Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕՐԵՆՔ»

Նոյեմբեր 19,2003 00:00

«ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕՐԵՆՔ» Այսպես բնութագրեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագիծն Արշակ Սադոյանը, որն անհրաժեշտ է համարում այս ոլորտում կարգավորումը, բայց նաեւ գտնում է, որ այս նախագծով օրինականացվում են ուժայինների կամայականությունները: Անգամ այս օրինագիծը ներկայացնող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին երբ հարցրինք, թե երբեւէ ունեցե՞լ է կասկածներ, որ իր նկատմամբ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այն է՝ արտաքին կամ ներքին դիտում է կատարվում, վերահսկվում նամակագրությունը եւ լսվում են իր հեռախոսային խոսակցությունները՝ էլի չկարողացավ լիովին բացառել: Քանի որ ինչպես պարզ դարձավ վերջերս անգամ Հայաստանի կապի ոլորտի մենատերն է ձայնագրում մեր հեռախոսային խոսակցությունները: «ԱրմենՏելն» այն մարմինների շարքում չէ, որոնք այս օրենքի համաձայն՝ իրավունք ունեն իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն: Այդ իրավասություններն ունեին ազգային անվտանգության մարմիններն ու ոստիկանությունը, իսկ այժմ նրանց միանում են նաեւ հարկային, մաքսային ու քրեակատարողական ծառայությունները: Երեկ քննարկման ընթացքում Արամ Գ. Սարգսյանն ուշադրություն հրավիրեց օրինագծի այն դրույթի վրա, ըստ որի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացվում են ՀՀ հասարակական, ազգային, տնտեսական անվտանգությանը սպառնացող գործողությունների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու համար: «Ո՞վ է որոշելու չափանիշները»,- հարցնում էր նա, քաղաքական հետախուզման փորձն աչքի առջեւ ունենալով՝ պնդելով, թե կարելի է իրականացնել ցանկացած գործողություն եւ հետո պնդել, թե այն սպառնում էր հասարակական անվտանգությանը: Օրինագծով նախատեսվում են մի շարք սահմանափակումներ: Ասենք, արգելվում է «գաղտնի կերպով մասնակցել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կուսակցությունների եւ այլ կազմակերպությունների գործունեությանը՝ այդ գործունեության բնույթի վրա ազդեցություն գործելու նպատակով»: «Առավոտի» հարցին՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ օրենքի ընդունումից հետո ԱԱԾ-ն հետ է կանչելու կուսակցություններում առկա իր ազդեցության գործակալներին, քանի որ նրանց գործունեությունն այլեւս ապօրինի կլինի՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես վստահ չեմ, որ այսօր կան ազդեցության գործակալներ, որոնց նպատակն է ազդել կուսակցության կամ նշված այլ մարմինների քաղաքականության վրա: Ուստի, կարծում եմ՝ որեւէ խնդիր չի առաջանա: Այնուամենայնիվ, սահմանափակումը շատ հստակ է, որպեսզի երբեւէ չառաջանա նման գայթակղություն»: Օրինագծի 11 հոդվածի համաձայն՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը ներգրավել պատգամավորների, նախարարների, դատավորների, դատախազների, ԱԱԾ-ի, ոստիկանության, զինված ուժերի» աշխատակիցների: «Արդարության» քարտուղար Վիկտոր Դալլաքյանի առաջարկը ընդունվեց եւ այս ցանկում ներառվեցին նաեւ ՍԴ անդամները: Սակայն Դավիթ Հարությունյանը ոչ մի կերպ չհամաձայնեց, որ չհավաքագրվողների մեջ լինեն նաեւ եկեղեցականները: «Այսինքն՝ կաթողիկոսին ե՞ւս կարելի է ներգրավել հետախուզական գործունեության մեջ»,- ենթադրեց պատգամավորը: Նախարարը հաստատեց այդ տեսական հնարավորությունը՝ միակ պայման դիտելով, որ համագործակցությունը լինի կամավորության սկզբունքով: Ըստ նրա՝ որպես գործակալ օգտագործվելու սահմանափակում չկա նաեւ ՀՀ նախագահի եւ վարչապետի համար: Օրինագիծը հատկապես խնդրահարույց դիտվեց մի շարք, ըստ պրն Դալլաքյանի որակման, հակասահմանադրական դրույթների պատճառով: Սահմանադրության 20 հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ»: Մինչդեռ այս օրինագծի 13 հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ ներքին (այսինքն, բնակարանում) դիտումը եւ կապի միջոցներից տեղեկությունների դուրս բերումը կարող է իրականացվել «առանց դատարանի որոշման, եթե դիտարկվողներից, բնակարանի, շենքի, շինության եւ տրանսպորտային միջոցի տերերից, կամ կապի տեխնիկական ուղիներն ու միջոցներն օգտագործողներից մեկը» նախապես տվել է համաձայնություն: Առանց դատարանի որոշման կարող են վերահսկել նաեւ նամակագրությունը եւ լսել հեռախոսը, եթե «հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել»: Օրինագծի համաձայն՝ այն անձինք, ովքեր տեղեկություններ ունեն իրենց նկատմամբ հետախուզական միջոցառումների իրականացման մասին՝ «իրավունք ունեն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջել համապատասխան նյութեր իրենց վերաբերյալ ստացված տեղեկությունների մասին»: Այնպես որ՝ հենց ընդունվի այս օրենքը, մարդիկ, որոնք հիմնավոր կասկածներ ունեն, թե իրենց հեռախոսը գաղտնալսվում է՝ իրավունք ունեն բացատրություններ պահանջել ԱԱԾ տնօրեն Կառլոս Պետրոսյանից: Իսկ մինչ այդ՝ ձեզ զուսպ պահեք, կարող է ձեզ հետեւում են: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել