Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐԱՆԱԼ

Նոյեմբեր 11,2003 00:00

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐԱՆԱԼ Այսօր, հավանաբար, ավարտվելու են պաշտպանական ճառերը «Հոկտեմբերի 27» քրեական գործի վիճաբանությունների փուլում երեկ պաշտպանական ճառով հանդես եկան ամբաստանյալներ Կարեն Հունանյանի պաշտպան Համլետ Ավետիսյանը եւ Էդիկ Գրիգորյանի պաշտպան Կարո Աղաջանյանը։ Համլետ Ավետիսյանը ցավակցեց «99թ. դեպքի հետեւանքով» զոհվածների հարազատներին եւ իր ամբողջ ճառը կառուցեց ամբաստանյալների կողմից անհրաժեշտ պաշտպանության դիմելու գործողությունների հետ։ Նրա կարծիքով, ամբաստանյալները գնացել են ԱԺ՝ «աղքատությունից, սովից, արտագաղթից ժողովրդին փրկելու վեհ գաղափարներով զինված»։ Ենթատեքստում նա մեղադրեց զոհվածներին՝ ասելով, որ գործել է բումերանգի օրենքը եւ որ «իշխանավորները պարտավոր էին կանխատեսել, որ ժողովրդի հաշվին հարստացման, գործազրկության, պաշտոնատար անձանց կողմից կատարված սպանությունները ընդվզում էին առաջացնելու»։ Ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի պաշտպան Կարո Աղաջանյանը գտնում էր, որ իր պաշտպանյալի՝ ուղղակի դիտավորությունը հանցանք կատարելու մասով չի հաստատվել եւ չի կարելի խիստ պատիժ կիրառել իր պաշտպանյալի նկատմամբ, քանի որ նախկինում նա արատավորված չի եղել, դատված չի եղել, ունի 2 անչափահաս երեխա, սրտի բնածին արատ եւ դատարանից պահանջեց հումանիստական դատավճիռ։ Ամբաստանյալ Կարեն Հունանյանը վերջնագիր ներկայացրեց, ասելով, որ «չեմ ճառի, մինչեւ իմ օրինական պահանջները չկատարվեն»։ Նկատի ուներ պնդումները (իբրեւ թե իր նկատմամբ կիրառված բռնությունների արդյունք են)։ Ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը մասնակի իրեն մեղավոր ճանաչեց, գտնելով, որ կառավարության հրաժարական պահանջելը անհրաժեշտ էր, սակայն մարդկային զոհերի առումով համաձայն չի եղել սպանություններին։ Նա ասաց, որ չկա որեւէ ցուցմունք, որով պարզվեր, թե ինքը տեղյակ է եղել սպանություններին։ Նախկին բժիշկը հավաստիացրեց, որ իր գործողությունները եղել են կազմակերպված, որի շնորհիվ ավելի քիչ սպանություններ են եղել։ Նա ասաց, որ իր էմոցիաները ոչինչ են այն վիճակի համեմատ, որ ստեղծվել է իր երեխաների համար եւ հիշեց, որ Մուշեղ Սաղաթելյանը Շեյթան անունով մեկին ուղարկել է իրենց տուն՝ երեխաներին առեւանգելու համար եւ այդ մեղադրանքը պաշտպանել է մեղադրող Կորյուն Փիլոյանը։ Ամբաստանյալ Համլետ Ստեփանյանը հրաժարվեց ճառից, ասելով. «Չեմ պատրաստվում պաշտպանվել իմ դեմ արված անօրինական մեղադրանքից»։ Աշոտ Կնյազյանը կմկմալով կարդաց. «Հույս ունեի, որ մեղադրողները կղեկավարվեին օրենքով եւ իմ արարքի համար կդատապարտվեմ։ Իմ վրա վկայություն չտվեցին, թե ես ոչնչացրել եմ գույքը, ազատությունից զրկել պատգամավորներին։ Իմ օգտին են խոսում ցուցմունքները»։ Սակայն մինչեւ վերջ իր ճառը չկարողացավ ընթերցել։ Ամբաստանյալ Վռամ Գալստյանը հայտնեց, որ ինքը ԱԺ դահլիճ է մտել «ինքնաբերաբար», իրեն ոչ ոք չի ասել, որ կանգնի վերջին դռան մոտ, որ կազմակերպված ոչինչ չի եղել։ Վ. Գալստյանը դատարանից պահանջեց իր կատարած արարքների չափով նշանակել պատիժ, իսկ Արմենակ Արմենակյանի սպանության հետ կապված (փաստաբան Աշոտ Սարգսյանը գտնում է, որ հենց ինքն է սպանել Արմենակյանին) հայտարարեց, որ՝ ըստ վկայի ցուցմունքի, երրորդ կրակոցը պառկած վիճակում է կատարվել։ «Եթե հավատանք, որ պառկած վիճակում է կրակել, պետք է հայտնաբերվեր գնդակը, թե ինչ զենքից է։ Ով որ սպանել է՝ թող կրի պատիժ»։ Ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը երեկ ժամը 15.25-ից սկսեց իր ճառը, սակայն ժ. 17-ին այն ընդհատեց տեխնիկական պատճառներով՝ լույսերն էին թույլ, խոսափողն անջատվում էր։ Սակայն այդ ընթացքում փորձեց նսեմացնել նախաքննությամբ եւ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, ասելով, որ դրանք իրավական կշիռ չունեն։ Ըստ նրա, հոկտեմբերի 28-ից հետո ահաբեկչությունը ծառայել է քաղաքական շահերի։ Ամբաստանյալը փորձեց մանեւրել՝ խոսելով անջատված մասից նա ասաց, որ 2-3 նիստերը մեկ, դատավարության բոլոր մասնակիցները բախվել են անջատված մասի հարուցած խոչընդոտների հետ։ Ամբաստանյալը գտնում է, որ իրենց վերագրած՝ իշխանությունը զավթելու, թուլացնելու, քայքայելու մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը, որ իրենց նպատակը չի եղել իշխանություն զավթելը։ Ըստ Ն. Հունանյանի, նրանք ուզում էին, որ ժողովուրդը տեր կանգներ իր իշխանությանը, «որը իրենցից խլվել էր կեղծ եւ բռնի ընտրություններով եւ յուրացվել էր»։ Նա ասաց, որ ոչ ոք խոստովանելու քաջություն չի ունեցել՝ իշխանությունը յուրացնելու գործընթացի գլուխ կանգնած էր Վազգեն Սարգսյանը։ Այսօր Ն. Հունանյանը կշարունակի իր քաղաքական ելույթը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930