Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՄՅԱՆԸ ՁԵՌՔ Է ՄԵԿՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ

Հոկտեմբեր 23,2003 00:00

ԳԵՂԱՄՅԱՆԸ ՁԵՌՔ Է ՄԵԿՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարել էր, թե իր կուսակցությունը պատրաստ է համագործակցել կոալիցիա կազմած ուժերի հետ, եւ պատրաստակամություն հայտնել մեղմացնել քննադատությունը նրանց նկատմամբ, լինել ավելի հանդուրժողական: – Ինչո՞վ է պայմանավորված նման պատրաստակամությունը: – Քաղաքական բոլոր ողջամիտ գործիչների համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության պետականությունը վտանգված է միայն եւ միայն իշխանությունը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանի եւ նրա միակ հենարանի՝ Սերժ Սարգսյանի պատճառով: Ռոբերտ Քոչարյանը մերժելի է քաղաքական բոլո՛ր կուսակցությունների կողմից. ուղղակի ոմանք դրա մասին ասում են հրապարակայնորեն, իսկ ոմանք էլ՝ գոնե մտերիմների հետ զրուցելիս են խոստովանում, թե հարկադրված են մաս կազմել կոալիցիային: Քոչարյան-Սարգսյան տանդեմի հեռուն գնացող քաղաքականությունն է բոլոր ուժերին միմյանց հետ կռվեցնելը, որ հասարակությունն այն տպավորությունը ստանա, թե լինի ընդդիմադիր կամ իշխանամետ՝ բացի գզվռտոցից եւ միմյանց նկատմամբ մեղադրանքներ հարուցելուց՝ ընդունակ չեն այլեւս եւ ոչ մի բանի: Փոխնախարարների պաշտոնների շուրջ իրարանցումը, որը սիրով մեկնաբանում են իշխանամետ լրատվամիջոցները՝ դրա վկայությունն է: Այս պայմաններում, բնականաբար, պիտի փորձեինք մեր գործընկերներին՝ ԱԺ-ում ներկայացված կուսակցություններին զերծ պահել ազգակործան զարգացումներից: Առավել եւս, որ ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ «Օրինաց երկիրը» երբեք ու երբեք աչքի չեն ընկել ազգակործան այնպիսի դրսեւորումներում, ինչպիսիք «27»-ը կամ հետագայում տեղի ունեցած վայրագություններն են: Հայաստանի զարգացման խոչընդոտը ոչ թե կոալիցիայի կուսակցությունների միջեւ, կամ ընդդիմության եւ կոալիցիայի միջեւ առկա հակասություններն են, (որոնք անշուշտ կան), այլ ոչ լեգիտիմ իշխանությունների՝ ամեն գնով սեփական իշխանությունը վերարտադրելու ձգտումը: Ահա այս պատճառով եմ կոալիցիային մաս կազմող ուժերին հորդորել՝ դուք դեռ այնքան արատավոր գործարքներով չեք պախարակել ձեր կուսակցությունները, եւ քանի շուտ է՝ կանգնե՛ք, սթափվե՛ք, քանի որ այն ուղին, որն առաջարկում է Քոչարյան-Սարգսյան տանդեմը՝ կործանարար է հայոց պետականության համար: – Ինչո՞վ է պայմանավորված, որ հիմա եք հանդես գալիս նման հորդորով: Ի՞նչ խնդիրներ կարող եք լուծել այդ համագործակցությամբ, երբ իշխանության նկատմամբ վերաբերմունքի հարցում «Ազգային միաբանության» եւ կոալիցիայի դիրքորոշումները տրամագծորեն հակադիր են: – Քաղաքական իրական գործչի տարբերությունը քաղաքականությամբ զբաղվողից պայմանավորվում է նրանով, թե որքանով է նա տեսնում հեռանկարային զարգացումները: Ես հեռանկարային զարգացումները տեսնում եմ այսպես, որ այս իշխանությունները՝ ի դեմս Քոչարյան-Սարգսյան տանդեմի, իրենց կարեւորությունը կկորցնեն հենց այն պահից, երբ հարկադրված լինեն ստորագրել հաշտեցման այն պայմանագրի ներքո, որը առաջարկվելու է Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից: Իսկ որ դա առաջիկայում լինելու է՝ բոլորիս համար ակնհայտ է. թե չէ միջազգային հանրությունը՝ մասնավորապես ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն երբե՛ք ու երբե՛ք չէին փակի իրենց աչքերն այն խայտառակ ընտրությունների առջեւ, որոնք տեղի ունեցան Հայաստանում եւ Ադրբեջանում: Սա վկայում է, որ լինի Փարիզում, թե Քի-Վեսթում՝ լուրջ պայմանավորվածություններ են եղել Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ, եւ դրանց կատարումը հետաձգվել է վերջիններիս խնդրանքով, քանի որ Ադրբեջանում եւ Հայաստանում պետք է իրականացվեին ընտրություններ: Նրանք ուղղակի թայմ-աութ էին խնդրել, եւ պատահական չէ, որ ԱՄՆ-ն, ՌԴ-ն կամ ԵՄ երկրները շատ զիջողաբար վերաբերվեցին Ադրբեջանի ընտրություններին, քանի որ, բնականաբար, Իլհամ Ալիեւը շարունակելու է իր հոր քաղաքականությունը: – Կոալիցիոն ուժերի կողմից պատասխան նշաններ զգո՞ւմ եք, թե նրանք եւս պատրաստ են նման համագործակցության: Չէ՞ որ, ինչպես Հմայակ Հովհաննիսյանը նկատեց, նրանք «ուղղակի ատամներով են կառչած» Ռոբերտ Քոչարյանից եւ իշխանությունից: – Բացարձակապե՛ս այն կարծիքին չեմ, թե ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն իրենց վարկը եւ հեռանկարային տեղն ու դիրքը կպայմանավորեն մի իշխանությամբ, որի ձախողման մեջ ի խորոց սրտի համոզված են բոլորը: – Բացի աթոռակռվի մանրամասներից, որոնց անդրադառնում են բոլոր լրատվամիջոցները՝ որեւէ այլ ապացույց ունե՞ք հիմնավորելու «Ազդակում» արած Ձեր հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանն իրականացնում է կոալիցիան պառակտելու քաղաքականություն: – Պարոն Քոչարյանը ոչ թե միայն այժմ կոալիցիայի հանդեպ է իրականացնում այդ քաղաքականությունը, այլ նաեւ իր ողջ պաշտոնավարման ընթացքում: «Բաժանիր, որ տիրես»-ը նրա աշխատանքային ոճն է: Եթե ուշադիր վերհիշեք՝ ո՛ւմ հետ էր նա ճանապարհ ընկել, եւ հետո ինչպե՛ս բաժանվեցին այդ ճանապարհները՝ հարցը կկորցնի իր արդիականությունը: Նա ընդունակ չէ հանդես գալ ազգը համախմբող որեւէ գաղափարով: Նա եւ ոչ մի կարգախոս չունի միակամ դարձնելու ազգին: Դրա հետ մեկտեղ՝ նա երբեք ու երբեք չի կարող պաշտոնավարել հանգիստ պայմաններում, քանի որ ընտրված չէ: Իսկ այդ դեպքում փորձում են հնարավորինս շղարշ ստեղծել, որ եթե ինքը չլինի՝ ընդհանրապես ամեն ինչ կվերածվի քաոսի: Այդ տպավորությունը հիմնավորելու ճանապարհին նա փորձում է իրար բախեցնել ընդդիմության թեւերը կամ կոալիցիային մաս կազմող ուժերը, որ խճճված պայքարի, իրարամերժ գաղափարախոսությունների քաոսում մարդիկ ընդհանրապես հիասթափվեն քաղաքական ընտրանուց եւ ասեն, որ միեւնույն է՝ այս նեղ մտածողությունն ունեցող, պաշտոնակռիվ տվող գործիչներից ոչինչ դուրս չի գա, ուստի ի՞նչ տարբերություն՝ սրա՞նք կլինեն, թե՞ նրանք: Եվ իրենք կհասնեն այն ամայությանը, որի պայմաններում կկարողանան վերարտադրել սեփական իշխանությունը եւ Քոչարյանն իշխանությունը կհանձնի Սերժ Սարգսյանին: Այս մարտավարությունը կործանարար է երկրի համար: Եվ երբ այն գիտակցում ես՝ այո՛, ավելի լավ է քննադատության թիրախ դառնաս, բայց կոչ անես կոալիցիային մաս կազմող կուսակցություններին, որ չդառնան զենք պրն Քոչարյանի այդ նենգ քաղաքականության իրականացման գործում: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Արտաշես Գեղամյանն անդրադարձավ նաեւ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրինագծին: Նրա նկատառումներն՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել