Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՏԻԵԶԵՐԱՆԱՎԸ ԳԵՐՄԱՆԻԱ ՉԹՌԱՎ

Նոյեմբեր 15,2003 00:00

ՄԵՐ ՏԻԵԶԵՐԱՆԱՎԸ ԳԵՐՄԱՆԻԱ ՉԹՌԱՎ Այն բազմամաս պատմությունը, որ երեկ ներկայացրեց իր հրավիրած ասուլիսի ժամանակ Նորայր Սարգսյանը՝ Նյու-Յորքի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամը, արժանի էր հոլիվուդյան սցենարիստների ուշադրությանը: Պրոֆեսոր Դոուել «2002 թ. նոյեմբերի 24-ին, ժամը 23.30 րոպեին Սեւանա լճի հարավ-արեւելյան մասում, Գիլլիի չորացած տարածության մացառներում տեղադրված «Կայուշա» շարժական «միկրո» տիեզերակայա նից գլխավոր կոնստրուկտոր, ակադեմիկոս Ն.Սարգսյանի կողմից ղեկավարվող գիտնականների եւ ինժեներների խումբը կատարեց 1275կգ քաշով գիտահետազոտական արբանյակի արձակումը դեպի տիեզերական տարածություն»,- սա նախաբանն է «Հայաստանը դուրս եկավ տիեզերական տարածություն» հաղորդագրությունից, որ տարածել է ակադեմիկոսը: Ն. Սարգսյանը հայտնաբերել է էներգիայի ալտերնատիվ աղբյուր. անմիջապես գրավիտացիայից ստացվող էներգիան էժան է եւ մատչելի: Սակայն գիտնականը չի կարողացել իր այդ գիտական հայտնագործությունը պատենտավորել, քանի որ մեր օրենսդրությամբ չի նախատեսվում նման բան: Շտիրլիցը ճանաչեց Մյուլլերին Մինչ մերոնք գլխի չեն ընկնում պատենտավորել դարի հայտնագործությունը, Ն.Սարգսյանի մոտ հայտնվում են երկու երիտասարդ՝ մեկը Գերմանիայում բնակվող Տիգրան Մարգարյանը, մյուսը՝ վերջինիս հայաստանցի ընկերը: Այս երկուսը հանձն են առնում գնորդ գտնել Սարգսյանի հայտնագործած տեխնոլոգիայի համար: Հայտնվում է ոմն «միլիոնատեր գերմանացի»՝ Բուգոսլավսկի ֆոն Գեորգ Էդուարդ: Վերջինս պատրաստվում է գնել Նորայր Սարգսյանի հայտնագործության տեխնոլոգիան, սակայն մեր գիտնականը միամիտ մարդ չէր: Նա, հրավիրելով գերմանացուն «ուտել-խմելու», վերջինիս «քեֆը լավանալու պահին» պարզում է, որ ֆոն Գեորգը ոչ թե միլիոնատեր է, այլ «գերմանական տնտեսական հետախուզական ծառայության գնդապետ», որը նախկինում աշխատել է ՆԱՏՕ-ի հետախուզական բաժնում: Լրտեսին բացահայտելուց հետո, գիտնականը հրաժարվում է նրան վաճառել իր հայտնաբերածը՝ «վռնդեցի երեքին էլ»: Հետաքննությունը վարում են գիտակները Բայց քանի որ գերմանական լրտեսի հայազգի գործակալները մեծ փողեր էին ծախսել՝ գերմանացուն տանել-բերելով, նաեւ ակադեմիկոսին քանիցս Ուկրաինա տանելով (ըստ ամենայնի՝ նրա հայտնագործության իսկությունը ստուգելու նպատակով), նրանք չէին կարող համակերպվել այն մտքին, որ այդ գումարները (ակադեմիկոսի հաշվարկով՝ շուրջ $40 հազար) ջուրն են գցել: Եվ դիմում են իրենց ծանոթին՝ «քաղաքային ոստիկանության հետաքննության բաժնի պետ մայոր Ստեփանյանին», որը կանչում է Սարգսյանին, համոզում, թե՝ «տուր տեխնոլոգիադ տղաներին, թող տանեն վաճառեն, իրենք էլ կապրեն, դու էլ, մենք էլ»: Ակադեմիկոսը չի համաձայնվում: Սկսվում են հալածանքները: Գործը հասնում է նրան, որ օգոստոսին Արաբկիրի ոստիկանությունից մի տաս-տասնհինգհոգանոց խումբ գալիս է, եւ «բերման ենթարկում» հաշմանդամ, սայլակի մեջ գտնվող գիտնականին: Նրան մեղադրում են Քրօրի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «խարդախության մեջ»: Իբր, նա Տ. Մարգարյանից խարդախությամբ փող է կորզել՝ 100 հազար դոլար, որը հետո դարձել է 50 հազար: Մեկ ամիս պահում են մեկուսարանում: Սեպտեմբերի 3-ին վերաքննիչ դատարանը գտնում է, որ գիտնականի կալանքն անօրինական էր, եւ նրան ազատում են: Կտա՝ս: Չե՝մ տա Նոյեմբերի 25-ին Արաբկիրի դատարանում կլսվի այս բազմասերիանոց գործի հերթական մասը: Վերոհիշյալ Տիգրան Մարգարյանը եւ նրա ընկերը պիտի դատարանի միջոցով պահանջեն իրենց ծախսած գումարները, որոնք իբր պարտք են տվել Սարգսյանին: Նորայր Սարգսյանը հրավիրում է դատարան, որպեսզի հասարակությունը համոզվի, որ իր դեմ որեւէ ապացույց չկա, քանի որ ինքը ոչ մի ստացական չի տվել, իսկ պայմանագրում, որ կապել է այդ տղաների հետ, նշված է, որ եթե միջնորդները գնորդ գտնեն, իր հայտնագործության վաճառքի 40%-ը կտրվի միջնորդներին: Այնինչ, նրանց գտածը ոչ թե միջնորդ էր, այլ՝ լրտես: Ավարտելով լրտեսական թեման , նշենք, որ ասուլիսին ներկա էին մի քանի անծանոթ ու կասկածելի դեմքեր: Գոնե մեզ՝ շպիոնական սերիալից ազդված լրագրողներիս այդպես թվաց: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել