Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենահետաքրքիրը վերջնամասն է

Նոյեմբեր 15,2003 00:00

Ամենահետաքրքիրը վերջնամասն է Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրը կկայանա նոյեմբերի 18-ին, իսկ դրանից չորս օր հետո կանցկացվեն հետաձգված 25-րդ տուրի հանդիպումները։ Իսկ երեկ 27-րդ տուրում հանրապետության այս տարվա չեմպիոնն ու արծաթե մեդալակիրը տարան հերթական հաղթանակները։ «Փյունիկը» հինգ անպատասխան գնդակ անցկացրեց «Լեռնագործի» դարպասը, իսկ «Բանանցը» հանրապետական ստադիոնում 2։0 հաշվով հաղթեց «Դինամո 2000»-ին։ Սակայն տուրի կենտրոնական խաղը կայացավ Ոսկեհատում, որտեղ Աշտարակի «Միկան» ընդունեց Գյումրիի «Շիրակին»։ Այս երկու թիմերը դեռ միմյանց միջեւ չեն պարզել բրոնզե մեդալի ճակատագիրը։ Այնպես որ, այս հանդիպումը կարող էր վերջնական պարզություն մտցնել պայքարում։ Սակայն տեղի ունեցավ հակառակը։ Ամեն ինչ ավելի խճճվեց։ Երկու թիմերին էլ հաղթանակ էր հարկավոր։ Բայց որպես միջանկյալ արդյունք, գյումրեցիներին միանգամայն կբավարարեր նաեւ ոչ-ոքին, քանի որ այդ դեպքում երեք միավորի տարբերությունը կպահպանվեր։ Սակայն ճակատագիրը երեկ ավելի բարեհաճ էր «Միկայի» հանդեպ։ Առաջին խաղակեսում կարմիր քարտի արժանացավ եւ դաշտից հեռացվեց հյուրերից Կարեն Խաչատրյանը։ Ու դա էլ ճակատագրական եղավ «Շիրակի» համար։ Մնալով տասը ֆուտբոլիստով՝ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում ընթացող գյումրեցիներն ի վիճակի չեղան իրենց դարպասն անառիկ պահել։ Հանդիպման ելքը, փաստորեն, վճռվեց ընդմիջումից հետո, այն էլ՝ մեկ րոպեի ընթացքում։ 53-րդ րոպեին Ալեքսեյ Դավիդովը բացեց հաշիվը, իսկ Արտյոմ Ադամյանն այն կրկնապատկեց, երբ ժամացույցի վայրկենաչափը դեռ չէր հասցրել մեկ լրիվ պտույտ կատարել։ Դաշտի տերերը խաղավարտից երեք րոպե առաջ եւս մեկ անգամ հաջողության հասան։ Կրկին աչքի ընկավ Արտյոմ Ադամյանը։ Այժմ «Շիրակն» ու «Միկան» ունեն հավասար՝ 47-ական միավոր։ Իսկ դա նշանակում է, որ երրորդ տեղի համար պայքարը էլ ավելի է սրվում առաջնության վերջնամասում։ Մնացած երկու տուրերում թիմերի մրցակիցներից դատելով, ավելի նպաստավոր են թվում «Շիրակի» հնարավորությունները։ Վերջին երկու խաղերը գյումրեցիներն անցկացնելու են սեփական հարկի տակ, այն էլ հետնապահների՝ «Կոտայքի» ու «Լեռնագործի» հետ։ Իսկ «Միկային» դեռ նոր, ավելի լուրջ փորձություն է սպասվում ի դեմս Հայաստանի բազմակի ու հիմա էլ գործող չեմպիոն «Փյունիկի», որն, ինչպես հայտնի է, միշտ էլ սկզբունքային վերաբերմունք ունի իր բոլոր մրցակիցների հանդեպ։ Այնպես որ, «Միկա»-«Փյունիկ» խաղը կարող է վերջնական հստակություն մտցնել մրցաշարային աղյուսակում, որն այսօրվա դրությամբ այսպիսի տեսք ունի։ Փյունիկ 26 22 4 0 82-10 70 Բանանց 26 19 3 4 77-14 60 Շիրակ 26 15 2 9 54-33 47 Միկա 26 14 5 7 46-28 47 Կոտայք 26 8 7 11 29-49 31 Դինամո 26 5 3 18 16-65 18 Լեռնագործ 26 3 6 17 19-59 15 Արաքս 26 2 2 22 14-79 8 ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել