պետական լեզուն հայերենն է։ Թարգմանչուհին մեր հարցից զարմացավ. «Որովհետեւ մրցույթը միջազգային է, բացի այդ, Հայաստանում անգլերեն չիմացող մարդիկ չկան»։ Երկար ձգձգումներից հետո ասուլիսը սկսվեց։ Մարզամշակութային կենտրոնի մեծ դահլիճում հատուկենտ լրագրողներ էին ու մեկ էլ կենտրոնի աշխատակիցներ կամ չաշխատակիցներ (տղամարդիկ), որոնք իրենց ողջ ուշադրությունը բեւեռել էին ֆրանսուհի մոդելի երկար ոտքերին ու բաց պարանոցին։ Ստեֆան Պասիմորոն, որը մյուս երկու հյուրերի հետ ժյուրիի կազմում էր, խոսեց «Էլիթ» գործակալության մասին։ Նշեց, որ այն աշխարհի 36 երկրներում ունի գրասենյակներ, որոնք հիմնականում աշխատում են Նյու Յորքի եւ Փարիզի շուկայի համար։ Ինքը՝ «Էլիթը», գոյություն ունի 30 տարի եւ արդեն 20 տարի անց է կացնում մոդելային մրցույթներ։ «Մենք ազգային խտրականություն չենք դնում մոդելներ ընտրելիս։ Նրանց գնահատելիս հաշվի ենք առնում շուկայի պահանջը, ապա մոդելի տաղանդն ու արտաքինը»,- ասաց պարոն Պասիմորոն։ Ըստ նրա, ընտրության ամենակարեւոր չափանիշը մոդելի բարձր հասակն է, իսկ 90-60-90 համաչափությունը միշտ չէ, որ պահպանվում է։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա «Էլիթ մոդելի» համար մեր երկիրը նոր շուկա է, ուր կփորձեն որոնել նոր ուժեր եւ թարմություն։ Հայաստանում անցկացված մրցույթում (որին մասնակցում էին նաեւ ներկայացուցիչներ Վրաստանից) աչքի ընկածները կստանան համագործակցության առաջարկներ, իսկ լավագույնը կմասնակցի նոյեմբերի 8-ին Սինգապուրում կայանալիք մեծ շոուին։ Այնտեղ կհավաքվեն շուրջ 70 գեղեցկուհիներ՝ աշխարհի 40 երկրներից։ Պատասխանելով լրագրողների հարցերին, Ստեֆան Պասիմորոն նշեց, որ սպորտայինի նման, մոդելային կարիերան էլ պետք է վաղ սկսել. «Օրինակ, եթե մեկը 25 տարեկանում հանկարծ արթնանում է ու որոշում մոդել դառնալ, իհարկե, ոչինչ չի հաջողվում»։ Վրաստանի AMCA գործակալության տնօրեն Սոֆիա Չկոնիան էլ տեղեկացրեց, որ արդեն 6 տարի իրենց կազմակերպությունը զբաղվում է մոդելային բիզնեսով, իսկ վրացի շատ աղջիկներ աշխատում են արտասահմանում։ Ի դեպ, նրա հետ Երեւան էր եկել 7 մոդել։ Հետաքրքիր էր, որ Մարի Սալամբիեն պատրաստակամություն հայտնեց աշխատել Հայաստանում, եթե, իհարկե, հայերը լավ վարձատրեն։ Ս. Պասիմորոն էլ իսկույն հետաքրքրվեց. «Իսկ որքա՞ն կվճարեք հայերդ Մարիին»։ «Էլիթ մոդել լուքի» ժյուրիի կազմում էին նաեւ Հայ մոդելավորողների բիզնես-միության ներկայացուցիչ Զառա Մխեյանը, «Ֆերո», «Շվարցկոպֆ» ընկերությունների եւ «Արմենիա» TV ներկայացուցիչները։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Ուշ երեկոյան հայտնի դարձան մրցույթի հաղթողները՝ Կարինե Գայանյանը Հայաստանից եւ Նատա Նուդսուբիձեն Վրաստանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել