Լրահոս
Օրվա լրահոսը

«27»-Ի ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Նոյեմբեր 15,2003 00:00
Դատավոր Սամվել Ուզունյանը մտավ խորհրդակցական սենյակ
«Հոկտեմբերի 27» քրեական գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանը խոստացել էր երկու ժամում ավարտել իր վերջին խոսքը։ Ակնհայտորեն, նա երեկ ուզում էր հրաժարվել այդ մտադրությունից՝ պաշտպանական ճառը «սաղացնելով» դատարանի վրա իբրեւ վերջին խոսք։ Ամբաստանյալը եւս մեկ անգամ կրկնեց, որ այս դատարանում ոչ ոք չի կարողացել ապացույցները հիմնավորել եւ բացատրել թե իրենք՝ ահաբեկիչները, տնից դուրս գալով ինչպես հայտնվեցին ԱԺ նիստերի դահլիճում, թե ինչպես «ամեն բան մեկ րոպեի ընթացքում շուռ եկավ»։ Նա այն վարկածն առաջ քաշեց, թե Վազգեն Սարգսյանի սպանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա փորձել է խլել Կարենի ինքնաձիգը։ Սակայն, ըստ ավագ ահաբեկչի, դատարանում «ով ինչ ասել է՝ Կարենը համաձայնվել է» եւ նորից փորձեց ապացուցուցել, որ չի եղել դիտավորություն՝ որեւէ մեկին սպանելու համար։ Ամբաստնյալը վերջին խոսքի «ժանրին» համապատասխան իր ելույթին հուզական երանգ էլ խառնեց, ասելով. «Հավիտենական մի ճշմարտություն կա, որ մեր երկրում ինչքան արդարություն կա, էդքան էլ՝ արդարադատություն։ Եվ քանի որ արդարություն չկա, արդարադատությունը հրաշքի նման կլինի»։ Սակայն դրանից հետո Ն. Հունանյանը փորձեց օգտագործել իր, թերեւս, վերջին շանսը: Նա վկայակոչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355 հոդվածի 1-ին կետը, այն է՝ «ամբաստանյալի վերջին խոսքի ժամանակ նրան հարցեր տալ չի թույլատրվում»։ Դա հիմք ընդունելով ամբաստանյալը հայտնեց, որ այս գործից անջատված մասով հարցաքննվելու համար ինքը դիմել է զինդատախազության քննչական խմբի ղեկավար Արտակ Հարությունյանին, պնդելով, թե «կարեւոր ասելիք ունեմ»։ Այստեղ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Սամվել Ուզունյանը ընդհատեց ամբաստանյալին, հարցնելով. «Ի՞նչ կապ ունի Արտակ Հարությունյանը այս գործի հետ»։ Ամբաստանյալը պատճառաբանեց, թե ինքը նոր հանգամանքների մասին է խոսում եւ պնդեց, որ շարունակելու է խոսել այդ մասին։ Դատավոր Ս. Ուզունյանն էլ իր հերթին առաջնորդվեց վերոնշյալ հոդված 355-ի 2-րդ մասով, այն է՝ «նախագահողն իրավունք ունի ամբաստանյալին ընդհատել, եթե նա շոշափում է գործի հետ ակնհայտորեն առնչություն չունեցող հանգամանքներ»։ Սակայն Ն. Հունանյանը որը պաշտպանական ճառի 4 օրերի ընթացքում փորձել էր քաղաքակիրթ երեւալ, այս անգամ դարձավ ագրեսիվ եւ փորձեց հերոսանալ հեռուստախցիկների առաջ: Դատավոր Ուզունյանը «ամոթանք» տվեց ամբաստանյալին, ասելով. «Ձեր կողքին նստածներն այլ կերպ ընկալեցին եւ օգտվեցին վերջին խոսքի իրավունքից։ Ձեզ մոտ ուրիշ է։ Կոչ եմ անում օգտվել վերջին խոսքի հնարավորությունից»։ Ամբաստանյալը համառորեն ուզում էր հրապարակել ժամանակին հանրապետության նախագահին ուղղված իր դիմումը, որտեղ պահանջ էր դրել դատաքննությունը սկսելու մասին։ Խոսքն այն փուլի մասին էր, երբ դատավոր Ուզունյանը, պաշտոնական վարկածի համաձայն, առողջական վիճակի հետ կապված, հայտնվել էր հիվանդանոցում։ Ըստ ամենայնի, այդ դիմումը գործի նոր հանգամանք չէր։ Որքան ընդհատում էր Հունանյանին դատավորը, նա շարունակում էր նույն կետից, նույն դիմումի մասին խոսել, ինչն ակնհայտորեն զայրացրեց դատավորին, որն ասաց. «Մնում էր ձեզ տեսակցության բերեին ինձ մոտ»։ Մեղադրող Կորյուն Փիլոյանը տեղից բղավեց. «Դիմումները հրապարակելու փուլ չէ»։ Իսկ դատավոր Ուզունյանը, ընդհատելով ամբաստանյալի հերթական փորձը, ասաց, որ թույլ չի տալու հրապարակել այն փաստաթղթերը, որոնք դատարանում չեն հետազոտվել։ Ամբաստանյալին վերջին խոսքի դարձյալ մեկ հնարավորություն ընձեռվեց։ Դատավորը 15 րոպե դադար տվեց, որպեսզի Ն.Հունանյանը կողմնորոշվի եւ ասի վերջին խոսքը։ Սակայն նույն սցենարը կրկնվեց դադարից հետո էլ եւ դատավորը ստիպված էր ասել. «Եթե փորձելու եք ահաբեկչության գործ քննող դատավորին ահաբեկել՝ չեմ հանդուրժի»։ Ամբաստանյալի մի քանի անհաջող փորձերը՝ շարունակել հանրապետության նախագահին ուղղված դիմումների հրապարակումը, պատճառ դարձավ, որ դատարանը ավարտված համարի վերջին խոսքը եւ մտնի խորհրդակցական սենյակ։ 2001թ. փետրվարի 15-ից սկսված «Հոկտեմբերի 27» գործով դատավարությունն ավարտվեց։ Սպասենք դատավճռին։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930