Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ

Նոյեմբեր 27,2003 00:00

ԱՄՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ Երեւանյան լճի ափին կառուցվող ամերիկյան դեսպանատան նոր համալիրը պատրաստ կլինի եկող տարի այս օրերին։ Դեսպանատան աշխատակիցներն այստեղ կտեղափոխվեն 2005-ի գարնանը, իսկ հին շենքը կվաճառվի։ «Տարածքն ամերիկյան չափանիշներով գրավում է 22 հեկտար (մերով՝ 9 հա- Ռ. Ա.) եւ սա ամենամեծ տարածքն է, որի վրա երբեւէ կառուցվել է ամերիկյան դեսպանատուն, որովհետեւ մեր ստանդարտներով 10-12 հա-ն նորմալ է (հայկականով՝ 5 հա- Ռ.Ա.)»,- երեկ համալիրում կատարած շրջայցի ժամանակ տեղեկացրեց դեսպան Ջոն Օրդուեյը։ Տարածքի մեծությունը պատճառաբանվեց տեղանքի անհարթությամբ. դեպի լիճ իջնող զառիթափ լանջն ամերիկացիները վերցրել են միայն անվտանգություն ապահովելու նպատակով, իսկ շինությունները շատ մեծ տարածք չեն զբաղեցնում։ Ընդ որում, դրանք ծառայելու են միայն որպես աշխատատեղ, իսկ աշխատակիցների բնակության համար տեղ չի նախատեսված։ Մեր հարցին, թե «անվտանգության բոլոր ցուցանիշներով կառուցվող նոր շենքում ավելի նպատակահարմար չէ՞ բնակվելը, քան հարմարեցված տներում», դեսպան Օրդուեյն ասաց. «Անձնապես ես գտնում եմ, որ շատ ավելի լավ է ապրել աշխատավայրից դուրս, բացի այդ՝ ԱՄՆ պետքարտուղարության նախագծով, այս տարածքում բնակավայր չի նախատեսվում»։ Կառույցի աշխատողների բանվորական մասում հայերից, ֆիլիպինցիներից եւ այլազգիներից բացի, կան նաեւ 65 թուրք շինարարներ։ Դեսպանը դա բացատրեց նրանով, որ «շինարարական աշխատանքներն իրականացնող «Ջեյ-Էյ-Ջոնս» ընկերությունն ինքն է նրանց բերել Թուրքիայից, որտեղ նույն այդ բանվորներն աշխատել են Ստամբուլի ամերիկյան դեսպանատան կառուցման ժամանակ եւ վերապատրաստված մասնագետներ են»։ Ի դեպ, հայ շինարարներին նույնպես վերապատրաստել են՝ մինչեւ աշխատանքը սկսելը, բայց նրանք վարձատրվում են անհամեմատ քիչ, քան իրենց այլազգի գործընկերները։ Դեսպանը դա համարում է բնական, որովհետեւ յուրաքանչյուրը վարձատրվում է ըստ իր երկրի աշխատանքի շուկայում ընդունված միջին գների։ Վարձատրության չափերը չհրապարակվեցին, որովհետեւ համարվում են կոմերցիոն գաղտնիք։ Ավելացնենք, որ 99 տարով տարածքը վարձակալելու նախնական պայմանագիրը վերանայվել է եւ կնքվել նոր պայմանագիր, որով 9 հեկտարը դարձել է ԱՄՆ սեփականությունը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930