Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը շատ փակ երկիր է»

Հոկտեմբեր 29,2003 00:00

«Հայաստանը շատ փակ երկիր է» Ասում է «Հայաստան-2020» ծրագրի կոորդինացիոն խորհրդի նախագահ, Ռուսաստանի «Ռոսգոսստրախի» գլխավոր գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանը: – Որպես հաջողության հասած երիտասարդ գործարար, որ նաեւ դրսից է հետեւում Հայաստանի իրադարձություններին, ինչո՞ւ Հայաստանը արտասահմանյան ներդրողների համար այնքան էլ հուսալի չէ: – Պատճառները տարբեր են: Նախ այն, որ Հայաստանի ներքին շուկան շատ փոքր է: Եվ մեզ համար դժվար է դառնալ տարածաշրջանային շուկա, քանի որ հարեւան երկրների կողմից մենք մինչեւ վերջ բարեկամաբար չենք ընկալվում: Այնպես որ, Հայաստանը արտասահմանյան որեւէ ներդրողի համար ընկալվում է իբրեւ ներքին փոքր շուկայով երկիր, որը չունի տարածաշրջանային շուկա: Ցածր է նաեւ բիզնեսի կուլտուրայի մակարդակը: Ընդհանուր ենթակառուցվածքները, համակարգերը այնքան զարգացած չեն, որ ներդրողն իրեն հարմարավետ զգա: Շատ կարեւոր տարր է նաեւ այն, որ Հայաստանը մոնոազգային երկիր է: Դա զգացվում է հենց օդանավակայանից. եթե դու հայ չես եւ քեզ ոչ ոք չի դիմավորում, ոչ ոք քեզ չի սպասում: Չնայած այն բանին, որ շատ հայեր են ապրում արտասահմանում, որոնք մեծ հաջողությունների են հասել տարբեր բնագավառներում եւ ղեկավար մարմիններում, դժվար է պատկերացնել, որ որեւէ այլազգի մարդ կարող է այստեղ բարձր պաշտոն զբաղեցնել: Շատ ներփակված ենք մենք մեր մեջ: – Անկախացումից հետո եւ այսօր էլ մի խումբ մարդկանց տրվեց ու տրվում է բիզնեսի համար պարարտ դաշտ, մենաշնորհային հնարավորություններ, արտոնություններ: Այդ պատճառով շատ քիչ թիվ են կազմում նրանք, ովքեր գաղափարի, սեփական հնարավորությունների եւ մրցակցության արդյունքում են գործարար դառնում: – Հայաստանը շատ փակ երկիր է: Տպավորություն կա, որ Հայաստանի գործարարների բիզնես-նպատակն այն է, որ մուտք գործեն Ազգային ժողով, իշխանական համակարգ եւ ոչ թե ձգտում են, ասենք, իրենց բաժնետոմսերը վաճառել Նյու Յորքի բորսաներում: Դա նույնպես հետեւանք է մոնոազգային հասարակության եւ ներքին փոքր շուկայի: Մենք ասիական երկիր ենք եւ պետությունը շատ է խառնված տնտեսության մեջ: Ինչ վերաբերում է գործարարների՝ ԱԺ մուտք գործելուն, ապա շատ երկրներում է այդպես: Ռուսաստանում էլ նույն պրոցեսն է. շատ գործարարներ գուբերնատորներ դարձան: Բիզնեսից իշխանության եկած մարդիկ համեմատաբար ավելի ինքնուրույն ու անկախ են: Նրանք այսօր հասարակության ակտիվ մաս են եւ այդ դատարկ տեղն իրենք են առայժմ լցնում: – Խնդիրն այն է, որ մեզանում գործարարը քաղաքականություն է մտնում իրեն եւ իր բիզնեսը հնարավորինս անձեռնմխելի դարձնելու, իր բիզնես- հարցերը լուծելու համար եւ շատ հաճախ նրանք այնտեղ են հայտնվում իշխանություններին մատուցած ծառայությունների դիմաց: – Կարեւորն այն է, թե քո բիզնեսով որքանո՞վ ես դու մրցունակ: Եթե մրցունակ ես, ապա անկախ այն բանից, թե որքանով է պետությունը քեզ աջակցում, դու միշտ հաջողության ես հասնում: Պառլամենտ են մտնում ոչ միայն պետության հովանու տակ պաշտպանվելու համար, այլ որովհետեւ միշտ կա վախ արտաքին ու ներքին մրցակիցներից: Դա վախն է ոչ կոմպետենտությունից, որ հանկարծ մի օր նույն դաշտում կհայտնվի մրցակից, որը կփոխի խաղի կանոնները, թելադրող կլինի: Եթե վաղը եւեթ ազատ մրցակցություն հայտարարվի՝ նրանցից շատերը կպարտվեն: Այդպիսի գործարարները եւ վախենում են այդ մոդելից, եւ միաժամանակ մրցակցության վախից ձգտում են պահպանել այդ մոդելը: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031