Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱՅՑԻՑ

Հոկտեմբեր 15,2003 00:00

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱՅՑԻՑ Ի տարբերություն Վանաձոր կատարած նախընտրական այցելության, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 10-ին շարքային վանաձորցիների հետ չհանդիպեց, իսկ այն վայրերը, որտեղ նա այցելեց, հատուկ հսկվում էին, որպեսզի նրան մոտեցող կամ հարցով դիմող չլինի։ Մի քանի միամիտ քաղաքացիներ հույս ունեին նախագահին նամակ փոխանցել, սակայն, ի տարբերություն նախընտրական հանդիպման, այս անգամ դրանք նախագահին հանձնելու պատրաստակամություն չցուցաբերվեց նրան ուղեկցողների կողմից։ Դեռ ժամը 11-ից փակ էին այն փողոցները, որտեղով պետք է անցներ նախագահական շքախումբը։ Այդ «արտակարգ իրավիճակային» պայմաններում զարմանք հարուցեց ավտոճանապարհի եզրերը տերեւներից մաքրող (ավելի ճիշտ՝ «թոզուդուման» բարձրացնող) ցախավելավոր 2 կանանց ժամանակավրեպ ակտիվությունը՝ Տիգրան Մեծի պողոտայում։ Սոցիալական ծառայությունների կենտրոնում այդ օրը դադարեցվել էր 2000թ. գործազրկության նպաստների բաշխման գործընթացը, քանի որ նախագահի այցելությունների ծրագրում նաեւ սոցիալական կենտրոնն էր ընդգրկված։ Ըստ այդմ, նախագահը նպաստառուների հերթը տեսնելու հնարավորություն չունեցավ։ ՀՀ նախագահի հետ դահլիճային հանդիպման մուտքը հրավիրատոմսերով էր, մամուլի ասուլիսի մասնակիցները ընտրված էին միայն «պատասխանատու» լրատվամիջոցներից։ Ինչպես պարզվեց ասուլիսի հեռարձակումից, նախագահը խոստովանել է, որ Վանաձորի քիմգործարանի վերագործարկումը իր չիրականացված խոստումն է։ Ի դեպ, մամուլի ասուլիսը տեղական հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվեց ամբողջությամբ։ Չէր մոնտաժվել անգամ այն պահը, երբ նախագահը մարզպետին բավականին խիստ դիտողություն արեց։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել