Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքը կա, մնում է կիրառել

Հոկտեմբեր 16,2003 00:00

Օրենքը կա, մնում է կիրառել Երեկ «Թեքեյան» մշակութային կենտրոնում Հետաքննող լրագրողների ընկերակցության տեղեկատվության ազատության կենտրոնը կազմակերպել էր կլոր սեղան։ Հրավիրվել էին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, Հունգարիայի տեղեկատվության ազատության տվյալների պաշտպանության պառլամենտական նախկին հանձնակատար Լազլո Մաչթեյնին, Եվրոպական ծրագրերի տնօրեն Լուիթգարդ Համմերերը եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Օրակարգի թեման առնչվում էր Հայաստանում տեղեկատվության ազատության խնդիրների հետ։ Ինչպես գիտեք, այս տարվա սեպտեմբերի 23-ին ԱԺ-ի կողմից ընդունվել է ՀՀ օրենքը տեղեկատվության ազատության մասին, որի մասին, ինչպես Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոդդոյանը ասաց, իրազեկված չէ հասարակության 90%-ը, իսկ 99%-ն էլ տեղյակ չէ, թե ինչպես պետք է կիրառվի, գործողության մեջ դրվի վերոնշյալ օրենքը։ Այդ օրենքը նախատեսում է տեղեկությունների գրանցումն ու պահպանումը, տեղեկությունների մատչելիության եւ հրապարակայնության ապահովումը, նաեւ սահմանափակումները։ Ըստ այս օրենքի, տեղեկությունը դիմողին է տրվում 5-օրյա ժամկետում եւ եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը եւ դրա տրամադրումը իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում՝ նրան տրամադրել նաեւ այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը։ Ըստ Լուիթգարդ Համմերերի, միայն Բուլղարիայում 50 գործ է մտել դատարան՝ կապված տեղեկատվության մատչելիության հետ եւ դատարանը միայն 10 հայց է մերժել։ Նրա կարծիքով, կարեւորվում է այս պահին հասարակական կազմակերպությունների դերը, թե նրանք ինչ կարող են անել տեղեկատվության ազատությունը ապահովելու հարցում։ «Տեղեկատվության ազատությունը ոչ միայն հայեցակարգ է, այլ մարդու իրավունք է։ Տեղեկատվության հասանելիությունը պետք է լինի կանոն»,- ասաց նա։ Անդրադառնալով Բուլղարիայում կիրարկման կարգին, նա ասաց, որ 26 քաղաքներում հրավիրվել է 100 սեմինար, որ համակարգողները գործում էին մշակված ծրագրի համաձայն եւ որ պետական մարմիններին ոչ միայն պետք է վերահսկել, այլ նաեւ օգնել։ Հայաստանում ընդունված օրենքի հոդված 12-ի համաձայն, տեղեկատվություն տնօրինողների պարտականությունները նախատեսված են 5 կետերով. ապահովել տեղեկությունների մատչելիությունը, իրականացնել դրանց գրանցումը, դասակարգումը, պահպանումը, տեղեկություններ փնտրող անձին տրամադրումը հավաստի եւ ամբողջական տեղեկությամբ։ Տեղեկացնենք նաեւ, որ այս օրենքը ընդունվել է ԱԺ կողմից 100 ձայնով։ Մնում է պարզապես գործել սույն օրենքի շրջանակներում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել