
«ԱՅՍ ԵՐԿԻՐԸ ՔԱՆԴՈՒՄ Է ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ» Վստահ է «Ազգային Միաբանություն» կուսակցությանը պատկանող Ալեքսան Կարապետյանը Կառավարության կուսակցականությամբ հիացած չեն նաեւ կոալիցիայից դուրս քաղաքական ուժերը։ Նույնիսկ կոալիցիայի անդամ կուսակցություններն են հասկանում, որ իրենց որոշումը օվացիաներով չէր ընդունվելու, եւ հենց այդ պատճառով առաջ քաշվեց պրոֆեսիոնալիզմի եւ սկզբունքների մասին «փափկացնող» ձեւակերպումները։ Սակայն, լուրջ մտավախություն կա, որ հիմա նույնիսկ ամենասովորական «ջրի մարդը» ստիպված է լինելու կուրծք ծեծել իր կուսակցական պատկանելության մասին հայտարարություն անելով։ Երեկ ճեպազրույցների ժամանակ խորհրդարանական խումբ-խմբակցությունների ղեկավարները (նույնիսկ իշխանամետ) դեմ են արտահայտվում կառավարության կուսակցականացմանը։ ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց՝ անհասկանալի է մնում, թե կուսակցականացված կառավարությունը «ո՞նց է մշակելու գաղափարախոսությունների ու ծրագրերի այն ոսկե միջինը, որն իրականացնելու է։ Ըստ իս, դա լինելու է կոմպրոմիսային որոշումների շարք։ Ես չեմ գտնում, որ այդ կոմպրոմիսային որոշումներն այն են, ինչ որ այսօր պետք են Հայաստանի Հանրապետությանը»։ Ալեքսան Կարապետյանի («ԱՄ») կարծիքով, այս երկիրը քանդում է կուսակցական պատկանելությունը. «երկրում առանց այն էլ քիչ մարդ է մնացել, փոխանակ հավաքեն այդ մարդկանց եւ ասեն, որ անկախ կուսակցական պատկանելությունից եկեք երկիրն այս վիճակից հանենք, դեռ ավելի են սրում այս վիճակը»։ Պրն Կարապետյանի եզրահանգումը խիստ հետաքրքիր էր. այս իրավիճակը ձեռնտու է «ԱՄ»-ին. «որովհետեւ ժողովուրդը նորից կհամոզվի, որ այս երկիրը պետք է քանդվի ու նորը սարքվի»։ Պրն Կարապետյանը կարծիք հայտնեց, թե կոալիցիայի ներթափանցումը կյանքի զանազան ոլորտներ՝ ֆաշիզմ է հիշեցնում։ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նկատեց. «Կոալիցիան փոխանակ սակագների հնարավոր թանկացումներով զբաղվի, զբաղված է աթոռակռվով եւ պաշտոններ բաժանելով»։ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանն իր հերթին նկատեց, որ երկրի համար պատասխանատվություն ստանձնած կուսակցությունները պետք է ունենան նաեւ այդ պատասխանատվությունն իրականացնելու մեխանիզմներ։ Իսկ պաշտոնների շուրջ առաջացած աժիոտաժը Կարեն Կարապետյանը չի արդարացնում եւ ցանկանում է տեսնել բոլոր հարցերի հավասարակշռված լուծում։ Կոալիցիայի անդամ խմբակցությունների ղեկավարների կարծիքն իրենց «ստեղծագործության» մասին, իհարկե, խիստ դրական էր։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը փաստեց, որ պրոֆեսիոնալները շարունակելու են պաշտոնավարել. «սկզբունքը հետեւյալն է՝ որպեսզի երկրում հստակեցվի պաշտոնական համակարգը։ Բացարձակ պրոֆեսիոնալ մեծամասնությունը քաղաքացիական պաշտոններ են եւ երկիրը հիմքով, իր անվտանգությամբ պաշտպանված է օրենքով։ «Քաղծառայողի մասին» օրենքը գործում է, մրցույթներն անցկացվում են եւ որեւէ խոսք կուսակցական պաշտոնների մասին չի կարող լինել»։ ՕԵԿ խմբակցության նախագահ Սամվել Բալասանյանը վստահեցրեց, որ պաշտոնների բաժանման հարցը մինչեւ ԺԷԿ-երի պետերի մակարդակի չի հասնի (նման վտանգ տեսնում էր Ալեքսան Կաւրապետյանը.- Մ. Ե.) եւ հայեցողական պաշտոններում կնշանակվեն պրոֆեսիոնալներ։ Լրագրողներից մեկի հարցին՝ պրոֆեսիոնա՞լ են, արդյոք, ՕԵԿ նախարարները, պրն Բալասանյանը դրական պատասխան տվեց, սակայն որպես օրինակ հրապարակեց միայն ԿԳ նախարար Սերգո Երիցյանի անունը։ Իսկ մշակույթի նախարար Թամար Պողոսյանը որակվեց որպես «լուրջ քաղաքական գործիչ»։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կտրուկ շեշտադրումները երեկվա դրությամբ բավականին փոխված էին։ Նա երկրի անվտանգության հարցերում, կարծես թե, այլեւս վտանգ չի տեսնում, այլ մտածում է. «խոսքը վերաբերում է նրան, որ ոչ թե պարտադիր կուսակցական պետք է գա (հավանաբար, նկատի ունի որեւէ մեկի որեւէ հայեցողական պաշտոն զբաղեցնելը.- Մ. Ե.), այլ պարզապես կոալիցիայի շրջանակներում նշանակումները կկատարվեն՝ հաշվի առնելով պրոֆեսիոնալիզմը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ


















































