Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՑ ՍԵՐ ՉԵՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ»

Հոկտեմբեր 17,2003 00:00

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՑ ՍԵՐ ՉԵՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ» Պետական մյուս պաշտոնյաներից սեր չակնկալող պետական պաշտոնյան ՀՀ նախագահի կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մշակման, հասարակական կազմակերպությունների եւ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Բագրատ Եսայանն է։ Երեկ նա լրատվամիջոցներին ներկայացրեց իր աշխատանքի հիմնական ուղղությունները։ Պրն Եսայանը ճիշտ գուշակեց. լրագրողներին ավելի շատ (հարցերից դատելով՝ բացառապես) հետաքրքրում էր իր իրավասությունների առաջին մասը (կոռուպցիայի դեմ պայքարը)։ Առաջ ընկնելով ասենք, որ նախագահի խորհրդականը, ի տարբերություն ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտնած կարծիքի, ասաց, որ Հակակոռուպցիոն առանձին մարմին ստեղծելու կամ չստեղծելու մասին միանշանակ եզրակացություն չի եղել։ Կառավարության համապատասխան ծրագիրը կազմող աշխատանքային խմբում ընդգրկված լինելով իբրեւ Դաշնակցության ներկայացուցիչ՝ պրն Եսայանը վկայում է, որ այդ պայքարն ընդունվել է իբրեւ կոալիցիայի առաջնահերթություններից մեկը։ «Երեք կուսակցությունների փոխադարձ համաձայնությամբ եղել է եզրակացություն՝ ռազմավարությունն ընդունելուց հետո պետք է այն իրականացվի, ինչը կվերահսկվի եւ կհամադրվի։ Սակայն դա ինչպես կլինի. կստեղծվի առանձին մարմին, ինչ լիազորություններով կլինի այդ մարմինը, կամ չի ստեղծվի այդպիսի մարմին, այդ հարցը բաց է թողնվել։ Որովհետեւ սրա պատասխանը պետք է տրվի ժամանակի ընթացքում՝ ուսումնասիրություններն ավարտելուց հետո»։ Պրն Եսայանը կոռուպցիան բնութագրեց իբրեւ «հասարակական հիվանդություն», ոչ թե կոնկրետ ոլորտների խնդիր։ «Պետք է այն արմատախիլ արվի հասարակական գիտակցությունից։ Սա եմ համարում մեր խնդիրը»։ Հատկանշական է, որ Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի թղթակցինն էր հետեւյալ հարցը. «Չե՞ք կարծում, որ կոռուպցիան ոչ թե հասարակության, այլ իշխանության հիվանդություն է»։ Նախագահի խորհրդականը գերադասում է կտրուկ չտարանջատել հասարակությունը եւ իշխանությունը, թեեւ կոռուպցիա նշանակում է իշխանության գերազանցում։ Հետեւաբար եւ կոռուպցիայի դեմ պայքարելը պրն Եսայանը չի համարում իշխանության պայքարն իր իսկ դեմ։ Որպես իր առջեւ դրված խնդիրներ, Բ. Եսայանը (փաստորեն նաեւ՝ ՀՀ նախագահը, քանի որ այդ ուղղությունները նրա հավանությանն արժանանալուց հետո կարող էին հրապարակվել) տեսնում է Հայաստանում առկա կոռուպցիայի ռիսկերի եւ օջախների բացահայտումը, դրանց պատճառների ուսումնասիրությունը, ծավալի գնահատումը։ Այս ամենի հիման վրա նախագահին կներկայացվեն կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի վերաբերյալ առաջարկներ։ Ի դեպ, առաջին այդպիսի առաջարկություններ կլինեն 3-4 ամիս հետո։ Այս ընթացքում պրն Եսայանը կարեւորում է միջազգային համապատասխան փորձի ուսումնասիրությունը եւ հասարակության (այդ թվում՝ եւ ԶԼՄ-ների) հետ տարվող աշխատանքը։ Եկող երկուշաբթի նախատեսված է հանդիպում հակակոռուպցիոն դաշինք կազմած 26 ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։ Պրն Եսայանը, հավանաբար կարծելով, որ իրեն կարող են վերագրել չափազանցված ֆունկցիաներ, ընդգծեց. «Նախագահի խորհրդականի պարտականությունները գործադիր իշխանության լիազորություններ չեն ենթադրում, սա խորհրդատվական ինստիտուտ է»։ Նա զերծ է մնալու «պետական տարբեր մարմինների գործառույթներին խառնվելուց» եւ ենթադրում է, որ «ինչ-որ օղակներում խոչընդոտներ լինելու են» կոռուպցիայի դեմ պայքարն իրականացնելիս։ Թեեւ կոռուպցիան հասարակական գիտակցության մեջ է, բայց դրա դեմ պայքարի ծրագրում առանձնացված են կոնկրետ ոլորտներ։ Որպես յուրաքանչյուր հայաստանցու առնչվող ոլորտներ, առաջնությունը տրվել է առողջապահության եւ կրթության համակարգերին։ Պրն Եսայանը գտնում է, որ այդ համակարգերի հետ շարքային քաղաքացին ավելի շատ է շփվում, քան իրավապահ մարմինների հետ: Իսկ թե որ ոլորտներն են առավել կոռումպացված, պրն Եսայանը խոստացավ ներկայացնել ուսումնասիրություններից հետո։ «Մեր երկրի վիճակը ես անհույս չեմ գնահատում, ինչպես գնահատում են հասարակության շատ անդամներ»,- ասաց նախագահի խորհրդականը։ Բնականաբա՛ր. էլ ինչու պիտի համաձայներ այս պաշտոնին։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Բագրատ Եսայանը երեկ լրագրողների խնդրանքով հրապարակեց իր՝ արդեն իսկ հայտարարագրված ունեցվածքը՝ 100 քմ բնակարան քաղաքի կենտրոնին մոտ, երկու ավտոմեքենա։ Վերջին երկու տարվա եկամուտների մասին խոստացավ հայտնել մի քանի օրից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել