Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՁ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ»

Հոկտեմբեր 10,2003 00:00

«ԻՆՁ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ» Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 4-ին Երեւանում կայացած «Էլիթ մոդել լուք» միջազգային մրցույթում լավագույն են ճանաչվել Կարինե Գայամյանը՝ Հայաստանից եւ Նատա Նուդսուբիձեն՝ Վրաստանից։ Երկու մոդելները նոյեմբերի 8-ին Սինգապուրում կայանալիք շոու-մրցույթում կներկայացնեն Անդրկովկասը։ Հայ մոդելը՝ Կարինեն, հերքեց պտտվող այն լուրերը, որ իր տեղը նախապես գնված էր. «Հայկական մենթալիտետն է նման լուրերի պատճառը։ Եթե մեկը հաջողություն է ունենում որեւէ ոլորտում, ձախողվածներն իսկույն հայտարարում են, թե «խոսացած էր»։ Կարինեն բացառեց պայմանականությունները երեւանյան մրցույթում, որը անց էր կացնում «Արտ մոդել» գործակալությունը՝ ֆրանսիական «Էլիթ մոդել լուք» ընկերության լիցենզիայով։ Ըստ նրա, մոդելի ճիշտ ընտրությամբ իսկապես շահագրգիռ էր ֆրանսիական կողմը, որովհետեւ «նրանց հետ պիտի մոդելն աշխատի ու նաեւ նրանց գումար բերի»։ Հիշեցնենք, որ «Էլիթ մոդել լուք» մրցույթի ժյուրիի կազմում էր Ֆրանսիայից ժամանած «Էլիթ» գործակալության ներկայացուցիչը՝ Ստեֆան Պասիմորոն։ Նա ներկայացրեց, որ աշխարհի 36 երկրներում «Էլիթն» ունի գրասենյակներ, որոնք հիմնականում աշխատում են Նյու Յորքի ու Փարիզի շուկայի համար։ «Էլիթը» գոյություն ունի 30 տարի եւ արդեն 20 տարի անցկացնում է մոդելային մրցույթներ։ Ներկայումս Կարինեն նախապատրաստվում է սինգապուրյան մրցույթ-շոուին, որին կմասնակցի 70 մոդել՝ աշխարհի 60 երկրից։ Միջազգային մրցույթում հաջողության հասնելու դեպքում մոդելը հնարավորություն կունենա աշխատել արտերկրի հայտնի գործակալությունների հետ։ Իսկ եթե ընդգրկվի առաջին եռյակում, կստանա 250 հազար ԱՄՆ դոլար պարգեւ։ «Մեծ գումար շահելու դեպքում կմտածեմ արտերկրում ուսում ստանալու մասին»,- խոստովանեց Կարինեն, որն այս տարի ընդունվել է Եվրոպական համալսարանի տուրիզմի բաժին, սակայն ուսման վարձի (790 ԱՄՆ դոլար) պատճառով չի հաճախում դասերին։ «Առավոտի» հարցին՝ «ինչպե՞ս է պատկերացնում հայ մոդելը համագործակցությունը հավանական հովանավորների հետ», Կարինեն պատասխանեց. «Ինձ ոչ մեկը իրավունք չունի սեփականաշնորհելու» (նկատի ունի այն տարածված «ավանդույթը», երբ գեղեցկության ու մոդելային մրցույթների հաղթողները դառնում են դիրք եւ հարստություն ունեցող» հովանավորների «սեփականությունը»- Ս. Դ.)։ 2002-ից Կ. Գայամյանը «Արտ մոդելում» է, մասնակցել է դերասանական արվեստի, պլաստիկայի, քայլքի դասընթացների։ Նա ցուցադրում է հայաստանյան տարբեր ֆիրմաների զգեստներ. «Դա իմ աշխատանքն է, որի արդյունքի 80%-ը ստանում եմ ես, իսկ 20%-ը՝ գործակալությունը։ Թեեւ արտերկրում մոդելը վարձատրվում է 60։40 հարաբերակցությամբ»։ Կարինեն տարօրինակ չհամարեց ֆրանսիացի սուպերմոդել Մարի Սալամբիերի Հայաստանում աշխատելու ցանկությունը, մանավանդ որ, դրսի մոդելներին վճարում են իրենց երկրների «գներով»։ Ինչ վերաբերում է Հայաստանին, մոդելային արվեստը մեր երկրում առաջին քայլերն է անում, շատերը նույնիսկ գաղափար էլ չունեն այդ մասին։ «Եթե արտասահմանում աշխատելու առաջարկ ստանամ եւ դրսում մոդելային բիզնեսում ինձ լավ զգամ, վերադառնալ չեմ խոստանում»,- հայտարարեց Կ. Գայամյանը՝ չկամենալով, սակայն, առաջ ընկնել սինգապուրյան մրցույթից։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել