Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՓԱԽՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հոկտեմբեր 14,2003 00:00

ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՓԱԽՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ Դատարանում ահաբեկիչներն ամբաստանյալ են, իսկ անջատված մասով՝ վկա «Հոկտեմբերի 27» քրգործով հերթական դատական նիստը մինչեւ ժամը 13.30-ը դարձյալ դռնփակ էր։ Երբ հայտարարվեց, որ դատական նիստը դռնբաց է, այդ ժամանակ էլ տուժողի շահերի ներկայացուցիչ Լեւոն Եղիազարյանը հանդես եկավ հայտարարությամբ։ Նա հայտնեց, որ «Հայլուրով» տեղի է ունեցել փակ գաղտնի նիստից արտահոսք։ Ըստ պետական լրատվամիջոցի, Նաիրի Հունանյանը հայտարարել է, որ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին ոճրագործության օրը ասել է, թե պատրաստ է մտնել դահլիճ կրակելու։ Տուժողի ներկայացուցիչը պահանջում էր պատասխանատվության ենթարկել այն մարդուն, ով գաղտնի նիստից տվել է այդ լուրը։ Անսպասելի հայտարարություն արեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանը։ Նա ասաց. «Եթե հրապարակվել է այն, ինչ իմ հետ է կապվում, ես դա չեմ հաստատում։ Ես չեմ հաստատում «Հայլուրի» ասածը»։ Ամբաստանյալ Վռամ Գալստյանը եւս հանդես եկավ միջնորդությամբ, ասաց, որ իր նկատմամբ գաղտնալսումները չեն դադարեցված, որ այն արվում է հոգեբանական ճնշման մտադրությամբ եւ որ գաղտնալսումները ապացուցողական ոչ մի արժեք չունեն եւ պետք է վերադարձվեն։ Դատավոր Ուզունյանը հիշեցրեց, որ այս գործից անջատված մասով քննությունը շարունակվում է եւ ապա իր զարմանքը չթաքցրեց, ասելով. «Այդ ինչ գաղտնալսում է, երբ դուք գիտեք այդ մասին»։ Իսկապես ապացույցների հետազոտման փուլում երկակի վիճակ է ստեղծվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում։ Դատավարության կողմերը հանդես են գալիս ասես կես «հաստիքով» ամբաստանյալ, կես «հաստիքով» վկա՝ անջատված մասով։ Երբ ընթերցվեցին Նաիրի Հունանյանի 1999թ. դեկտեմբերի 20-ի գրառումները (իրականում՝ քսիֆները, որոնք առգրավվել են նրա խցից), ամբաստանյալը շատ լավ որսալով պահը, խորհուրդ տվեց մեղադրող Հակոբ Մարտիրոսյանին՝ «կարեւոր բաները ուղարկել անջատված մաս»։ Մեր տեղեկություններով, ապացույցները գտնվում են թե այս գործի վարույթում, թե անջատված մասով վարույթում (ժամանակին փաստաբանները զգուշացնում էին, որ անջատված մասը դանդաղ գործողության արկ է՝ դրված այս քրգործի վարույթում)։ Մի հայտարարությամբ էլ հանդես եկավ Կարեն Հունանյանի պաշտպանը՝ Համլետ Ավետիսյանը, որն, ի դեպ, մինչեւ վերջերս «ուրբաթախոսի» համբավ ուներ։ Նա դատարանից պահանջում էր «ապացույցների օգտագործման անթույլատրելիությունը հաստատելու մասին» որոշում կայացնել։ Նրա կարծիքով էլ, վկա Խաչիկ Հովհաննիսյանի եւ իր պաշտպանյալի հետ առերեսումը եղել է «կողմնորոշիչ գործողություններից» հետո։ Կողմնորոշիչը, ըստ նրա, այն էր, որ Խ. Հովհաննիսյանին ցույց են տվել Կ. Հունանյանի լուսանկարը։ Պաշտպանը գտնում է, որ Խ. Հովհաննիսյանը իր առաջին ցուցմունքում ճշմարիտ չի նկարագրել ահաբեկչին, եւ նա չէ Արմենակյանին սպանողը։ Պաշտպանի նմանօրինակ միջնորդությունը ապացուցում էր անկախ դիտորդների այն պնդումը, թե սկսվել է «երաշխիքներ» փախցնելու ժամանակը։ Չհետազոտված ապացույցի դիմաց դրա անթույլատրելիությունը հաստատելու մասին որոշում պահանջելը, մեղմ ասած, իրավաբանական մտքի գյուտ է։ Իսկ դռնփակ նիստում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, հետազոտվել են այն փաստաթղթերը, որոնք վկայում էին Նաիրի Հունանյանի՝ ԱԱՆ գործակալ լինելը («հասարակական կարգով գործակալ»՝ ինչպես պնդել է ամբաստանյալը) եւ մերժվել է Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւի այն միջնորդությունը, որով նա պահանջել էր դատարան ներկայացնել գործակալների ցուցակը, որոնք համագործակցել են ահաբեկիչների հետ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել