Լրահոս
Օրվա լրահոսը

Անհնազանդության մեկնարկ՝ Վրաստանում

Նոյեմբեր 11,2003 00:00

Անհնազանդության մեկնարկ՝ Վրաստանում Երեկ Թբիլիսիի կենտրոնում շարունակվող բազմամարդ հանրահավաքի ժամանակ արմատական ընդդիմության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է քաղաքացիական անհնազանդության համավրաստանյան շարժում սկսելու մասին: Նման ծայրահեղ քայլի դիմելու անհրաժեշտությունը նա պատճառաբանել է նախագահ Շեւարդնաձեի՝ ընդդիմության պահանջների նկատմամբ «կատեգորիկ մերժողական» կեցվածքով: Հիշեցնենք, որ նախօրեին Շեւարդնաձեն հանդիպել էր ընդդիմության առաջնորդների հետ, որոնք գործող նախագահից պահանջել էին նոյեմբերի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների քվեները վերահաշվարկել իրենց օգտին, կամ ընտրությունները հայտարարել չկայացած: Ընդդիմությունը նաեւ պահանջել էր Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականը, ինչին վերջինս խիստ բացասաբար է արձագանքել: Չնայած դրան, Շեւարդնաձեն հայտարարել է ընդդիմության հետ իր հանդիպումները շարունակելու պատրաստակամության մասին: Մինչդեռ, Վրաստանից ստացվող տեղեկություններով, հանրապետության ողջ տարածքում բանակը բերվել է մարտական առաջին աստիճանի պատրաստականության: Միեւնույն ժամանակ, ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, թե առկա են օպերատիվ տվյալներ՝ մայրաքաղաք Թբիլիսի մեծ քանակությամբ զենք տեղափոխելու նախապատրաստության մասին: Նախարարությունում չեն ճշտել, թե ում համար է նախատեսված զենքը, թեեւ նշել են, որ այդ օպերացիան կանխելու նպատակով ոստիկանական ուժեղացված ջոկատները դեպի մայրաքաղաք բերող մայրուղիներում ստուգում են բոլոր մեքենաները: Ընդդիմության շրջանակներում համոզված են, որ այդպիսով փորձ է արվում կասեցնել հանրահավաքին միանալու նպատակով մայրաքաղաք ժամանող մարդկանց հոսքը: Այդ պնդումները, բնականաբար, պաշտոնապես չեն հաստատվում: Ավելին, Վրաստանի Պաշտպանության նախարարությունում կտրականապես ժխտել են զինուժը ներքաղաքական խնդիրների կարգավորման նպատակով օգտագործելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, դիտորդները նշում են ներքաղաքական աննախադեպ լարվածության եւ վերահաս անկանխատեսելի գործընթացների մեծ հավանականության մասին: Երեկ լուր ստացվեց, որ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի Ասպինձորի շրջանում պայթեցվել է տեղի հիվանդանոցը: Պայթյունն իր հզորությամբ հավասարազոր է եղել տրոտիլի 800 գրամի համարժեքին: Հիվանդանոցի շենքն ամբողջությամբ ավերվել է: Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր եւ վիրավորներ չկան: Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ ցուցարարների մի հոծ խմբի, այնուամենայնիվ, հաջողվել է հաղթահարել ոստիկանական արգելապատնեշը եւ թափանցել մայրաքաղաք: Պարբերաբար ստացվող տեղեկություններով, նախագահի նստավայրի առջեւ ընթացող հանրահավաքը ժամ առ ժամ ահագնանում եւ ծավալվում է, ինչը որոշակիորեն խուճապի է մատնել իշխանություններին: Իբրեւ այդ խուճապի ցայտուն ապացույց կարող է ծառայել Շեւարդնաձեի՝ երեկ նախատեսվող հապճեպ այցը Աջարիա՝ ստեղծված իրավիճակի շուրջ Ասլան Աբաշիձեի հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Այս համատեքստում թերեւս արժե հիշել, որ Շեւարդնաձեն Աբաշիձեի օգնությամբ մեկ անգամ արդեն իսկ մազապուրծ է եղել անխուսափելի թվացող քաղաքական կործանումից: Այս անգամ, սակայն, Վրաստանի արմատական ընդդիմությունը խիստ վճռական է տրամադրված: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930