Լրահոս
Օրվա լրահոսը

Հուզականից մինչեւ սեռական

Դեկտեմբեր 04,2003 00:00

Հուզականից մինչեւ սեռական Բռնությունը հայ ընտանիքի անբաժանելի մասն է Երեկ Ամերիկայի հայկական համագումարի հասարակական կազմակերպությունների կենտրոնում տեղի ունեցած «ՀԿ-ները ընդդեմ կանանց եւ երեխաների հանդեպ բռնության» թեմայով քննարկումն առնչվում էր կանանց եւ երեխաների նկատմամբ կիրառվող բռնության մշակութային, ազգային եւ տարածաշրջանային ասպեկտներին, ընկանեկան բռնությանը եւ տրաֆիկինգին։ «Ակունք» էթնոսոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Միհրան Գալստյանի ներկայացմամբ, առաջին տեղում է ծնողների եւ երեխաների միջեւ հուզական կապի բացակայությունը, որը հետագայում լուրջ հետեւանքներ է ունենում երեխաների համար։ Երկրորդ տեղում պրն Գալստյանը դասեց հոգեբանական բռնությունների ձեւը, որը դրսեւորվում է դիտողությունների, անընդհատ մեղադրանքների, սպառնալիքների, հայհոյանքների ձեւով։ Հոգեբանական բռնությունները, Մ. Գալստյանի խոսքերով, հայկական ընտանիքներում ամենաբարձր տոկոսն են կազմում՝ շուրջ 70։ Բռնության հաջորդ ձեւը ֆիզիկականն է՝ ծեծ, ապտակ, տարբեր իրերով հարվածելը, որը տարածված է հայ ընտանիքներում։ «Եվ չի ընկալվում, որ դա լուրջ հոգեբանական հետեւանքներ կարող է ունենալ երեխաների համար։ Ֆիզիկական բռնությունը փակ շղթա է։ Այն ընտանիքներում, որտեղ ծնողների նկատմամբ իրենց ծնողների կողմից կատարվել է բռնություն, նրանք դա համարում են սովորական երեւույթ եւ կիրառում են իրենց երեխաների հանդեպ»,- համոզված է Մ. Գալստյանը։ Վերջինիս ներկայացմամբ, հաջորդը սեռական բռնության ձեւն է։ Մասնագետները համոզված են, որ բռնության բոլոր տեսակները սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետեւանք են։ Գործազրկությունը, ընտանիքների ցածր կենսամակարդակը բարձրացնում են ռիսկային գործոնը եւ ընտանիքի որոշակի անդամներ, ըստ Մ. Գալստյանի, դառնում են քավության նոխազ։ «Հույս եւ օգնություն» ՀԿ-ի ղեկավար Նորա Մնացականյանի ներկայացմամբ, կանանց նկատմամբ բռնության դրսեւորումներից մեկն էլ տրաֆիկինգն (մարդկանց առեւտուր) է, ինչի առկայությունը մեր երկրում եւս բացատրվում է տնտեսական վիճակի վատթարացումով։ «Հույս եւ օգնությունը» վերջին 4 տարիներին անցկացրել է սոցիոլոգիական հետազոտություններ եւ պարզել է, որ տրաֆիկինգով զբաղվում են Բագրատաշեն-Սադախլո մերձսահմանային տարածքներում։ Տրաֆիկինգը կանխարգելելու նպատակով «Հույս եւ օգնությունը» տպագրել է «Ճանապարհ դեպի ստրկություն» վերնագրով գրքույկ եւ բաժանել է սահմանամերձ շրջանների բնակիչներին։ Գրքույկում մանրամասն ինֆորմացիա է տրվում, թե ինչ է սպասվում մեկնողներին կամ, եթե արդեն արտերկրում են, ինչ քայլեր պետք է ձեռնարկեն անելանելի վիճակից դուրս գալու եւ վերադառնալու համար։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031