Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

Հոկտեմբեր 24,2003 00:00

Ո՞Վ Է ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ Հասարակության համար կարծես թե չկան միանշանակ հեղինակություններ ԵԽ-ի առաջ պարտավորություններ կատարելով ՀՀ ԱԺ-ն մի քանի օր առաջ ընդունեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը։ Օրենքը որոշակի աշխատանքային պրոցեդուրա անցնելուց հետո շուտով կհասնի նախագահական նստավայր եւ 21 օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը պետք է այն ստորագրի։ Դրանից հետո, հավանաբար, արագ կնշանակի մարդու իրավունքների պաշտպանին։ Նախագահը, ըստ ամենայնի, ազատ է՝ կուզի կխորհրդակցի ԱԺ խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ, չի ուզի՝ չի խորհրդակցի։ Տրամաբանական է ենթադրել, որ «խորհրդակցելը» զուտ ձեւական բնույթ է կրելու։ Ըստ օրենքի, մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում նշանակվում է 35 տարին լրացած ՀՀ քաղաքացին. «որն ունի բարձրագույն կրթություն, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության բնագավառում գիտելիքներ եւ փորձ, վայելում է բարձր հեղինակություն հասարակության մեջ»։ Հայաստանում ամեն առավոտ հազարավոր գեներալներ, նախագահներ, «բարձր հեղինակություն» ունեցողի հավակնություններով մարդիկ են արթնանում, շատ դժվար է գտնել արժանավորին։ Բայց, հավանական է, որ Ռոբերտ Քոչարյանն ամենեւին նման խնդիր չի էլ հետապնդում, եւ չի էլ պատրաստվում լապտերը ձեռքին փնտրել թիվ մեկ օմբուդսմենին։ Նա շատ հանգիստ եւ առանց աչքը թարթելու կնշանակի նրան, ով կլինի իրեն հավատարիմ եւ իր սրտով։ Թեպետ նախագահի շրջապատից ոմանք պնդում են, թե նա այլ բան է ասել՝ առաջարկել է, որ խորհրդարանական ուժերն իրար մեջ պայմանավորվեն եւ միասնական թեկնածու առաջարկեն, ինքը դեմ չի լինի։ Վստահ ենք, եթե նույնիսկ նախագահը նման բան է առաջարկել, էլի ինքն է լինելու ընտրողն էլ, նշանակողն էլ։ Մենք փորձեցինք ճշտել՝ խորհրդարանական խումբ- խմբակցություններն իրենք իրենց համար որոշում կայացրե՞լ են, թե ով է լինելու օմբուդսմենը։ Պարզվեց, որ ոչ մի ուժ հարցը չի քննարկել, սպասում են, որ նախագահն օրենքը ստորագրի։ Հավանաբար, օրենքի ստորագրումից հետո օմբուդսմենի նշանակումն օրերի խնդիր կլինի եւ արդեն նոյեմբերին (թեպետ մինչեւ հունվարի վերջ ժամանակ է տրված) Հայաստանը կունենա մարդու իրավունքների առաջին պաշտպանին։ Որ դա չի լինի Պարույր Հայրիկյանը, երեւի, ոչ ոք չի կասկածում։ Շրջանառության մեջ են դրված անուններ, որոնցից ոչ մեկն առայժմ լուրջ չի ընդունվում։ Պարզ է, թե երբեմն որ անունն ի՞նչ նպատակով է հրապարակ նետվում։ Օրինակ, եթե խոսք գնաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հնարավոր թեկնածության մասին, պետք է որ հասկանալի լիներ, թե ո՞վ էր դրա ետեւում կանգնած։ Եթե շրջանառվում է Հովհ. Ասրյանի, Արմեն Հարությունյանի, Ալվարդ Պետրոսյանի, Լարիսա Ալավերդյանի անունները, ապա պարզ է, որ ՀՀ այս քաղաքացիներից յուրաքանչյուրը դեմ չէր լինի իրեն օմբուդսմենի պաշտոնում տեսնել։ Չի կարող ռեալ լինել, ասենք, Վիկտոր Դալլաքյանի հավանական թեկնածությունը։ Ըստ ամենայնի, այս անունը շրջանառության մեջ է նետվում հենց իշխանական համապատասխան մարմինների կողմից՝ ներկա քաղաքական ժարգոնով՝ «փչացնելու» նպատակով։ Հավանաբար, նախագահին շատ հոգեհարազատ կլինի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի թեկնածությունը, բայց պրն Հարությունյանը չի թողնի իր նախարարական լծակները եւ չի գնա միայն աշխատասենյակ, ավտոմեքենա, քարտուղարուհի եւ միլիոն գլխացավանք պարունակող մի աշխատանքի, որը ոչ միայն անշնորհակալ գործ է, այլեւ՝ ենթադրում է «կռիվ գնալ» հենց իշխանության դեմ։ Ճիշտ այդպես էլ օմբուդսմեն երբեք չեն նշանակվի մարդիկ, որոնց «Առավոտն» է համակրում՝ Վարդան Հարությունյան, Ավետիք Իշխանյան, Էդիկ Բաղդասարյան։ Այդ արժանավոր մարդիկ համակրելի են նաեւ նրանով, որ որեւէ պաշտոնի (այդ թվում՝ օմբուդսմենի) հավակնություն չունեն։ Մեր նյութն արդեն պատրաստ էր տպագրության, սակայն որոշեցինք մինչ հրապարակելը թեմայի շուրջ զրուցել նաեւ ԱԺ փոխնախագահ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի թիվ մեկ մասնագետ Տիգրան Թորոսյանի հետ։ Պրն Թորոսյանը չուզեց խոսել անունների մասին, ասաց միայն. «օրենքն ընդունելուց ոչ պակաս կարեւոր է այն հանգամանքը, թե ով է լինելու մարդու իրավունքների առաջին պաշտպանը։ Այս հարցը կարեւորում են ԵԽ-ի ե՛ւ ղեկավարները, ե՛ւ փորձագետները։ Կարծում եմ, մեր պարտավորությունների կատարման շրջանակի մեջ այս նշանակումը կունենա չափազանց մեծ նշանակություն»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել