Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՋԱՓՆՅԱԿԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԾԱԽՍԵՐԸ

Հոկտեմբեր 23,2003 00:00

ԱՋԱՓՆՅԱԿԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԾԱԽՍԵՐԸ Միայն անցյալ տարի է համայնքը սկսել թաղել հարազատ չունեցողներին Նոյեմբերի 2-ին Աջափնյակ համայնքում թաղապետի ընտրություններ են լինելու: Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու նպատակ ունի նաեւ գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը, որը վստահ ենք, համայնքի բնակիչների հետ իր հանդիպումներում դեռ կպատմի, թե համայնքում որքան գործ է արվել իր թաղապետ եղած ժամանակաշրջանում: Հիմա մի կողմ թողնենք այն, ինչ թաղապետը կարող է ասել իր ընտրազանգվածին եւ անդրադառնանք իրական փաստերին, որոնք ավելի հետաքրքիր են: Ըստ այդմ, անցած երեք տարիների ընթացքում՝ 2000-2002թթ, համայնքի բյուջեն եւ եկամտային, եւ ծախսային մասերով աճ է գրանցել: Միայն 2002թ.-ին Աջափնյակի բյուջեի եկամտային մասը փաստացի կազմել է 744946,5 հազ. դրամ, որից համայնքին հատկացված միայն դոտացիան կազմել է 569139,5 դրամ: Ասել է թե, համայնքն ինքն իր բյուջեում հավաքագրել է միայն 175807 հազ. դրամ՝ այն դեպքում, երբ համայնքի բյուջեի եկամուտները համալրվում են հողի հարկից, գույքահարկից եղած մուտքերով, ոչ հարկային եկամուտներով, գույքի օտարումից, տեղական տուրքերից, բենզինի, գազի, խմիչքի եւ ծխախոտի վաճառքի թույլտվությունից, գովազդից եւ այլն: Ասենք, 2001թ. տվյալներով, համայնքում հաշվառված 20 բենզինի վաճառքի կետերից գանձումներ կատարվել են միայն 12-ից: Կամ՝ նույն 2001-ին, օրինակ, «Ֆիլիպ Մորիս» ֆիրմային փոքր ծավալի գովազդի համար կնքված պայմանագրում տեղական տուրքը նվազեցված է եւ կնքված է 30 հազ. դրամ, օրենքով նախատեսված 250 հազար դրամի փոխարեն, ինչը համարվում է տեղական տուրքի գանձման կոպիտ սխալ: Ինչ վերաբերում է համայնքի հավաքագրած տարեկան տուրքերին, ապա Աջափնյակում դրա կատարողականը 2002-ին կազմել է ընդամենը 59,6 տոկոս, երբ մայրաքաղաքում միջին տոկոսը կազմել է 82,3 տոկոս: 2002-ին թերակատարվել են նաեւ ժամանակավոր շինությունների տեղադրման, ոգելից խմիչքների եւ ծխախոտի վաճառքի թույլտվություններից փաստացի մուտքերը: Փոխարենը ծախսային մասը միայն 2002-ին փաստացի կազմել է 89,5 տոկոս: Ըստ համայնքի ներկայացրած թվերի, ստացվում է, որ միայն 2002-ին համայնքի կանաչապատման, փողոցների բարեկարգման, շահագործման եւ պահպանման ծախսերը փաստացի կատարվել են 99,9 տոկոսով: Սրա արդյունքում Աջափնյակը պետք է որ մայրաքաղաքի ամենականաչապատ համայնքը լիներ, մինչդեռ այդպիսին համարվելուց շատ հեռու է: Կամ՝ պարզվում է, որ չնայած 2000-2001-ին, ասենք, համայնքում հարազատներ չունեցող մարդկանց թաղումների համար թաղապետարանը ոչ մի լումա չի ծախսել, բայց ահա 2002-ին այդպիսի թաղումները կտրուկ աճ են արձանագրել եւ այդ նպատակներով նախատեսված 8 մլն դրամից ծախսվել է ավելի քան 7 մլն. դրամ, կամ՝ փաստացի նախատեսվածի 91,2 տոկոսը: Կամ՝ համայնքի լուսավորության համար նախատեսված 1մլն. դրամն, օրինակ, անցյալ տարի ընդհանրապես չի ծախսվել: Փոխարենն այս տարի ԱԺ ընտրությունների առիթով պատգամավորներից մի քանիսը թեեւ արդեն հոգացել էին այդ ծախսերը, այդուհանդերձ, այսօր լույսերն անջատվել են, թերեւս, ավելի ուշ՝ թաղապետի ընտրությունների առիթով կրկին վառվելու հույսով: 2002-ին համայնքի բյուջեում ծախսային հատվածում ամենամեծ տոկոսն արձանագրվել է կառավարման ապարատի պահպանման տողում՝ 97,3 տոկոս: Պարզվում է անցյալ տարի այս նպատակով նախատեսված 59543,7 դրամից 57916,1-ը ծախսվել է: Կա եւս մի ցուցանիշ, որն այս տարի է արձանագրվել՝ Սողոմոն Թեհլերյանի կիսանդրու բացման կապակցությամբ: Պարզվում է, թաղապետարանն այդ նպատակով հատկացրել էր 50 մլն դրամ, կամ՝ շուրջ 87 հազար դոլար: Սա այն դեպքում, երբ մայրաքաղաքի կենտրոնում Առնո Բաբաջանյանի արձանը քանդակելու համար պահանջվել էր ընդամենը 50 հազար դոլար: Կարծում ենք, ամենաքիչը կարելի է կասկած հայտնել այս ծախսումների նպատակային լինելու առիթով: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել