Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարենը կատակով սպանեց Արայիկին»

Դեկտեմբեր 04,2003 00:00

«Կարենը կատակով սպանեց Արայիկին» «Անզգույշ սպանություն» հրամանատարի զենքով, հրամանատարի սենյակում Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում լսվեց Վայքի N զորամասում հրազենային կրակոցից սպանված Արայիկ Ավետիսյանի գործը։ Սպանվածը ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո մեկուկես տարի ծառայել է որպես վերոնշյալ զորամասի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի դասակի հրամանատար։ Սպանության մեջ մեղադրվող Կարեն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը ընտրվել է ոչ թե կալանքը, այլ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին։ Սպանությունը տեղի է ունեցել գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանի աշխատասենյակում, նրա իսկ զենքով։ Երեկ դատարան էր ներկայացել նախկին զինծառայող Կարեն Բարսեղյանը, 8-ամյա կրթությամբ, 1982թ. ծնված, գործազուրկ։ Այս վկայի նկատմամբ դատարանը երկու անգամ բերման որոշում էր կայացրել։ Դատավոր Ռեհանյանը զգուշացրեց վկային ցուցմունքներ տալ ճշմարիտ եւ հանգամանորեն, եւ ինչպես պարզվեց Կ. Բարսեղյանի հետագա ցուցմունքներից, այդ զգուշացումն ավելորդ չէր։ Վկան մի շնչով նկարագրեց, որ դեպքի օրը՝ 2001թ. հոկտեմբերի 30-ին գումարտակում սափրվելիս է եղել, երբ լսել է ամբաստանյալի ձայնը՝ «խփեցի, խփեցի»։ Տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վլադիմիր Յավրումյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախաքննության ժամանակ Կ. Բարսեղյանը չի նշել որեւէ անուն եւ հանկարծ դեպքից տարիուկես անց դատարանում հայտնեց, որ լսել է ամբաստանյալ Կարեն Սարգսյանի ձայնը։ Վկան անվրդով պատասխանեց, որ նոր է հիշել։ Մեղադրող Ոսկանյանը փորձեց ճշտել, թե ինչ է լսել դեպքի հետ կապված, վկան պատասխանեց, որ լսել է. «Կարենը միամիտ բարձրացել է վերեւ, միամիտ, կատակով սպանել»։ Նախաքննության մարմնին վկան տվել էր այսպիսի ցուցմունք. «Պոնչոն կրակել է Արայիկի վրա ու սպանել՝ շտաբի սենյակում»։ Փաստաբանը փորձեց ճշտել, թե ո՞ր ցուցմունքն է այս դրվագով պնդում վկան. 2002թ. սեպտեմբերի 3-ին ԶԴ-ում տված ցուցմո՞ւնքը, թե՞ դատարանում տվածը։ Վերջին հաշվով «կատակո՞վ էր, միամի՞տ էր» տեղի ունեցել սպանությունը, թե՞ դիտավորությամբ։ Վկան նույնքան անխռով պատասխանեց. «Երկու ձեւով էլ ասել եմ»։ Նա դատավոր Ռեհանյանի հարցին՝ թե ո՞ւմ զենքով է կրակել ամբաստանյալը, պատասխանեց, որ գումարտակի հրամանատարի՝ Մհեր Ստեփանյանի։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ, ըստ վկայի, հրամանատարը գումարտակում մշտապես ման է եկել առանց զենքի։ Կրակոցից հետո նկարագրելով իրավիճակը, Կ. Բարսեղյանն ասաց, որ հրամանատարին՝ Ստեփանյանին, տեսել էր կրակոցից 20 րոպե հետո, դռան մոտ։ Մինչդեռ նախաքննության ժամանակ նա ցուցմունք էր տվել, որ հրամանատարին տեսել էր միայն առավոտյան։ Դատավորին Տաշիրի, Էջմիածնի, Մերձավանի, Գյումրիի ոստիկանությունից գրություն էին ուղարկել վկաների հետ կապված, որ նրանք բացակայում են բնակության վայրից։ Մեղադրողն առաջարկում էր, որ ձեռք բերված ապացույցներով բավարարվի դատարանը եւ հրապարակի այն վկաների ցուցմունքները, որոնք չեն ներկայացել դատարան։ Սակայն դատարանը հակված էր ապահովել 4 վկաների ներկայությունը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031