Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթ՝ «խթանիչ» մրցանակներով

Նոյեմբեր 11,2003 00:00

Մրցույթ՝ «խթանիչ» մրցանակներով Երեկ Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության դահլիճում ամփոփվեցին երիտասարդ ստեղծագործողների մրցույթի արդյունքները, որոնք անց էին կացվում «Բրիթենի օրերը Հայաստանում» փառատոնի շրջանակներում։ Մրցույթի ժյուրին ղեկավարում էր կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, որ բավական մեծ ընդմիջումից (Ռոբերտ Ամիրխանյանի ԿՄ նախագահ նշանակվելուց) հետո առաջին անգամ էր մտնում ԿՄ դահլիճ։ «Վերջին անգամ ե՞րբ եք եղել այս դահլիճում» հարցին ի պատասխան՝ պարոն Միրզոյանը ժպտաց, այնուհետեւ ավելացրեց. «Ձեր ինչ բանն է»։ Նա կարդաց հաղթողների անունները (Արթուր Ավանեսով, Արամ Հովհաննիսյան, Դավիթ Բալասանյան, Արթուր Ակշելյան, Ալիսա Սարգսյան, Աննա Հակոբջանյան), որոնց մրցանակները սահմանել էր «World vision» ընկերությունը։ Ի դեպ, առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը կիսել էին վերը նշված մասնակիցները, կար նաեւ 6 խրախուսական մրցանակ։ Հաղթողներին ներկայացնելուց բացի, Էդ. Միրզոյանը համբուրում էր նրանց այտը, որին հետեւում էին Ստեփան Ռոստոմյանի 2-ական համբույրները, այնուհետեւ՝ պատվոգրի հանձնումը։ Ստեփան Ռոստոմյանը տեղը տեղին ինքն իրեն ներկայացնելուց հետո («Ես Ստեփան Ռոստոմյանն եմ, Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի ղեկավարը, նաեւ՝ պրոֆեսոր») խոսեց մրցույթի մասին։ Ասաց, որ մասնակցել է 20 հոգի՝ 18-30 տարեկան շնորհալի երիտասարդներ, մրցույթն էլ անցել է եվրոպական ամենաբարձր չափանիշներով։ «Առավոտի» հարցին՝ «Մրցույթի կազմակերպումը առաջի՞ն համագործակցությունն է Կոմպոզիտորների միության հետ», պարոն Ռոստոմյանը պատասխանեց. «Սա համագործակցություն չէ, որովհետեւ բոլորս էլ պրոֆեսիոնալ կոմպոզիտորներ ենք, ԿՄ անդամներ։ Սա մեր բոլորի միջոցառումն է»։ Հետաքրքիր է, որ նա վերջերս՝ ԿՄ համագումարի նախաշեմին ավելի հաճախ է շեշտում իր՝ Կոմպոզիտորների միության անդամ լինելը։ Ըստ ամենայնի, Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի կազմակերպած միջոցառումներն այս տարի քարոզարշավային նպատակ են հետապնդում, քանի որ Ստ. Ռոստոմյանը չի էլ թաքցնում ԿՄ նախագահ դառնալու իր հավակնությունները։ Ժյուրիի անդամ, կոմպոզիտոր Արամ Սաթյանն էլ կարեւորեց նման մրցույթների անցկացումը, հույս հայտնելով, որ առաջիկայում «վիճակը կբարելավվի, միությունը կգործի նախկինի նման, մեր շնորհալի երիտասարդներն էլ ստիպված չեն գնա արտասահմաններում աշխատելու»։ «World vision»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեյվիդ Թոմսոնը, իր հասցեին Ստեփան Ռոստոմյանի հնչեցրած ջերմ խոսքերից հետո գովեց հայ շնորհալի երիտասարդներին, ասելով. «Մրցանակները գուցե կնպաստեն երիտասարդների ապագա զարգացմանն ու ստեղծագործական աճին»։ Հիշեցնենք, որ առաջին տեղի համար սահմանված մրցանակը ընդամենը 300 դոլար էր, որը կիսել էին երկու հոգի, իսկ խրախուսականը՝ 40 դոլար։ «Առավոտի»՝ «Մի՞թե 150 դոլարը բավարար է երիտասարդ կատարողի ստեղծագործական աճը խթանելու համար» հարցից պարոն Թոմսոնը նեղացավ։ «Կան շատ ավելի կարիքավոր ոլորտներ, որտեղ էլ ուղղվում են մեր օգնություններն ու զարգացման ծրագրերը։ Գուցե առաջիկայում կարողանանք մրցանակների չափն ավելացնել»,- հույս հայտնեց նա։ ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել