Լրահոս
Օրվա լրահոսը

«35-Ը ՍԿԻԶԲ Է՝ ՄԵԾ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Նոյեմբեր 11,2003 00:00 Share

«35-Ը ՍԿԻԶԲ Է՝ ՄԵԾ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» Նոյեմբերի 8-ին շնորհավորելով ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի 35-ամյակը՝ ասաց, ինչպես նրան ներկայացրին՝ «ՕԵԿ-ի կարկառուն ներկայացուցիչներից մեկը»՝ Սերգո Երիցյանը: Կուսակցության 6-րդ համագումարը համընկել էր այդ «մեծ շարունակության» սկզբին: Նախընտրական շրջանում ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն «Օրինաց երկրի» հասցեին ակնարկում էր, թե այն «տնաբույծների եւ լաչառների» կուսակցություն է: Շաբաթ օրը կայացած համագումարում պրն Հովհաննիսյանն ՕԵԿ-ին անվանեց «երիտասարդ, բայց դինամիկ զարգացող»: Մի խիստ վիճարկելի հաճոյախոսություն էլ արեց, թե ՕԵԿ-ի զարգացումը վկայում է, որ «կարելի է սեփական ուժերով հասնել հաջողության քաղաքական ասպարեզում»: Սակայն համագումարներում ընդունված է շռայլել հաճոյախոսություններ: Ուստի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ ազդարարեց. «Օրինաց երկիրը», ինչպես ցանկացած կուսակցություն, ունի իր ուրույն ձեռագիրը, անկախ նրանից, թե այդ ձեռագիրն ու գործունեությունն այլ կուսակցություններ ինչպես են ընկալում»: ՕԵԿ-ը քիչ անց հերթական անգամ ապացուցեց, որ իրոք յուրահատուկ է, եւ անգամ իշխանության մեջ լինելով հանդերձ՝ ընդդիմադիր գնահատականներով է հանդես գալիս: Այսպես՝ «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե 2003-ի ԱԺ ընտրություններն ուղեկցվել են «թե՛ ընտրախախտումներով, թե՛ փողի եւ ռեսուրսների գործադրմամբ»: Չհստակեցրեց, թե հատկապես ինչ ռեսուրսներ են գործադրվել, սակայն ակնհայտ էր, որ քարը նետված էր դաշնակցի՝ ՀՀԿ-ի ուղղությամբ: «Օրինաց երկրի» տեսակետից՝ ՀՀ իշխանությունների կողմից վերջին տասնամյակում իրականացվող տնտեսական քաղաքականությունը տեսականորեն հռչակվել է բարեփոխիչ, սակայն արդյունքային տեսանկյունից՝ չի բավարարում բարեփոխումների տրամաբանությանը,- միջանկյալ հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանի մատնանշած ժամանակահատվածի շուրջ կեսը երկիրը ղեկավարել է կոալիցիայի 4-րդ կողմը՝ Ռոբերտ Քոչարյանը:- Ակնհայտ է, որ առանձին դեպքերում իշխանական լծակները կիրառվել են տնտեսության գրավիչ ոլորտներում սեփական կլանային մենաշնորհների հաստատման, սեփականաշնորհման մեխանիզմները՝ նեղ խմբակային շահերի հարմարեցման, իսկ մի շարք դեպքերում՝ դրանց հանցագործ յուրացման ուղղությամբ: ՕԵԿ-ը գտնում է, որ պաշտոնական տեղեկատվությամբ մատուցվող մակրոտնտեսական կայունությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ բնակչության գերակշիռ մեծամասնության սոցիալական վիճակը ծանր է: Նկատելի գործնական քայլեր չեն իրականացվում պետական կառավարման համակարգում կոռուպցիային դիմակայելու, օրինազանցությունները պատժելու, պատասխանատվության եւ փոխադարձ վստահության մթնոլորտ ձեւավորելու ուղղությամբ»: Այս եւ երկրում առկա այլ «բազմաթիվ թերությունների եւ բացթողումների համար», ըստ Արթուր Բաղդասարյանի՝ «կուսակցությունը չի կարող պատասխանատու լինել, քանի որ ընդամենը մի քանի ամիս է, ինչ մաս ենք կազմել իշխանությանը եւ այն հարձակումները, որ կան ՕԵԿ-ի դեմ՝ գերազանցապես պատվիրված են, կրում են ուղղորդված բնույթ»: Խոստացավ, որ ժամանակին այս ամենի մասին կխոսեն փաստերով եւ անուններով. «ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի իրականացումը ձեռնտու չէ բոլոր նրանց, ովքեր օգտվելով իշխանության կերակրամանից՝ թաթախված են կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ»: Արթուր Բաղդասարյանը ազդարարեց, թե պատրաստ են «ամբողջական իրավական եւ քաղաքական պատասխանատվություն» կրել ԱԺ-ի եւ կառավարության գործունեության համար: Վարչապետից մեկնաբանություններ խնդրեցինք այս գնահատականների առնչությամբ: Այն պնդման առնչությամբ, թե «մակրոտնտեսական կայունությունը չի համապատասխանում իրականությանը»՝ Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Ուղղակի որոշակի հարցեր խառնվեցին իրար: Մեր ունեցած մակրոտնտեսական ցուցանիշներն իրական են, համապատասխանում են իրականությանը: Ուրիշ խնդիր է, որ «մակրոտնտեսականի» փոխարեն պիտի ասեր միկրոտնտեսական ցուցանիշներ, որոնց առնչությամբ ինչպես ՀՀԿ-ն եւ կառավարությունը, այնպես էլ հանրապետության նախագահը բազմիցս ասել են, որ անհամապատասխանություն գոյություն ունի»: Հիշեցմանը, թե խոսվեց նաեւ իշխանության կերակրամանից օգտվող եւ կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ թաթախվածների մասին՝ վարչապետն արձագանքեց. «Նորից չսրենք իրավիճակը: Այո՛, որ կոռուպցիա գոյություն ունի՝ ոչ մեկը չի ժխտում: Կոռուպցիայի բաղադրիչ մասերից մեկն այն է, որ այդ պաշտոնյաները գտնվում են կառավարության, գործադիր կամ օրենսդիր իշխանության շրջանակներում… Այսինքն՝ նորություն չէր ասածը՝ ՀՀԿ-ն եւ կառավարությունն այդ մասին էլ են բազմիցս ասել: Եվ մենք ենք 2 տարի առաջ նախաձեռնել կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը»: Անդրանիկ Մարգարյանին հարց ուղղեցինք, թե չի՞ կարծում, որ պոպուլիզմի որոշակի չափաքանակը, որի առկայության մեջ Ռոբերտ Քոչարյանը կշտամբեց կոալիցիային՝ հատկապես ՕԵԿ-ի գործելակերպի հետեւանքն է: «Պատահական չէր, որ ասացի, թե յուրաքանչյուր կուսակցություն ունի իր գործելաձեւն ու ոճը,- ի պատասխան ասաց պրն Մարգարյանը:- Եվ կոալիցիան բոլոր 3 կուսակցությունների միաձուլումը չէ, որ բոլորն արտահայտեն մեկ տեսակետ»: Գնահատելով ՕԵԿ-ի օգտակար գործողության գործակիցը կոալիցիայում՝ վարչապետն ասաց. «Եթե կոալիցիայի մեջ չլինեին՝ շատ ավելի էին խոսելու կառավարության դեմ, քան հիմա»: Համագումարի ավարտից հետո Արթուր Բաղդասարյանից էլ մեկնաբանություններ խնդրեցինք իր գնահատականների վերաբերյալ: «Մենք արձանագրում ենք ե՛ւ կատարված դրական աշխատանքը, ե՛ւ չենք կարող աչք փակել այն բազմաթիվ թերությունների վրա, որոնք կան,- պատասխանեց նա:- Եվ սա՛ է հենց «Օրինաց երկիրը»՝ մենք կողմ ենք սատարելու դրական գործընթացներին եւ կապ չունի՝ եթե նույնիսկ իշխանության մեջ ենք, բայց տեսնում ենք, որ երկրում կա կոռուպցիա՝ մտադիր չենք աչք փակել դրա վրա»: Թեեւ 35-ը լրանալուց հետո Արթուր Բաղդասարյանը կարող է արդեն առաջադրվել նախագահի թեկնածու՝ այդ մասին տրված հարցին ի պատասխան ասաց. «Մենք նման հավակնություններ չունենք: Դրանք շահարկումներ են, որոնք կան քաղաքական դաշտում: Հայաստանի նման անկանխատեսելի երկրներում, որտեղ չգիտես, թե վաղն ինչ կլինի՝ անհեթեթ է նման բաների մասին խոսելը: Մենք այսօր դեռ պիտի ամրանանք իշխանության մեջ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել